Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահի դրությամբ պարոն Փաշինյանն ասում է այն, ինչ մենք ենք պնդում մշտապես»

Հուլիս 23,2018 14:00

Դավիթ Բաբայանը՝ ԼՂ հակամարտության կարգավորման
վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին

Երեկ կառավարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց՝ Արցախի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար, բացառվում է:

Նիկոլ Փաշինյանի՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարություններից հետո ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը գրառում կատարեց. «Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել Ստեփանակերտում մայիսի 9-ին հնչեցրած կոշտ ձեւակերպումները բանակցային ձեւաչափի փոփոխության հետ կապված եւ գործընթացը վերադարձնում նախկինում եղած հունին՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու պատրաստակամություն, կարգավորման սցենարի քննարկումից առաջ վստահության մթնոլորտի վերականգնման եւ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ եւ լիարժեք կատարման (Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Ժնեւ) անհրաժեշտություն, Ղարաբաղի ժողովրդի որոշիչ ձայնի իրավունք կարգավորման համապատասխան փուլում»:

Այս առիթով ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նկատեց. «Վարչապետ Փաշինյանն ինքը հստակ նշել է, որ առանց Արցախի հնարավոր չէ կարգավորել հակամարտությունը, իսկ թե ինչ ձեւով է տեղի ունենալու, նոր իշխանություններն ի սկզբանե հայտարարել են, որ հետամուտ են լինելու ձեւաչափի վերականգնման: Այդ քաղաքականությունը վարվել է նաեւ նախկինում: Սա դժվար խնդիր է լինելու, քանի որ Ադրբեջանն ըստ ամենայնի խոչընդոտելու է դրան, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի հրաժարվենք այդ գաղափարախոսությունից եւ չփորձենք լիարժեք ձեւաչափով վերականգնել: Դա պահանջելու է քրտնաջան աշխատանք եւ երկար տարիների ջանքեր: Դա այս տեսանկյունից չի փոխվել»:
Նիկոլ Փաշինյանը, ինչպես նախկինում Սերժ Սարգսյանը, կրկին բարձրացրեց փոխզիջման հարց: Պարոն Փաշինյանը հայտարարեց. «Երբ ասում ենք՝ փոխզիջումային տարբերակ, դա նշանակում է, որ կա երկու կողմ, որը պատրաստ է որոշակի փոխզիջումների: Ես ուզում եմ հասկանանք՝ ինչո՞ւ ենք մենք ուզում քննարկել մեր պատրաստակամությունը փոխզիջման գնալու, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալ փոխզիջման։ Երբ որ մենք ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը նույնպես հակված է փոխզիջման, մենք այդ ժամանակ կքննարկենք, ընդ որում՝ ոչ թե կառավարության մակարդակով, ազգովի կփորձենք հասկանալ, թե փոխզիջման ի՞նչ սահման մեզ համար գոյություն ունի: Ես բացառում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար։ Հայաստանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կարող է այդպես լուծել հարցը, չի կարող, եթե նույնիսկ շատ ուզենա»:
Պարոն Բաբայանն այս առիթով նշեց. «Մենք միշտ ասել ենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը չպետք է դիտարկել որպես հողային, տարածքային խնդիր: Կա ոչ թե հողերի խնդիր, այլ սահմանների հարց, եւ այդ խնդիրը հրատապ է մինչ այսօր: Մենք էլ ունենք սահմանների հետ կապված բազում հարցեր: Միայն այնպես չէ, որ պիտի դիտարկենք Ադրբեջանի տեսլականը եւ դա ներկայացնենք որպես վերջնական»:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո հանդիպել է նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, օրեր առաջ հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, պարոն Բաբայանը դրական է համարում:

Ըստ նրա՝ քաղաքական կոնսուլտացիաները միայն Արցախյան հարցով չեն եզրափակվի. միգուցե այդ հանդիպումները նպատակ են դնելու ներքաղաքական հարցերի շուրջ քննարկումների: Ըստ Դավիթ Բաբայանի՝ սա ընդունված պրակտիկա է. հին նախագահների ակումբ կա, մեկ-մեկ հավաքվում են: Իհարկե, ըստ պարոն Բաբայանի՝ արդյունավետությունը ժամանակը ցույց կտա, բայց կառուցողական երկխոսությունը դեռ որեւէ մեկին չի խանգարել:

Մեր այն դիտարկմանը՝ մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե մենք խոսում ենք Արցախի հարցի վերջնական կարգավորման մասին, ուրեմն Արցախը պետք է ներգրավված լինի, մյուս կողմից էլ՝ նշում, թե սա չի նշանակում, որ մենք չենք կարող խոսել ընդհանրապես, եւ հարցին՝ այստեղ հակասություն չկա՞, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «ՀՀ-ն ստիպված է մի շարք առումներով բանակցել Ադրբեջանի հետ: ՀՀ-ն էլ Ադրբեջանի հետ ունի խնդիրներ: Կան լուրջ հարցեր նաեւ այստեղ, օրինակ՝ Արծվաշենի խնդիրը: ՀՀ-ն պաշտոնապես հակամարտության կողմերից մեկն է, եւ այդ ձեւաչափն ընդունվել է Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ, բայց, կրկնում եմ, ինքը նաեւ հայտարարել է, որ պետք է աշխատել, որ Արցախը որպես լիարժեք բանակցային կողմ վերականգնվի, ինչը ճիշտ է, բայց ժամանակ է պահանջում: Բայց դադարեցնել բանակցությունները միայն նրա համար, որ Ադրբեջանը հրաժարվում է վերականգնել լիարժեք ձեւաչափը, ճիշտ չէ»:
Հետաքրքրվեցինք՝ կա՞ մի հայտարարություն, մոտեցում ԼՂ հակամարտության հետ կապված, որի առիթով համամիտ չէ ՀՀ վարչապետի հետ, պարոն Բաբայանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ պարոն Փաշինյանն ասում է այն, ինչ մենք ենք պնդում մշտապես. ձեւաչափի վերականգնում, չկա վերադարձ անցյալին, պետք է Ադրբեջանը հրաժարվի իր հռետորաբանությունից ու ֆաշիստական գաղափարախոսությունից»:
Մեր այն դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն էլ խոսեց փոխզիջումներից, ինչի վերաբերյալ նախորդ իշխանություններից հասարակությունը լուրջ դժգոհություն ուներ, պարոն Բաբայանն արձագանքեց. «Ի՞նչ ենք մենք դիտարկում որպես զիջում: Մեր հասարակության մեջ դա լավ չի ընկալվում: Նախեւառաջ չի կարող լինել միակողմանի որեւէ զիջում, դա բացառված է: Բայց պետք է նախեւառաջ վերականգնվի լիարժեք ձեւաչափը բանակցային գործընթացի, պետք է կողմերը խոսեն: Իսկ խոսելն անմիջապես զիջումներից սկսել, այն էլ՝ միակողմանի զիջումներից, երբեւէ չի լինի, պետք է երկխոսություն հաստատել, հետո խոսել, տարբեր հարցեր քննարկել, եւ տեսնենք՝ ինչպես ենք գալիս ընդհանուր հայտարարի»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

21.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031