Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդամենը 32 հազար է էդ պունկցիան, բայց նախարարությունը մերժեց, հիմա սպասեմ ամուսնուս մահվա՞նը»

Հուլիս 23,2018 13:30

Տարեց ամուսինները փոքր թոշակով են ապրում. հիվանդ ամուսնու հետազոտությունը պետպատվերի ցանկում չկա

«Ամուսինս մահանում է, 71 տարեկան է, չի կարողանում շնչել, վատ է, բայց առողջապահության նախարարությունը չի ուզում օգնել, ասում է՝ մենք ոչինչ չենք կարող անել»,- «Առավոտին» պատմեց 71-ամյա Վասիլի Հովհաննիսյանի կինը՝ Սվետլանա Հովհաննիսյանը: Տիկինն ասաց, որ ամուսինը 1-ին կարգի հաշմանդամ է, առողջական մի շարք խնդիրներ ունի, վերջերս էլ բժիշկները նրա վահանաձեւ գեղձի վրա նորագոյացություն են հայտնաբերել: Բայց որպեսզի պարզեն՝ այն բարորակ է, թե չարորակ, նախ պետք է դրանից մասնիկ վերցնեն ու հետազոտեն, ինչից էլ կախված կլինի բժշկական հետագա միջամտությունը:

«Ընդամենը մի հատ պունկցիա պիտի անեն: Դա արժե 32 հազար դրամ, եթե մենք բարձր թոշակ ստանայինք, օգնություն չէինք խնդրի պետությունից: Թոշակը 42 հազար դրամ է, հիմա ասեք՝ դրանով ո՞նց ապրենք, էլ ուր մնաց թե էդ պունկցիայի կամ դեղերի համար հերիքացնենք»,- նեղսրտած ու վրդովված ասաց տիկին Սվետլանան:
«2 ամիս է՝ դռնեդուռ եմ ընկած: Մի անգամ ընդունեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Պատմեցի, հետո Խաչատրյանն ասաց՝ լավ, կզանգեմ կիմանամ, թե որտեղ կարող են պետպատվերով պունկցիան անել, ու խոստացավ, որ իրենք կզանգեն ինձ, տեղյակ կպահեն: Էդպես էլ չզանգեցին: Ախր ճիշտ հասկացեք, երբ չգիտես՝ մարդու մոտ չարորակ ուռուցք է, թե բարորակ, լուր իմանալու համար մի ժամն էլ կարեւոր է: Ահագին սպասեցի, չզանգեցին, վերջը ես զանգեցի նախարարություն, ու ասացին, որ ոչ մի տեղ էդ պունկցիան պետպատվերով չեն անում, դուք պիտի վճարեք: Է, որ վճարող լինեինք, ձեզ խի՞ էինք դիմում»,- պատմեց տիկին Սվետլանան:

Այս առնչությամբ առողջապահության նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան վստահեցրին՝ Սվետլանա Հովհաննիսյանը Վասիլի Հովհաննիսյանի համար ընդունելությանը մասնակցել է հուլիսի 3-ին, սակայն նախարարությունը չի կարող նրա խնդրանք-դիմումին ընդառաջ գնալ. «Քաղաքացին մերժվել է, քանի որ իմունոհիստոքիմիական հետազոտությունը ընդգրկված չէ ՀՀ առողջապահության նախարարի 20.09.2013թ. հրամանով հաստատված «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման չափորոշիչով սահմանված ցանկը հաստատելու մասին» թիվ 53-Ն հրամանի հավելված 2-ի ցանկում եւ բնակչության բոլոր խմբերի համար կատարվում է վճարովի հիմունքներով»:

Նախարարության այս պատասխանը կրկին վրդովեցրեց տիկին Սվետլանային. «Ուրեմն հեղափոխությունից հետո միայն վարչապետն է փոխվել, էլի նույն համակարգն է, նույն կարգերն ու անարդար որոշումները: Դե ուրեմն 1-ին կարգի թոշակառու հաշմանդամ մարդուն այնքան թոշակ տվեք, որ ձեզ չդիմի: Եթե էդ պունկցիան ցանկում չկա, ու կարիքավոր մարդն ա դիմում, մեռնելու վրա է, ի՞նչ անի քաղաքացին, մեռնի՞: Ամուսինս Ալցհեյմերի հիվանդություն ունի, որովայնին մշտական կատետր է դրված, սրտի խնդիր ունի, կաթված է ունեցել: Հիմա էլ գոյացությունը, զոռով է շնչում, մինչեւ էստեղ-էնտեղ ընկնեմ՝ մարդը կմեռնի: Լավ, բա ես ի՞նչ անեմ, ձեռքերս ծալած նստեմ, մինչեւ ամուսնուս մահը գա՞: Փոխեք էդ ձեր անարդար օրենքները: Մեր ստացած թոշակով հազիվ հասցնում ենք մեր դեղերն առնենք, ընդ որում, իրենց տված պետպատվերով դեղերը ոչ էլ օգնում են, «խլամ» դեղեր են տալիս ճնշման համար: Ես էլ 2-րդ կարգի հաշմանդամ եմ, չեմ կարող աշխատել, էս տարիքում որտեղ աշխատեմ, որ էդ պունկցիայի փողը ստանամ»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

21.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031