Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ լիցենզավորման գործակալության պետը` դպրոցների լիցենզիաների, մարզերի տխուր վիճակի մասին

Հուլիս 23,2018 12:43

Aravot.am-ը ԿԳ նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանից հետաքրքրվեց, թե Հայաստանի Հանրապետության դպրոցներից քանի՞սն ունի տարրական կրթություն իրականացնելու լիցենզիա: Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել նման դպրոցների վերաբերյալ ու ծնողներին կոչ արել անպայման հետաքրքրվել դպրոցների լիցենզիաներով:

«Մենք մեկ ամիս առաջ շրջաբերական ենք ուղարկել բոլոր մարզպետներին եւ Երեւան քաղաքապետին, որպեսզի ամբողջական պատկերն ունենանք: Այս պահին մեզ մոտ եղածը միայն այն դպրոցների թիվն է, որոնք դիմել են լիցենզիա ստանալու համար: Իսկ որոնք չեն դիմել, լիցենզավորման գործակալությունն իրավունք էլ չունի պահանջել, թե եկեք լիցենզավորվեք: Ուղղակի այդ հարցը ամեն տարի բարձրացրել ենք ԿԳ նախարարների առաջ, եւ նախարարները գրություններ են ուղարկել համապատասխան կառույցների ղեկավարներին, որ դիմեն լիցենզավորման համար: Այժմ ունենք որոշակի պատկեր, որը մոտավոր է, բայց վերլուծության ենթակա»,-ասաց պարոն Մովսիսյանը:

«Ամենատխուր վիճակը Տավուշի եւ Շիրակի մարզերում է, մոտավորապես 15-20 դպրոցներ չունեն տարրականի լիցենզիա, նաեւ հիմնական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա չունեն, որոշները միջնակարգի էլ չունեն: Օրինակ, Շիրակի մարզի դպրոցների թիվը 164 է, այդ թվից 17-ը տարրականի լիցենզիա չունի, մոտավորապես նույնքան էլ հիմնականի լիցենզիա չունի: Ինչո՞վ է դա պայմանավորված ` անշարժ գույքի կադաստրի վկայականի խնդիր ունեն: Այդ վկայականն իրենց անունով չէ, մինչդեռ օրենքն ասում է, որ օգտագործողի անունով պետք է լինի: Շենքային խնդիրները բխում են կադաստրային խնդիրներից, դրանք պետք է լուծվեն, որպեսզի մենք կարողանանք շենքի մակերեսից ելնելով իր անվամբ համապատասխան փաստաթուղթը հաշվարկելով` տրամադրել լիցենզիա: Դիմել են, մերժել ենք` նշված պատճառով: Նույն վիճակը Տավուշում է»,- ասաց գործակալության պետը:

«Հանրապետությունում լիցենզավորման գործընթացը դպրոցների համար 2005 թ.-ից է սկսվել, տարրականի լիցենզավորումը սկսվել է 2007-ից: Մինչ այդ, տարրականը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չէր: Երբ դարձավ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, բոլորին համապատասխան շրջաբերական գնաց: Այն ժամանակ ԿԳ նախարարի հետ գրաֆիկ, ժամանակացույց կազմեցինք` ըստ մարզերի, թե որ մարզը երբ պետք է ներկայացնի: Տավուշի մարզը ամենավերջում էր ընկած, եւ մինչեւ հիմա դեռ շարունակում է դիմել լիցենզավորման` տարրական եւ հիմնական կրթություն իրականացնելու համար: Մի քանի անգամ դիմել են, մերժել ենք հայտնի պատճառներով: Ընդունենք, որ Տավուշի մարզում 32 դպրոց տարրականով եւ հիմնականով լիցենզիա չունի, բայց բոլորը դիմել են` ստանալու համար, սակայն որը չի բավարարել պահանջներին, մերժել ենք: Մարզպետներին վարչապետի մակարդակով գրություն է ուղարկված, որ կարգավորեն վիճակը, վկայականները փոխեն-սարքեն դպրոցների անունով, որպեսզի կարողանան հայտ ներկայացնել` լիցենզիա ստանալու համար: Մի խոսքով, այդ երկու մարզերում է պատկերը տխուր, մյուս մարզերում մեկական, երկուական դպրոց չունի համապատասխան լիցենզիա»,-հավելեց պարոն Մովսիսյանը:

Aravot.am-ի հարցին` այս տրամաբանության մեջ խնդիրը դիտարկելու դեպքում ստացվում է, որ բոլոր գյուղական, սահմանամերձ շրջանների դպրոցները պետք է փակվե՞ն, եթե չունեն լիցենզիա, լիցենզավորման գործակալության պետը պատասխանեց. «Ինչպե՞ս կարող է գյուղական պետական դպրոցը փակվել, ուղղակի մինչեւ 2009 թ. անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վկայականը այլ ձեւով էր բաշխվում, այլ ձեւով էր օրենքը լիցենզավորման, եւ երբ օրենքում փոփոխություն եղավ, հիմա վկայականը պետք է անպայման լինի տվյալ` ստացող իրավաբանական անձի անվամբ: Այսինք պետռեգիստրի վկայականը, որն իր անձնագիրն է, անունն է եւ անշարժ գույքի կադաստրի վկայականը այն տարածքն է, որի նկատմամբ ինքը օգտագործման իրավունք ունի: Այդ վկայականը պետք է լինի դպրոցի անունով: Ինձ թվում է` մոտ ժամանակներս սկսել են լուրջ ուշադրություն դարձնել հարցին: Երեւի մինչեւ հաջորդ ամսվա վերջերը խնդիրները կկարգավորվեն»:

Մեր հարցին` լիցենզիայի առկայությունը դպրոցներում ի՞նչ է փոխելու կրթության որակի առումով, մեր զրուցակիցը պատասխանեց. «Լիցենզիան ընդամենը գործունեություն իրականացնելու իրավունք է տալիս, եթե դա չունի, իրավունք էլ չունի այդ գործունեությամբ զբաղվել: Ի դեպ, բոլոր պետական դպրոցները նախկինում առանց դրա գործել են, հիմա փաստաթղթային կարգավորումների խնդիր կա, որ առաջիկայում կլուծվի»:

Իսկ ո՞վ է մեղավոր, որ հարցը ձգձգվել է, մեղքը դպրոցների՞նն է, թե կրթությունների վարչություններինը: «Դպրոցն ի՞նչ մեղք ունի, դպրոցները մարզերում ենթակա են մարզպետարաններին, Երեւանում` քաղաքապետարանին: Դա մարզպետարանների եւ Երեւանի քաղաքապետարանի կարգադրությունների եւ հետեւողականության խնդիրն է: Այժմ ինչ-ինչ աշխատանքների արդյունքում, օրինակ, Երեւանում ընդամենը 3 դպրոց է մնացել, որ դեռեւս լիցենզիա չունի, անընդհատ դիմում են, մերժում ենք, քանի որ վկայականների խնդիր կա»,-պատասխանեց Մովսիսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում` Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Թլիկ գյուղի դպրոցը:

Լուսանկարները` «Հետքի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031