Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Բ Հայրապետը խոսեց հայապահպանության, հայեցի դաստիարակության, ինչպես նաև մատաղ սերնդի մեջ աստվածսիրություն և հայրենասիրություն սերմանելու կարևորության մասին

Հուլիս 23,2018 12:31

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց սփյուռքահայ ուսուցիչների հետ

 Հուլիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպեց աշխարհի 15 երկրներից Հայաստան ժամանած 62  սփյուռքահայ ուսուցիչների հետ, ովքեր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի նախաձեռնությամբ Հայաստանում մասնակցում են վերապատրաստման մեկամսյա դասընթացների:

Տիար Ռուբեն Միրզախանյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը սփյուռքահայ ուսուցիչներին, վերջիններիս ներկայացրեց Վեհափառ Հայրապետի գործունեությունը կրթական ոլորտում` դրա լավագույն վկայությունները նկատելով հիմնված հոգևոր կրթական և հանրակրթական հաստատությունները: Պրն. Միրզախանյանը տեղեկացրեց նաև, որ համալսարանի մի շարք ուսանողներ իրենց փորձառության շրջանը անցկացնում են Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցում:

Այնուհետև ուսուցիչներին իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մեծապես կարևորելով համալսարանի և ՀՀ պատկան կառույցների կարևորագույն այս նախաձեռնությունը: Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ տարեցտարի Հայաստան ժամանող սփյուռքահայ ուսուցիչների թիվը մեծանում է:

Բարձրորեն գնահատելով սփյուռքահայ ուսուցիչների նախանձախնդրությունը` Վեհափառ Հայրապետը շեշտեց, որ մանկավարժները կարևոր պատասխանատվություն են կրում այսօրվա և գալիք սերունդների  դաստիարակության ու կրթության համար: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ այցը Հայաստան և մասնակցությունը դասընթացին նորանոր լիցքեր կհաղորդի նրանց` նոր ուժով և ավյունով շարունակելու ուսուցչական իրենց բարդ ու դժվարին առաքելությունը:

Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետն անդրադարձավ նաև Սփյուռքի առջև ծառացած արդի մարտահրավերներին՝ մասնավորապես խոսելով հայապահպանության, հայեցի դաստիարակության, ինչպես նաև մատաղ սերնդի մեջ  աստվածսիրություն և հայրենասիրություն սերմանելու կարևորության մասին: Մարտահրավերների հաղթահարման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց համագործակցությունը եկեղեցական կառույցների և ազգային կրթական հաստատությունների միջև:

Այս առիթով Նորին Սրբությունը ներկաներին տեղեկացրեց «Գարեգին Ա» կրթական կենտրոնում Մայր Աթոռի կողմից Հայ Եկեղեցու քահանաների համար նախաձեռնված վերապատրաստման դասընթացների մասին` հավելելով, որ առաջիկա տարի նախատեսվում է կազմակերպել վերապատրաստման դասընթացներ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուսուցիչների համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Սփյուռքում գործող հայկական դպրոցների և մայրենիի պահպանման խնդիրներին:

Վերջում Վեհափառ Հայրապետը մանկավարժներին մաղթեց Աստծո օրհնությունն ու պահպանությունը իրենց սրբազան առաքելության իրականացման գործում:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031