Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ «Ելք» դաշինքն ու Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկայում սպասվելիք Երեւանի քաղաքապետի ընտրություններին կմասնակցեն միասին, իսկ արտահերթ ԱԺ ընտրություններին՝ առանձին: «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր նա նշեց՝ «Ելք» դաշինքի մասը կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ընդգծված արեւմտամետներ են. «Նրանք երբեք չեն հրաժարվի արեւմտամետությունից: Չեմ կարծում, որ Փաշինյանը կգնա ռուսներին ավելորդ անգամ «կարմիր քարտ» ցույց տալու ճանապարհով, որովհետեւ եթե ընտրություններին մասնակցի «Ելք» դաշինքով, ցույց կտա, որ գնում են ընդգծված արեւմտամետ քաղաքականությամբ: Այդպես ռուսների հետ վերջին ամիսների բանակցությունները ջուրը կգնան»:
Կարեն Քոչարյանը համոզված է, որ ԱԺ ընտրություններից հետո «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները կարող են խորհրդարանական կոալիցիա կազմել. «Ընտրություններում ՔՊ-ն կհավաքի անհրաժեշտ ձայներ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի գործոնը կա: «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն եղել իշխանական կառույցներ եւ այդքան ռեսուրսներ չունեն, բայց կարող են եւ բավականին ձայներ հավաքել: Նրանք, միաժամանակ, չունեն Փաշինյանի պես ռեսուրսներ՝ մարդկային, վարկանիշային, ադմինիստրատիվ, բայց ասել, որ շանս չունեն, չի կարելի: Իրենց շանսերն ավելի շատ են, քան մնացածինը»:
Փորձագետի խոսքով՝ այդ երկու կուսակցությունները կարող են Զարուհի Փոստանջյանից ավելի շատ ձայներ հավաքել. «Ժամանակը գա՝ կտեսնեք»: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի վարկանիշին, Կարեն Քոչարյանի գնահատմամբ՝ այն բավականին շատ ցածր է:
https://www.facebook.com/aravot.am/videos/2094035740614930/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ