Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիգարխին պատկանող ընկերության պատճառով քաղաքացին զրկվել էր իրենից հարկադիր կարգով վերցված սեփականության դիմաց փոխհատուցումից

Հուլիս 23,2018 12:30

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը, դատավոր Կարեն Մաթեւոսյանի նախագահությամբ, դատավորներ Կարինե Բաղդասարյանի եւ Կարեն Ավետիսյանի, նախորդ օրը մասնակի բավարարել է Արթուր Գրիգորյանի եւ Հակոբ Սաֆարյանի վերաքննիչ բողոքը: ՀՀ վարչական դատարանը 2017 թ. սեպտեմբերի 1-ին մերժել էր հայցվոր կողմին, որը 13 տարի առաջ դարձել էր պետական կարիքների զոհերից:

Լյուբով Փիլոյանի սեփականությունն է եղել Երեւանի Արամի փողոցի թիվ 38 հասցեի 332,6 քմ մակերեսով հողամասը, որն ուղղակի վաճառքով նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի օրոք օտարվել էր օլիգարխ Արա Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Սոգլասիե-Արմենիա» ՍՊ ընկերությանը (ընկերության հիմնադիրը Արա Աբրահամյանի եղբայրն էր՝ Սերգեյ Աբրահամյանը: Դատական գործընթացից հետո պարզեցինք, որ Սերգեյի մասնակցությունը դադարեցված է, ՍՊ ընկերությունը փոխարինվել է փակ բաժնետիրական ընկերությունով-Ռ.Մ.):
Հողամասը Լյուբով Փիլոյանին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա դեռեւս 2005 թ. հատկացվել է որպես փոխհատուցում՝ նրանից պետական կարիքների համար վերցված սեփականության դիմաց: Երվանդ Զախարյանը հետագայում այդ հողամասն իր որոշումներով հանձնել էր կրկին «Սոգլասիե-Արմենիա» ընկերությանը, Լ. Փիլոյանը զրկվել էր սեփականության դիմաց փոխհատուցումից:

Դատարանի որոշմամբ երրորդ կողմ էր ներգրավվել նաեւ ՀՀ կառավարությունը:

Երեւանի քաղաքապետի 2005թ. նոյեմբերի 25-ի թիվ 2594-Ա որոշման հիման վրա հայցվորին որպես նրանից պետական կարիքների համար վերցված սեփականության՝ Երեւանի Արամի փողոցի թիվ 38 հասցեում գտնված անշարժ գույքի 1/3 բաժնի դիմաց փոխհատուցում որոշվել էր նույն հասցեում կառուցապատման իրավունքով տրամադրել 332,6 քմ մակերեսով հողամաս։
Երեւանի քաղաքապետի եւ հայցվորի միջեւ կնքվել է «Երեւանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման նպատակով Հյուսիսային պողոտային հարակից օտարման գոտում հողամասի վարձակալության մասին» պայմանագիր, առանց նոտարական վավերացման: Դրանից բխող իրավունքների պետական գրանցում չի կատարվել, քանի որ Երեւանի քաղաքապետը հրաժարվել է այն կատարելուց: Ըստ գործում առկա Երեւանի քաղաքապետի 2006 թ. մարտի 16-ի թիվ 357-Ա որոշման, «չեղյալ» է ճանաչվել վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հաշտության համաձայնության հիմքում ընկած իր 2005 թ. նոյեմբերի 25-ի թիվ 2594-Ա որոշումը։
Երեւանի քաղաքապետը հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք է բերել վերաքննիչ դատարանի վճռի դեմ, խնդրել էր «ԵԿՆ ԾԻԳ» ՊՈԱԿ-ի եւ հայցվորի միջեւ կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու մասով բեկանել վերաքննիչ դատարանի 2005թ. նոյեմբերի 25-ի վճիռը եւ գործն այդ մասով ուղարկել նոր քննության։
Վճռաբեկ դատարանի 2006 թ. ապրիլի 21-ի որոշմամբ վերաքննիչ դատարանի բողոքարկված վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի բողոքն առանց բավարարման։

Երեւանի քաղաքապետը չի խաղաղվել, հետեւել է թիվ 623-Ա որոշումը, որով քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին եւ ԾԻԳ-ի տնօրենին հանձնարարել է Արամի փողոցի թիվ 38 հասցեում Լ.Փիլոյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը գնելու եւ իրացնելու հետ կապված աշխատանքների, գնային առաջարկների եւ փոխհատուցման տրամադրման հարցում փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում՝ դատական կարգով լուծել հայցվորին փոխհատուցում տրամադրելու եւ նրան տարածքից վտարելու հարցը։

Բազմաթիվ դատական գործընթացներից հետո, քաղաքացին դատի էր տվել նաեւ հարկադիր ծառայությանը, վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2008 թ. հոկտեմբերի 24-ի որոշմամբ նրա վերաքննիչ բողոքը բավարարվել է եւ ԴԱՀԿ ծառայության վրա դատական կարգով պարտականություն է դրվել կատարել Փիլոյանի եւ ԾԻԳ-ի միջեւ կնքված հաշտության համաձայնությունը կատարելու մասին վերաքննիչ դատարանի 2005 թ. դեկտեմբերի 16-ի վճիռը, իսկ նույն դատարանի 2006 թ. սեպտեմբերի 14-ի վճռի հիման վրա հարուցված կատարողական վարույթը կարճել՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2006 թ. ապրիլի 18-ի թիվ ՍԴՈ-630 որոշման ուժով։
Հարկադիր կատարողը հարկադրանքի որեւէ միջոց դարձյալ չէր ձեռնարկել:
Հայցվոր կողմի գնահատմամբ, ըստ էության «իրականացվել էր ՀՀ վարչական դատարանի կողմից ՎԴ/2085/05/12 վարչական գործով արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն, ինչը իրավական որոշակիության սկզբունքի խախտում է»։ Դատական քաշքշուկների փուլում, վերջապես, 2012 թ. փետրվարի 3-ին հայցվորին հայտնի է դարձել, որ դեռեւս 15.05.2008 թ. Երեւանի քաղաքապետն ընդունել է իր թիվ 2249-Ա որոշումը, որով վերը նշված դատական ակտերի հիման վրա իրեն հատկացման ենթակա հողամասը ներառել է նույն հասցեում գտնվող մնացած հողամասի մեջ եւ այդ ամբողջ հողամասը, որի ընդհանուր մակերեսը կազմել է 780,46 քմ, «ընդլայման» նպատակով որոշել է ուղղակի վաճառքի միջոցով օտարել «Սոգլասիե- Արմենիա» ՍՊԸ-ին՝ վերջինիս զբաղեցրած 10.000 քմ մակերեսով հողամասի վրա կառուցապատման ծրագիրն իրականացնելու համար։
Նշված որոշման հիման վրա էլ Երեւանի քաղաքապետարանի եւ «Սոգլասիե- Արմենիա» ՍՊԸ-ի միջեւ կնքվել է «Հողամասի ուղղակի վաճառքի մասին» պայմանագիր։ Արդյունքում, 780,46 քմ մակերեսով, ներառյալ՝ հայցվորին հատկացման ենթակա հողամասի նկատմամբ 2008 թ. հուլիսի 1-ին գրանցվել է «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը։
2012 թ. մարտի 27-ին հայցվորը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի եւ նշյալ ընկերության, խնդրելով մասնակի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա իրեն հատկացման ենթակա 332,6 քմ մակերեսով հողամասի մասով առ ոչինչ կամ անվավեր ճանաչել Երեւանի քաղաքապետի վերը նշված որոշումը, Երեւանի քաղաքապետարանի եւ «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ի միջեւ դրա հիման վրա կնքված պայմանագիրը եւ ՍՊԸ-ի անվամբ նշված հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-Ընկերության հիմնադիրը Արա Աբրահամյանի եղբայրն էր՝ Սերգեյ Աբրահամյանը: Դատական գործընթացից հետո պարզեցինք, որ Սերգեյի մասնակցությունը դադարեցված է, ՍՊ-ն փոխարինվել է Փակ բաժնետիրական ընկերությունով:

«Առավոտ»

21.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031