Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆաինա Ռանեւսկայան` «պոռնիկ» ճակատագրի ու միայնության մասին

Հուլիս 23,2018 12:00

Այսօր սոցցանցերի օգտատատերերը հաճախ են իրենց էջերում մեջբերումներ անում խորհրդային կինոյի ու թատրոնի լեգենդ Ֆաինա (Ֆելդման) Ռանեւսկայայից:
Նրա շատ մտքեր արդիական են: Արտիստուհին կյանքից հեռացել է ուղիղ 34 տարի առաջ, բայց նրանով հիացողների թիվը չի նվազել: Ռանեւսկայան հռչակվել էր ոչ միայն իր տաղանդի, այլեւ հումորի յուրօրինակ զգացողության շնորհիվ: Նրա անունը շրջանառվում էր անեկդոտիկ իրավիճակների մասին խոսելիս, որոնցում դերասանուհին հաճախ էր հայտնվում կամ գուցե հատուկ էր ստեղծում նման իրավիճակներ: Իրականում նրա կյանքում ժպտալու առիթները քիչ են եղել, կյանքն էլ՝ տառապանքով լեցուն: Ռանեւսկայան ողջ կյանքում մեն- մենակ էր, ու այդ ամենի պատճառն, իր կարծիքով, հենց ինքն էր, այդպես էր ճակատագրով վիճակված:

Նա ծնվել էր Տագանդոգում, հարուստ ֆաբրիկատերի ընտանիքում, մայրը Տոլստոյի ու Չեխովի գրականության սիրահարն է, նա ստիպում էր նրանց գրքերը կարդալ նաեւ դստերը; Մի առիթով Ռանեւսկայան գրել է, որ երբ տխրում էր, գիրք էր վերցնում ու գնում իրենց այգում կարդալու: Նաեւ հասկանում էր, թե ինչ ասել է մենակություն, ու այդպես անցավ իր մանկությունը:
Ռանեւսկայա կեղծանունն էլ Չեխովից է գալիս, նրա հայտնի «Բալի այգու» հերոսուհուց: Հետո դերասանուհին մտածել է, որ այդ կեղծանունը համապատասխանում է իրեն` ամեն ինչ ձեռքից գցելու իմաստով: Ընտանիքը ոչ միայն չէր խրախուսում թատրոնի հանդեպ նրա հետաքրքրությունը, այլեւ կտրականապես դեմ էր, որ թատրոնով զբաղվի: Այդ պատճառով էլ Ռանեւսկայան հեռացավ տնից եւ տեղափոխվեց Մոսկվա: Երբ 1917-ին նրա ընտանիքը լքում էր երկիրը, Ռանեւսկայան որոշեց մնալ: Նա երբեք սեփական ընտանիք չստեղծեց, չամուսնացավ ու երեխաներ չունեցավ: Դերասանուհին ասում էր, որ անձնական կյանքում անհաջողությունների պատճառը իր անսովոր արտաքինն էր ու թատրոնին իր ֆանատիկ նվիրվածությունը:
1960-ականներին արտասահմանից Ռանեւսկայայի մոտ տեղափոխվեց ամուսնուն կորցրած քույրը, որը ծանր հիվանդությունից հետո մահացավ, ու Ֆաինա Ռանեւսկայան կրկին մենակ մնաց:
Իր սիրային արկածների թեմայով նա երբեք չի «տարածվել», խոսել է միայն առաջին սիրո մասին, այն էլ հեգնանքով. «Մի անգամ ես հայտնվեցի գավառական թատրոնում, ու կատվի նման սիրահարվեցի գլխավոր գեղեցիկին: Այդ տղամարդն ասաց, որ կգա ինձ մոտ, ես գինի եւ մրգեր գնեցի, դիմափոշի քսեցի ու սպասեցի նրան: Իսկ նա ներխուժեց իմ տուն` հարբած, ինչ-որ գեղեցկուհու հետ գրկախառնված, ու առաջարկեց մի քիչ զբոսնել… Դա իմ առաջին ու վերջին սերն էր»:


Երբ մի անգամ դերասանուհուն հարցրել են, թե ինչ է սերը, նա պատասխանել է, որ արդեն չի էլ հիշում: Չնայած սարկազմին ու հումորի զգացողությանը, դերասանուհին նուրբ, անգամ խոցելի անհատականություն էր: Բոլոր նրանք, ովքեր դառնում էին Ռանեւսկայայի հումորի առարկան, չէին էլ կասկածում, որ դա նրա համար ինքնապաշտպանական բնազդից է գալիս: Ո՞վ կմտածեր, որ գիշերները դերասանուհին նման գրառումներ է կատարում. «Օրն ավարտվեց եւ ես էլի ոչ մեկի պետք չեմ…Եթե քո կյանքում կա մարդ, որին կարող ես պատմել քո երազները, ուրեմն դու չես կարող քեզ միայնակ համարել: Ցավոք, ես ոչ մեկի չեմ կարող պատմել իմ երազների մասին, իմ կյանքն այդպիսին է: Ես միայնակ եմ ու միայնակ կլինեմ մինչեւ կյանքիս վերջին օրը»:
Ֆաինա Ռանեւսկայան, ի տարբերություն անձնական կյանքի, կարծում էր, որ դերասանական կյանքում երջանիկ է եղել, դա համարել է մի քանի կյանք ապրելուն համարժեք: Մյուս կողմից էլ՝ նա իր տաղանդը համարում էր ոչ թե Աստծո պարգեւ, այլ անեծք: Երբ ամեն ներկայացումից հետո նա ստանում էր բազմաթիվ ծաղկեփնջեր ու ջերմիկ գրություններ, հոգոց էր հանում. «Այսքան սիրող կա, սակայն ոչ մի դեղատուն գնացող»:

Քանիցս առաջարկ է եղել ինքնակենսագրական գիրք գրելու: Ռանեւսկայան պատասխանել է, որ եթե իր մասին գրելու լիներ, ապա գիրքը խղճահարույց կլիներ ու այնտեղ ընդամենը մի տող կլիներ. «Ճակատագիրը պոռնիկ է»:

Ըստ kulturologia.ru-ի:

«Առավոտ»

20.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031