Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այլևս չի կարող լինել վերադարձ հնին

Հուլիս 23,2018 11:00

1996թ. փետրվար ամիսն էր: Սովորում էի ՀՀ պետական կառավարման դպրոցի առաջին կուրսում (այժմ այն կոչվում է ակադեմիա): Այդ օրվա դասախոսության թեման վերաբերում էր երկրում արտակարգ իրավիճակների կառավարման խնդիրներին: Դասախոսության ընթացքում, որը կարդում էր Ֆրանսիայից ժամանած մի գեներալ, անդրադարձավ նաև մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական և Հայաստանում տիրող բարոյահոգեբանական ու սոցիալ-տնտեսական իրավիճակին: Տեսնելով, որ գեներալը բավականին տեղեկացված է Հայաստանում ընթացող գործընթացներից, հարցրեցի. «Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է լինելու Հայաստանի ապագան»: «Լավ չի լինելու»,- պատասխանեց նա, մի պահ դադար տվեց և շարունակեց,- քանի դեռ ձեր համար պետականությունն ու ազգային արժանապատվությունը գերագույն արժեք չեն, դուք նյութապաշտ եք և փառասեր, ամեն առավոտ ձեր երկրում 3.5 միլիոն Բոնապարտ Նապոլեոն է արթնանում»: Այն ժամանակ ես վատ զգացի, բայց ոչինչ չասացի, հասկանալով, որ նրա ասածի մեջ կան ճշմարտության տարրեր: Անցան տարիներ, մենք ունեցանք հոկտեմբերի 27 ու մարտի 1, և գեներալի ասածը անընդհատ մտքիցս չէր հեռանում: Հիշելով հավի ու ձվի պատմությունը՝ ինձ անընդհատ հարց էի տալիս, մենք այսպիսին ենք եղել, դրա համար պետականություն չենք ունեցել, եթե պետականություն չենք ունեցել, դրա համար էլ այսպիսին ենք: Երբ կարդում ես մեկ ու կես հազարամյակ առաջ գրված Խորենացու «Ողբ»-ը, համոզվում ես, որ հավանաբար ճիշտն առաջինն է:
Խորենացին իր ժամանակաշրջանի Հայաստանում տիրող ներքին իրավիճակն է ներկայացրել «Ողբ»-ում, որտեղ արտացոլված է երկրի ու ժողովրդի տարբեր խավերում ու շերտերում տիրող բարոյահոգեբանական իրավիճակը։ Խորենացին նկարագրում է մի պառակտված, կեղծավոր, փառասեր, շահամոլ ու նյութապաշտ հասարակություն։ Կմտածե՞ր, արդյոք, Խորենացին, որ իրենից հետո մեկ ու կես հազարամյակ անց «Ողբ»-ը չի կորցնի իր արդիականությունը և ազատ ու ինքնիշխան Հայաստանում ապրող սերունդը զուգահեռներ կանցկացնի այսօրվա և 5-րդ դարի իրականության միջև: Հայ ժողովուրդն անկախ պետականության վերջին 20 տարիներին թերևս իր պատմության ամենաամոթալի ու խայտառակ ժամանակաշրջաններից մեկն ապրեց: Այդ տարիներին սեփական իշխանության կողմից հայ ազգը ենթարկվեց աննկարագրելի հալածանքների՝ ունեցանք հոկտեմբերի 27 և մարտի 1, երբ հայը հանուն սեփական շահի ու փառքի ձեռք բարձրացրեց՝ կրակեց հայոց պետականության ու հայ ժողովրդի վրա: Հարյուրհազարավոր մարդիկ սեփական իշխանությունների անմարդկային վերաբերմունքի արդյունքում դարձան գաղթական, հազարավոր մարդիկ ունեզրկվեցին, սպանվեցին տասնյակ մարդիկ, ստորացվեց մարդկանց պատիվն ու արժանապատվությունը, բռնաբարվեցին օրենքներն ու մարդկանց իրավունքը, հարյուրավոր մարդիկ հետապնդվեցին, հալածվեցին և դարձան քաղբանտարկյալներ, երկրում ձևավորվեց նախադեպը չունեցող անբարոյական ու անօրինական միջավայր և ստրկամտությունը, ստորաքարշությունը, լկտիությունը, քաղքենիությունը, քծնանքը, սուտ խոսելն ու քցելը մեր երկրում շատերի համար դարձան ապրելակերպի նորմ: Հանրային կյանքում ու իշխանական վերնախավում հաստատվեցին հանցագործ աշխարհի բարքերը՝ որպես հասարակական հարաբերությունների կարգավորման միջոց: Արդյունքում ունեցանք խեղաթյուրված արժեհամակարգ, բարոյական անկում, թշվառ ժողովուրդ՝ 30 տոկոս աղքատությամբ և քայքայված երկիր: Հայ ազգը իրեն նվաճողների կողմից անգամ երբևէ այսչափ չի կեղեքվել ու հալածվել, որքան սեփական իշխանության: Եվ պատահական չէ, որ այսօր շուրջ 100 հազար հայաստանցիներ ապրում և աշխատում են Թուրքիայում՝ իրենց ցեղասպանող երկրում և ավելի ապահով ու պաշտպանված էին զգում, քան իրենց երկրում:

Պարզապես ապշում ես, թե ինչպես կարող է հայը կողոպտել, ահաբեկել հային, զենք բարձրացնել հայի վրա, այդչափ ատել իր ցեղը, իր տեսակը, իր գենը: Իրավապահների՝ ընդամենը մի քանի օրվա ինտենսիվ աշխատանքը և նախկին համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի մի փոքր մասի խուզարկությունը պարզեցին, թե իրականում ինչ ծավալի թալան է կատարվել Հայաստանում: Երկրում ստեղծված իրավիճակի համար, սակայն, մեղավոր ենք բոլորս, ամեն ինչ մեր մեջ է և եթե չլիներ պարարտ հող, այս անօրինականությունները բնականաբար ծիլեր չէին տա: Այդ մենք ենք ծնել ու սնել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Մենք ենք հարյուրհազարներով քծնել, ընտրակաշառք վերցրել և կեղծել ընտրությունները կամ ցուցաբերել ենք քաղաքական ու քաղաքացիական անտարբերություն ու պասիվություն: Իշխանության վերարտադրության ապահովմանն էր լծված նաև պետական ապարատի, իրավապահ համակարգի, բանակի հրամանատարության ճնշող մեծամասնությունը: Այստեղից պետք է ենթադրել, որ խնդիրն ավելի բարդ է ու խորքային և գործ ունենք ոչ միայն մի քանի հարյուր անբարոյականի, այլ ազգի խեղաթյուրված արժեհամակարգի հետ: Հասարակություն, որ ընտրություններին թեկուզ մեկ ձայն է տալիս այն իշխանությանը, որի օրոք տեղի են ունեցել հոկտեմբերի 27 և մարտի 1, այդ հասարակությունը բարոյահոգեբանական լուրջ խնդիր ունի: Որպեսզի խուսափենք անցյալի կրկնությունից, իրավականից բացի, կարծում եմ՝ հաջորդ Ազգային ժողովում պետք է տրվի նաև նախկին իշխող կուսակցության ու կառավարության քաղաքական ու բարոյական գնահատականը: Ըստ էության Հայաստանում կատարվել է ծանր հանցագործություն՝ ուղղված պետությանն ու մարդկությանը: Պետք չէ վախենալ սեփական արատներն ու մոլորությունները բարձրաձայնելուց և իրերն իրենց անունով կոչելուց: Վերջապես մի օր ազգովի պետք է նստենք ու ինքներս մեզ հարց տանք, թե լինելով տաղանդավոր, կենսունակ, աշխատասեր, ձեռներեց, խիզախ ու մարտնչող ազգ, ինչու ենք 2000 տարի անընդհատ կորցնում և մնացել ենք մի կտոր հողի վրա մի բուռ ժողովուրդ, թե ինչու է հայը մատնում, հետապնդում, ահաբեկում, սպանում հային, որտեղ են դրա սոցիալ-հոգեբանական արմատները և ինչպես կարելի է արմատախիլ անել այն: Այսօր ոչ միայն պետք է անցյալի հետևանքները վերացնել, այլ առաջին հերթին՝ ծնող պատճառները: Ի դեպ, կայսրությունները ոչ մեկին նվեր չեն տրվել, այլ այն իրենք են նվաճել և եթե փոքր ենք ու քիչ, ապա այլ արտաքին գործոններից բացի, պատճառը նաև մեր մեջ պետք է փնտրել: Ունենալով չքնաղ բնություն, բերրի հող, արև և մաքուր ջուր, չենք կարողանում կերակրել սեփական արտադրության գյուղմթերքներով ընդամենը 2.5-3 միլիոն բնակչությանը: Մինչդեռ հրեաները ունեն ընդամենը 20 հազար քառակուսի կիլոմետր տարածք, որի 70 տոկոսը անապատ է, կերակրում են սեփական արտադրանքով շուրջ 8.5 միլիոն բնակչություն և մեծածավալ քանակի գյուղմթերքներ են արտահանում այլ երկրներ: Իսրայելի ՀՆԱ-ն 2017թ. կազմել է 350 միլիարդ, իսկ պետական բյուջեն 93 միլիարդ ԱՄՆ դոլար է: Համեմատության համար ասենք, որ Հայաստանի ՀՆԱ-ն ընդամենը շուրջ 12 միլիարդ է, իսկ բյուջեն 3 միլիարդ էլ չկա, մինչդեռ մենք նրանցից պակաս տաղանդավոր չենք: Հրեաներն էլ մեզ նման նույն ճակատագիրն ունեն՝ ցեղասպանված են և շրջապատված են ոչ բարեկամ երկրներով:

Երբ ուսումնասիրում ես զարգացած երկրների հաջողության ֆենոմենը, տեսնում ես, որ այն շատ պարզ է՝ օրինապաշտություն, հայրենասիրություն, աշխատասիրություն, կազմակերպվածություն, պատասխանատվություն և ամենակարևորը՝ հարգանք պետության նկատմամբ: Վերջերս մի պատմություն էի կարդում շվեյցարացի մեծահարուստի մասին, ով կյանքի վերջին տարիներին իր ունեցվածքի կեսը նվիրաբերում է պետությանը, իսկ մյուս կեսը՝ իր ժառանգներին: Երբ նրան հարցնում են, թե ինչու այդպես, նա պատասխանում է՝ եթե պետությունը հարուստ և ուժեղ չլինի, ապա մյուս կեսն էլ պաշտպանված չի լինի:

Այնուամենայնիվ, Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, իրադարձությունները և իրականացված թավշյա հեղափոխությունը լավատեսության հույս են ներշնչում, որ արժեհամակարգ է փոխվում, որ մենք ամաչում ենք մեր անցյալի համար և ուզում ենք փոխվել, որ մենք կամովին հրաժարվում ենք ընտրակաշառքից և այլևս ցանկանում ենք հպարտ ու արժանապատիվ ապրել ու աշխարհին ներկայանալ որպես օրինապաշտ, կազմակերպված ու քաղաքակիրթ ազգ, որ մենք ուզում ենք վերադառնալ մեր ընտրասերված արմատներին և դեն գցել այն ամենը, ինչ ձեռք ենք բերել վայրի ցեղերի ասպատակությունների արդյունքում: Ավելի ես հուսադրվում, երբ կարդում ես հայերի մասին անգլիացի տաղանդավոր գրող, հայագետ Ջորջ Բայրոնի հետևյալ տողերը. «Հայերի առաքինությունները իրենցն են, իսկ թերությունները ձեռք բերովի են և հետևանք են նվաճողների կողմից կեղեքման: Ինչ ապագա էլ ունենան հայերը, նրանց երկիրը միշտ պետք է մնա ամենահետաքրքիրներից մեկը ողջ երկրագնդում»: Իսկ բրիտանացի պատմաբան, հնէաբան, արևելագետ, լեգենդար հետախույզ Լոուրենս Արաբացին 1931թ. գրել է. «Հայերը ամենախելացի, ամենակատարյալ, ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում` քաղաքակրթվածության տեսանկյունից: Եթե հայերին երբևէ հնարավորություն տրվի, իշխանություն ձեռք բերել երկրագնդի որևէ անկյունում, նրանք ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն մնացյալ ամբողջ մարդկությանը»:
Իսկ ամենակարևորը՝ մենք ունենք խիզախ ու տաղանդավոր երիտասարդություն, ինչը մեզ ներշնչում է, որ մեր ապագան հուսալի ձեռքերում է լինելու: Համոզված եմ, որ այս անգամ հուսախաբ չենք լինելու և այլևս չի կարող լինել վերադարձ հնին, քանի որ համայն հայությունը միասնական և համախմբված ցանկանում է փոխվել և նոր որակի հայրենիք կառուցել: Բացի այդ, հայ ժողովուրդն արդեն վայելում է ազատ ու արժանապատիվ ապրելու հաճույքը, որից երբևէ չի ցանկանա հրաժարվել: Մենք ունենք մեր ազգի գոյության վերջին 2000 տարում նախադեպը չունեցող բարենպաստ իրավիճակ, երբ համայն հայությունը անվերապահորեն հավատում և վստահում է իր «թագավորին» և ով անմնացորդ սիրում ու նվիրված է իր ժողովրդին: Եթե կողմերից որևէ մեկը հիասթափության առիթ տվեց, ապա դա ազգային դժբախտության ու նոր հուսահատության պատճառ կարող է լինել: Շատ կարևոր է նաև այն, որ այսօր հայ ժողովուրդն ունի աննախադեպ բարձր վարկանիշ: Մենք ազգովի պետք է դասեր քաղենք պատմությունից և փոխվենք: Եթե չփոխվենք և ճիշտ չգնահատենք այս բացառիկ պատմական իրավիճակը, որպես պետություն և ազգ այլևս գոյատևման բարոյական իրավունք չենք ունենա: Երկու ճանապարհ ունենք՝ կամ պետք է փոխվենք, կամ մեր երկիրն ու պետականությունը կարող են ևս մեկ անգամ գոյատևման լուրջ սպառնալիքի առջև կանգնել:Հայ ժողովուրդը շատ անգամներ է պետություն կերտել և կորցրել, ինչը պետք է միշտ հիշել և անհրաժեշտ եզրակացություններ անել: Անհրաժեշտ է առանց հապաղելու ձեռնամուխ լինել նոր տիպի և որակի պետության ստեղծմանը՝ նոր Հայաստանի ամուր և հուսալի հիմքերի կառուցմանը և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում արմատական բարեփոխումների իրականացմանը:

Կայուն պետություն և ժողովրդավարական հասարակություն ունենալու համար կարևոր է երկրում արդարության հաստատումը: Ըստ էության, 5-րդ դարից մինչև մեր օրերը արդար հասարակություն ունենալը եղել է հայ ժողովրդի բոլոր ժամանակների երազանքը։ Արմատական նոր մոտեցումներ են պետք պետության կառավարման հարցում: Դասական մոտեցումները՝ կուսակցականացված կառավարումը իրեն սպառել է և պետության կառավարման գործում պետք է ներգրավել ամբողջ քաղաքացիական հասարակության ընտրյալ մասին: Կուսակցություններն ըստ էության Հայաստանում վարկաբեկված ինստիտուտներ են և դրանք թե առաջին, թե երկրորդ և թե երրորդ հանրապետության ժամանակ առավելապես առաջնորդվել են իրենց անձնական ու խմբային նեղ շահերով: Պատահական չէ, որ իշխանություն կորցնելու դեպքում, գրեթե բոլոր կուսակցությունները շատ արագ կանգնել են փլուզման եզրին: Կուսակցության ադամակցության հիմքում շատ հաճախ ոչ թե գաղափարախոսությունն է դրվել, այլ անձնական շահը և քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ 3-4 կուսակցություն են փոխել, մինչդեռ կուսակցությունը դավանանքի նման մի բան է և բարոյական չէ հաճախակի փոխելը:Հասարակության մի զգալի, քաղաքականապես ակտիվ մասը թերահավատորեն է վերաբերվում կուսակցություններին և չի անդամակցում որևէ կուսակցության: Այս հանգամանքը պետք է նույնպես հաշվի առնել և նրանց ուժերը պետք է օգտագործել և ակտիվորեն ներգրավել քաղաքական գործընթացներում: Պետությունը լուրջ բան է, այն չի կարելի անփորձ, արժանիքներ և հեղինակություն չունեցող մարդկանցով, տնավարի կամ հանցագործ աշխարհի օրենքներով ղեկավարել, ինչը արվում էր նախկինում: Կադրերի ընտրության հարցում պետք է հանդես բերել առավելագույն օբեկտիվություն, քանի որ պետության հեղինակությունն առաջին հերթին պայմանավորած է նրանով, թե ովքեր են այն ղեկավարում: Պետությունը պետք է ղեկավարեն մարդիկ, ովքեր ունեն ազնիվ անցյալ, ընտրասերված ծագում, հասուն են, գործիմաց են, հավասարակշռված, համարձակ են, հայրենասեր և փորձառու, վայելում են հասարակության հարգանքը և վստահությունը: Այդ նպատակով անհրաժեշտ է մասնագիտական, կազմակերպչական և մարդկային բարձր որակներ ունեցող անձանցից ստեղծել կադրերի բանկ, ռեզերվ և տանել հետևողական աշխատանք նրանց պատրաստման ու վերապատրաստման ուղղությամբ: Հավատացնում եմ, որ նրանցից է նաև մեծապես կախված լինելու մեր երկրի ապագան: Դեռևս Լենինն էր իր ժամանակին ասում, որ ոչ մի հեղինակություն չի կարող փոխարինել գործիմացությանը: Չի կարելի ստեղծելով նորը, ամբողջությամբ ժխտել հինը, որովհետև ապագան կառուցվում է անցյալի և ներկայի վրա:

Մենք շատ հաճախ պետության կառավարման հարցում ծայրահեղությունների մեջ ենք ընկնում, որը լրջորեն վնասում է մեր պետականությանը: Կոմունիստների ժամանակ գտնում էինք, որ երկիրը պետք է ղեկավարեն բատրակները, ՀՀՇ-ի ժամանակ ասում էինք՝ պոլի փետ լինի, միայն թե ՀՀՇ-ական լինի, ՀՀԿ-ականները գտնում էին, որ հասարակական դիրք ունենալու համար անհրաժեշտ է անցնել Մելիք Ադամյանով, հիմա էլ հնչում են կարծիքներ, թե պետության կառավարումը պետք է վստահել երիտասարդներին, որոնք դեռևս ապականված չեն: Սակայն հաշվի չենք առնում մի բան, որ միջին և ավագ սերունդը դաստիարակվել է ավելի բարձրաճաշակ մշակույթի ու բարձր արժեքների միջավայրում, քան անկախության սերունդը, իսկ մարդկային որակներն առաջին հերթին անհատական են և պայմանավորված են ծագումով, դաստիարակությամբ և այն արժեհամակարգով, որը տվյալ ժամանակաշրջանում դավանել է հասարակությունը և հետո այս երկիրը բոլորինս է հավասար, բոլորինս են հավասար թե՛ հաղթանակները և թե պարտությունները: Նոր Հայաստանում յուրաքանչյուրը անկախ սեռից, տարիքից, ազգությունից ու կուսակցական պատկանելությունից, պետք է իրավունք ունենա ազատ ինքնադրսևորվելու և իր մասնագիտական ու մտավոր կարողություններին ու մարդկային որակներին համապատասխան զբաղեցնի հասարակական դիրք, հակառակ դեպքում մենք կկրկնենք նախկինների սխալները և չենք կարող նորմալ երկիր կառուցել: Մենք բոլորս՝ գիտնական, մտավորական, ոստիկան, հանցագործ, բանվոր, վարչապետ ու նախագահ, կուսակցական, անկուսակցական նույն նավի մեջ ենք և բոլորով ենք պատասխանատու այդ նավի համար: Նոր Հայաստան կառուցելու համար ամեն ինչ շատ պարզ է և հասարակ՝ ընդամենը պետք է բոլորով միասին որոշենք, որ այլևս չպետք է խաբենք, գողանանք կամ կաշառք վերցնենք, պետք է հարգենք մեր իրավունքները և սրբությամբ կատարենք մեր պարտականությունները, ընդամենը պետք է ապրենք արժանապատիվ ձևով և ամեն ինչ այս երկրում լավ կլինի ու հեղափոխության կարիք այլևս չի լինի:Հեղափոխությունը մենք միայն սկսել ենք, հեղափոխությունն ամենևին էլ միայն իշխանափոխությունը չէ, հեղափոխությունը դա առաջին հերթին արժեհամակարգի, աշխարհայացքի, քաղաքական մշակույթի, տնտեսավարման և բարոյական արժեքների փոփոխություն է: Մեր բոլորիս՝ կառավարության, մտավորականների, եկեղեցու, մամուլի, հեռուստաընկերությունների, դպրոցի, բուհերի, մշակույթի ոլորտի խնդիրը պետք է լինի Արտաշիսյան ժամանակաշրջանի հայի կերպարի վերականգնումը, նոր արժեհամակարգի և բարոյական միջավայրի ձևավորումն ու արժանապատիվ քաղաքացու դաստիարակումը, ինչը երկարատև և բավականին հետևողական աշխատանք է պահանջում: Առաջինը, կարծում եմ, պետք է սկսել կրթությունից: Ցավոք, վերջին ժամանակներս կրթությունը, գիտությունը և մշակույթը մատնված էին անտարբերության և գիտելիքն ու կրթությունը այլևս դադարեցին արժեք լինելուց: Մինչդեռ ֆրանսիացի ճանաչված գիտնական, ֆիզիկոս Պիեռ Կյուրին Ֆրանսիայի հարավում գտնվող քոլեջներից մեկում 20-րդ դարի սկզբին ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ժողովուրդները, ազգերը աշխարհին ներկայանում են գիտության և մշակույթի միջոցով, իսկ ովքեր դա չեն անում, պարզապես վեր են ածվում գաղութների»:

Երկրի վարչապետը, ԱԱԾ-ն, իրավապահ մարմինները, քննչական ծառայությունները իրավական պետության ստեղծման, մեր և մեր սերունդների արժանապատիվ ապագայի համար տանում են անհաշտ, բայց և վտանգավոր պայքար անօրինականության ու հանցագործության դեմ, և մենք նրանց երբեք մենակ չպետք է թողնենք: Կոռուպցիայի եւ իշխանության չարաշահումների դեմ կառավարության պայքարը թեև դեռ գտնվում է սկզբնական փուլում, այն արդեն լուրջ փոփոխություններ է առաջացրել երկրի բարոյահոգեբանական մթնոլորտում, հույս արթնացրել մեր հանրության մեջ, որ թալանի եւ կեղեքման համակարգը վերջնականապես կկազմաքանդվի։ Կառավարությունը պետք է այդ պայքարը տանի համակարգված և այնպես, որ չխաթարվի երկրում առողջ մթնոլորտն ու համերաշխությունը:

Շատ կարևոր է երկրում այնպիսի արժեհամակարգի ձևավորումն ու դավանումը, որի բաղադրիչները կլինեն՝ ազնվությունը, երախտագիտությունը, օրինապաշտությունը, սերը, համերաշխությունը, հայրենասիրությունը, պատասխանատվությունը, բարիացակամությունը, մարդկանց կարեկցելու պատրաստակամությունը և այլն: Որպեսզի նոր արժեհամակարգը դառնա բոլորիս սեփականությունը և երկրում ձևավորվի օրինական ու բարոյական միջավայր, գտնում եմ՝
– Բոլոր մակարդակներում անցկացնել այնպիսի ընտրություններ, որի արդյունքները մեկ մարդու մոտ անգամ կասկած չի հարուցի:
– Բոլոր քաղաքացիների, կուսակցությունների, գործարարների, հասարակական կազմակերպությունների գործունեության համար ստեղծել բարենպաստ և հավասար պայմաններ:
– Հասարակական կյանքի բոլոր ոլորտներում անհրաժեշտ է հաստատել արդարություն: Շատ կարևոր է երկու բան՝ որ երկրում ստեղծված արդյունքը բաշխվի արդար ձևով և մարդը գնահատվի ըստ արժանվույն:
– Ըստ ամենայնի ժողովրդավարացնել պետական կառավարման համակարգը՝ այդ գործում ակտիվորեն ներգրավելով հասարակայնության լայն խավերին:
– Օրենքով սահմանել պետական պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների և ավագանու անդամների նկատմամբ կրթական ու բարոյական նոր առավել խիստ ցենզ:
– Պետությունը և հասարակությունը պետք է լինեն հետևողական, որպեսզի լավը, բարոյականը խրախուսվի, մեծարվի, իսկ վատը՝ պախարակվի և պատժվի:
– Մեր ազգային գիտակցության մեջ պետք է արմատավորել այն գաղափարը, որ պետականությունը գերագույն արժեք է: Չէ՞ որ պետությունն է մեր ազատության, անվտանգության, սոցիալական պաշտպանվածության և արժանապատվության երաշխավորը:

Մենք՝ հայերս, երբ համախմբվում ենք, անպայման ունենում ենք հաղթանակները, միայն թե համախմբումը պետք է լինի ամեն օր, այլ ոչ թե միայն օրհասական պահերին:
Հայ ազգին տրվել է բացառիկ հնարավորություն՝ կառուցելու նոր Հայաստան: Եվ մենք կարող ենք դա անել, մենք արժանի ենք ունենալու լավ երկիր և ապրելու մարդավայել ու արժանապատիվ:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի կազմակերպման եւ կառավարման ամբիոնի վարիչ

«Առավոտ»

21.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Arsen says:

    Ամենի ինչ լավ էր, բացի «թագավորից»։ Պետք է ստեղծվեն մեխանիզմներ , որպեսզի գործընթացները կախված չլինեն «թագավորի» բարի կամքից և «թագավորը» լինի ընդամենը քաղ․ ծառայող և հնարավորություն չունենա դառնալու իսկական թագավոր։

  2. Ֆելիքս says:

    Հարգելի ՀԱՅԿ
    Կարդացի, հավանեցի, ուրախացա, հետո էլ տխրեցի:
    Մենք պետք է լսել սովորենք, քաղաքակիրթ ձևով քննարկելու կուլտուրա սովորենք, իրավիճակները վերլուծելու և հարցեր ձևակերպելու գիտելիքներ ու հմտություն սովորենք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031