Հուլիսի 21-ին Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ համագյուղացի Ալիխան Պավելի Մելյանի «Հուշատետր Շամշադինի պատմաազգագրական նյութերից» գրքի շնորհանդեսին նվիրված երեկո: Ա. Մելյանը բծախնդիր հնագետի, ազգագրագետի հմտությամբ կազմել ու 1984 թ. ՀՀ ԳԱ հնագիտության ու ազգագրության ինստիտուտին էր հանձնել ստվարածավալ մի աշխատություն: Բայց աշխատության հրատարակումը չիրականացավ եւ մնաց մտավորական – ազգագրագետի անկատար երազանքը:
Երեկոն բացեց ազգագրագետի թոռնուհին՝ Երևանի Ա. Դ. Սախարովի անվան դպրոցի տնօրեն Մարիաննա Պավելի Մելյանը: Նա հակիրճ ներկայացրեց իր պապի անցած ուղին՝ մանկությունից մինչև նրա վախճանը: Ելույթի ընթացքում նա մոտեցավ պապի՝ պատերին վաղօրոք փակցրած աշխատանքներին եւ հմտորեն մեկնաբանեց դրանք: Իսկ դրանք բնատուր տաղանդով ստեղծած կերպարվեստի յուղաներկ կտավներ էին, որոնցում արտացոլված էին Ա. Մելյանի հույզերը, զգացումները, հուշերը, կենսագրական պատառիկները, անցած կյանքը: Հետաքրքիր էին իր եւ իր նախնիների անցյալին վերաբերող հուշերը, որ հառնում էին հանդիսատեսի առաջ՝ հրաշալիորեն արված պատմաազգագրական գծանկարների տեսքով: Դահլիճի պատերը գունագեղ ու խոսուն էին: Բանախոսն անդրադարձավ պապի մասնակցությանը երկրորդ աշխարհամարտին՝ ցուցադրելով պատերազմի դաշտից ուղարկած նրա՝ լավատեսությամբ լեցուն և նկարազարդ նամակները: Հուզիչ էր ու պատկերավոր թոռնուհու խոսքը պապի հիվանդության ու նրա մտորումների եւ այդ ընթացքում իր ներաշխարհն արտացոլող կտավների ստեղծման մասին: Այդ թեմաները համահունչ էին նրա հոգևոր աշխարհին: Դահլիճը հուզվեց երախտագետ թոռնուհու՝ պապի երազանքի իրականացմանը նվիրված ջանքերից, որի արդյունքում Ալիխան Մելյանի համագյուղացիներին ներկայացվեց վերջերս հրատարակված գեղեցիկ ու բովանդակալից գիրքը: Ներկաների արձագանքը բուռն ծափահարությունն էր:
Հուշ-երեկոյին ներկա էին համագյուղացիներ, հեղինակի տաղանդի երկրպագուներ: Ելույթներով հանդես եկան կրթության ոլորտի մասնագետ, բանասեր, գրքի խմբագիր եւ սրբագրիչ Նվեր Վիրաբյանը, ՀՀ հանրապետական վետերանների խորհրդի նախագահ Սիմոն Եսայանը, դպրոցի մանկավարժներ, ընկերներ եւ հարազատներ: Բոլորի աչքի առաջ ասես հառնեց Ալիխան Մելյանի մարդկային կերպարը: Ամփոփիչ ելույթով հանդես եկավ գյուղի վարչական ղեկավար Կամո Չոբանյանը: Նա գնահատեց ոչ միայն հեղինակին, այլև գրքի հրատարակման գլխավոր կազմակերպչին և հովանավորին՝ Մարիաննա Մելյանին: Գրքի բովանդակության (Շամշադինի հին կենցաղի, բարբառի, պատմական անցյալի) նկատմամբ հետարքրքություն առաջացնելու համար հեղինակի ծոռնուհի Մարինեն անցկացրեց վիկտորինա – մրցույթ: Մրցույթին մասնակցեցին գյուղի դպրոցի ավագ դասարանների աշակերտներ: Բուռն եւ ակտիվ մասնակցություն ունեցան նաև հանդիսատեսները: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ գյուղի «Ուտյաց եղեգնուհի» պարային համույթը՝ «Տասը միլիոն հայ ենք» եւ «Պապուրի» պարերի կատարումով, Կոմիտասի «Հով արեք սարեր» երգով հանդես եկավ Աննա Մելյանը եւ հանրապետական ասմունքի մրցույթի կրկնակի դափնեկիր Սիմոն Եսայանը՝ հայրենասիրական բանաստեղծությունների կատարմամբ: Հուշ երեկոյի բոլոր մասնակիցները դահլիճից հեռացան հարստացած ներաշխարհով, հուզված սրտերով եւ իրենց հայրենակցի կատարած գործի նկատմամբ արժանի հպարտությամբ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ