Մենք խնդրեցինք Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյան-կրտսերին պատմել թատրոնի մոտակա ծրագրերի մասին
– Հուլիսի 24-ին տեղի կունենա մեծ իրադարձություն` առաջին անգամ 60-ամյա (Գ.Խ․) ընդմիջումից հետո Մեծ թատրոնի բեմին ցուցադրվելու է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումը: Մենք տանում ենք Արամ Խաչատրյանի «Գայանե» անմահ բալետը։ Ճի՛շտ է, 1975-ին, Մեծ Հաղթանակի 30-րդ տարեդարձի առթիվ մեծ հաջողությամբ Մոսկվայում մեր թատրոնը հանդես է եկել Կոնստանտին Օրբելյանի (զրուցակցիս հորեղբայրը՝ Գ․Խ․) «Անմահություն» բալետով, բայց դա եղել է Կրեմլում:
Ի դեպ, Արամ Իլյիչի փայլուն բալետն արդեն բեմադրվել է Մեծ թատրոնում 80-ականների սկզբին՝ Մաքսիմ Մարտիրոսյանի բեմադրությամբ, սակայն մեզ հետ դա որևէ կապ չուներ, քանի որ դա Մեծ թատրոնի պարողներն էին և նվագախումբը․․․
Չհամարե՛ք չափազանցություն, բայց թատերական Մոսկվան պարզապես եռում է, հետաքրքրությունը մեր բալետի նկատմամբ շատ մեծ է …
– Մոսկվան՝ միայն հայկակա՞ն է, թե …
– Թե՛ (ժպտում է) … Բեմադրությունը՝ Վիլեն Գալստյանի, դեկորացիաները՝ Մինասի, մասնակցությամբ մեր թատրոնի լավագույն պարողների և պարուհիների․․.
Հուլիսի 23-ին կլինի մեծ մամուլի ասուլիս, և ես ուզում եմ ասել, որ սա մի նշանակալի իրադարձություն է Հայաստանի մշակութային կյանքում, Ռուսաստանի, մեր բարեկամության, և բոլորի համար, թերևս …
Ես ուզում եմ հատուկ շեշտել, որ սա անգնահատելի փորձ է մեր թատրոնի կոլեկտիվի համար` երաժիշտների, բալետային թատերախմբի, դիմահարդարների, տեխնիկական աշխատողների, ադմինիստրատորների, և այլոց, որոնք մինչ այդ երբեք հանդես չեն եկել լեգենդար Մեծ թատրոնում…
– Ովքե՞ր են ներկայացման հովանավորները:
– Գլխավոր հովանավորն է «Տաշիր» ընկերությունների խումբը (միամիտ մարդ եմ ես՝ իսկ ուրիշ ո՞վ կարող էր լինել նման մեծ իրադարձության հովանավորը՝ Գ․Խ․), նախաձեռնողն է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը (դեսպան՝ Վարդան Տողանյան), այս մեծ ծրագրի գլխավոր պրոդյուսերն էլ մարդասիրական եւ մշակութային հարցերի գծով դեսպանի խորհրդական Կարեն Խաչատրյանն է:
Մի խոսքով, դա կլինի մի մեծ տոն է, որին ներկա կլինեն Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Ռուսաստանի մի շարք դաշնային նախարարներ, մեր երկու երկրների մշակույթի ականավոր գործիչներ:
– Իսկ ինչպիսի՞նն են դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի մոտ ապագայի անհատական ծրագրերը:
– Մոսկվայում «Գայանե»-ի պատմական բեմադրությունից հետո մեր թատրոնն և ձեր խոնարհ ծառան իսկապես կվայելեն վաստակած արձակուրդը (ժպտում է), որից հետո ես մեկնում եմ Լյուբլյանա՝ այնտեղ ավանդական մեծ փառատոնին մասնակցելու, որտեղ որպես Զագրեբի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր հանդես կգամ հանճարեղ արգենտինացի տենոր Մարսելո Ալվարեսի հետ, որի հետ արդեն հանդես ենք եկել մի քանի անգամ, ապա Կրասնոյարսկում օգոստոսի 26-ին կմասնակցեմ Դմիտրի Խվորոստովսկու հիշատակին նվիրված համերգին, և իր հայրենի քաղաքի գլխավոր հրապարակում կտեղադրվի մեծ երգչի հուշարձանը։
Հետո, սեպտեմբերին, մենք Դուբայ ենք տանում երկու օպերա՝ «Կախարդական սրինգ»-ը և «Կարմեն»-ը, երկու շաբաթվա ընթացքում կլինի երեքական ներկայացում, և բոլոր տոմսերն արդեն վաճառված են:
Այնտեղ ինձ գիտեն, կա հարգանք և վստահություն, և, ժամանելով այստեղ և տեսնելով ներկայացումները, նրանք համաձայնեցին, որ դրանք Դուբայում ներկայացնի հենց մեր թատրոնը։
– Իսկ ո՞վ է այդ ներկայացումների հովանավորը:
– Գուշակե՛ք երեք փորձից (ժպտում է) ….
– Դու՛ք: (Մաեստրո Օրբելյանը գլխով է անում, և պետք է ընդգծել, որ շատ բաներ ևս թատրոնում ֆինանսավորվում է Կոնստանտին Օրբելյանի անձնական միջոցներից):
– … Ես պարզապես չեմ կարող նստել ու սպասել, թե ե՞րբ դա կանի իմ փոխարեն որևէ մեկը, և հետո, իմ ամենակարևոր խնդիրն այն է, որպեսզի մարդիկ աշխարհում իմանան, որ Հայաստանն ունի համաշխարհային մակարդակի օպերա և բալետ։
– Իսկ ի՞նչ կարող ես ասել թատրոնի արտիստների ներկայիս մակարդակի մասին:
– Մեկ տարի առաջ ես վերադարձրի մեր թատրոն բալետմայստեր Արմեն Գրիգորյանին, որը չորս տարի աշխատեց Ռոստովում: Եվ այսօր մեր բալետի խումբը անճանաչելի է, պարզապես հրաշալի են: Երեկ (հուլիսի 13-ին) նրանք պարում էին «Ժիզել» – Սյուզի Փիրումյան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյան, Մերի Հովհաննիսյան, Վահագն Մարգարյան և Ռազմիկ Մարուքյան, և դա այնքան հուզիչ և տեխնիկապես անթերի էր․․․ Մենք ներկայացումը դիտում էինք մեր ականավոր երգչուհի Հասմիկ Պապյանի հետ, և մեզ հետ էր նրա ընկերուհին, Սան Ֆրանցիսկոյից նախկին մի պարուհի: Եվ նա գովասանքի խոսքեր ասաց մեր պարողների հասցեին, իսկ ամենակարևորն այն է, որ գոհ լինի թատրոնի տնօրենը և գեղարվեստական ղեկավարը (ժպտում է) …
– Ասացե՛ք, երբ արտասահմանում եք լինում, լսու՞մ եք որևէ կարծիք, արձագանքներ մեր Օպերայի եւ բալետի թատրոնի մասին:
– Անհամեստություն չհամարե՛ք, սակայն մարդիկ գիտեն, որ իմ գալստյան հետ ինչ-որ բան տեղի է ունենում թատրոնում, նրանք կարդում են, դիտում Facebook- ում …
Ի դեպ, հունիսին մենք կազմակերպեցինք Խաչատրյանի երեք բալետի կենդանի հեռարձակում ֆեյսբուքում: Դրանց հետևեցին հարյուր հազարավոր մարդիկ, քանի որ մենք միակ թատրոնն ենք աշխարհում, ով ունի մեծն Խաչատրյանի բոլոր երեք բալետները։ «Սպարտակը», ասենք, բեմադրվում է Մեծ թատրոնում, «Դիմակահանդես» – ը՝ մյուս թատրոններում, բայց «Գայանե»-ն մեզանից բացի և ո՛չ մի տեղ չի բեմադրվում:
Հատկանշական է, որ լեգենդար «Սուսերով պարը»-ը կատարվում է աշխարհում ամեն րոպե կլոր տարին։
․․․Կրկնեմ․ այսօր մեր թատրոնի արտիստները ոչնչով չեն զիջում աշխարհի լավագույն բեմահարթակների կատարողներին․․․
Զրուցեց Գուրգեն Խաժակյանը