Հուլիսի 21-ին Գանձայում նշվեց Տերյանական պոեզիայի օրը: Տոնակատարությունը՝ դաշտահանդեսը, մշտապես կազմակերպում է Վրաստանի Նինոծմինդայի շրջանի ղեկավարությունը, իսկ հայաստանյան պատվիրակության մասնակցությունն ապահովում է «Ջավախք» հայրենակցական միությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Տոնը հիմնադրվել է 1967-ին, իսկ 1981-ին Վրաստանի կոմկուսի կենտկոմի որոշմամբ ներառվել է հանրապետական նշանակության տոների ցանկում: Սովորաբար հանդիսությունն անցկացվում է հուլիսի նախավերջին կիրակի օրը, որովհետեւ 1905 թ այդ օրը Գանձայում է եղել Ավետիք Իսահակյանը եւ Մոսկվայի Լազարյան ճեմարանի այն ժամանակվա ուսանող Վահան Տեր-Գրիգորյանի՝ Վահան Տերյանի հետ մասնակցել է Վարդավառին:
«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն ասաց, որ Տերյանական օրն իր համար իմաստավորվում է այն առումով, ինքը ծնունդով Գանձայից է, սերված է Վահան Տերյանի գյուղից: «Ասեմ ավելին, Վահան Տերյանի քույրն իմ հայրիկի տատիկն է»,-ասաց պատգամավորը:
«Ընդհանրապես Վահան Տերյանը հայ ժողովրդի պոեզիայի եւ քաղաքականության փայլուն ներկայացուցիչներից մեկն է: Մեր հանրության լայն շրջանակները Վահան Տերյանին գնահատում են որպես փայլուն պոետ, նա նաեւ լուրջ ազգային պետական գործիչ է: Մենք բացթողում ունենք, քանի որ Տերյանին այդ տեսանկյունից երբեւէ չենք գնահատել:
Վահան Տերյանը եղել է Խորհրդային Ռուսաստանի գոյության առաջին տարիների ամենաբարձրաստիճան հայ պաշտոնյան՝ փոխնախարար, Ազգային գործերի ժողկոմատի հայկական սեկտորի վարիչը: Վահան Տերյանն այդ պաշտոնը ստանձնել է ոչ թե բոլշևիկանալով, այլ իր ժողովրդին փոքրիկ աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը չկորցնելու համար: Ժամանակին խոսում էին Տերյանի իբր բոլշեւիկյան այս կամ այն վարքագծի մասին, մինչդեռ մեր օրերում ահագին բան արդեն բացահայտվել է արխիվային փաստաթղթերով, եւ այդ բացահայտումն իրականացրել է Տերյանի ծոռը՝ Գեւորգ Էմին-Տերյանը:
Տեսնելով, որ Խորհրդային իշխանությունները ոչ միայն պատրաստ չեն Հայաստանի համար փոքրիկ լավ գործ անել, նրանք մեծ Հայաստանից չնչին կտոր են թողնում, Տերյանը փորձում է հեռանալ երկրից Միջին Ասիայի ճանապարհով, որտեղ էլ կնքում է իր մահկանացուն: Նրա պետական, ազգային, քաղաքական գործունեությունը անգամ դրսեւորում էր իր ստեղծագործությունների մեջ…Գեւորգ Էմին-Տերյանը հրապարակել է ինը էջից բաղկացած նրա դիմումը բոլշեւիկյան կուսակցության շարքերից դուրս գալու հիմնավորումներով: Մենք տեսնում ենք, թե Տերյանն ինչքան հիասթափված էր խորհրդային իշխանությունների հակահայկական գործողություններից»,- ասաց Շիրակ Թորոսյանը:
Նրա կարծիքով՝ Տերյանի մահը խոշոր հաշվով քաղաքական սպանություն էր: Պատգամավորը նշեց, որ ինքը անցել է այն ճանապարհով, որով կյանքի վերջին օրերին անցել է Տերյանը, պնդում է, որ ձմեռն այդտեղ զարհուրելի է. «Տերյանի ծննդյան 125-ամյակի առիթով մենք մի պատկառելի պատվիրակությամբ գնացինք Օրենբուրգ, որտեղ նա իր կյանքի վերջին օրերն է անցկացրել: Մենք մեքենայով անցանք այն ճանապարհներով, որտեղ գնացքով անցել էր բանաստեղծը, պատկերացրեք մարտ ամսվա վերջին ահռելի ձմեռ էր, իսկ Տերյանը այդ ճանապարհը անցել է փետրվարին: Փաստորեն, թոքերից հիվանդ մարդը այդ զարհուրելի ձմռանը հեռանում էր հետապնդումների պատճառով, նրա մահը քաղաքական սպանություն էր»:
Aravot.am-ի դիտարկմանը, որ Վահան Տերյանի տունը խղճալի վիճակում է, ՀՀ ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Միջոցառման ժամանակ բեմից շրջանային իշխանությունների կողմից իմ նախաձեռնությամբ հայտարարվեց այդ մասին: Թանգարանը վերանորոգել էինք 2000 թ., բայց արդեն քսան տարի է անցել, եւ այն արդիականությունը կորցրել է, ժամանակակից նոր մեթոդներ պետք է կիրառվեն այն արդիականացնելու համար: Ինչ վերաբերվում է Տերյանի տանը, ի պատիվ Խորհրդային Վրաստանի իշխանությունների, նշեմ, որ նրանք ժամանակին տունը պատսպարել էին հատուկ տանիքի ներքո, որպեսզի այն չքանդվի, չվնասվի, ցրտից, ձնից, անձրեւից: Ամեն դեպքում ժամանակն իր խոսքն ասում է: Այն սենյակը, որտեղ հյուրընկալվել են Ավետիք Իսահակյանը, Թումանյանը, առաստաղի հետ կապված խնդիր ունի, նույնն է վիճակը մյուս սենյակներում նույնպես: Մենք անպայման կվերականգնենք, կարդիականացնենք տունը, կարծում եմ, որ մյուս տարվա ընթացքում այդ հարցը կլուծվի»:
Նա տեղեկացրեց, որ խնդիրը համաձայնեցված է տեղի իշխանությունների հետ, առաջիկայում կկազմակերպվեն նախագծանախահաշվային աշխատանքներ, որից հետո կանցնեն նույն գործողությունների:
Տերյանի տոհմակից Վաղինակ Ղազարյանը, որ նախկինում եղել է բանաստեղծի թանգարանի տնօրենը, իսկ այժմ սակրաբուլոյի՝ շրջանային խորհրդի ժողովի պատգամավոր է, ասում է, որ Տերյանական պոեզիայի օրվա միջոցով Տերյանը քարոզվում է եւ նորովի է ճանաչվում. «Ժամանակին այդպես չէր, Տերյանն անցնում էին տասներորդ դասարանի դասագրքի անկյունում ու այդքանով սահմանափակվում էին: Հիմա վիճակն այլ է, չնայած իմ կարծիքով, Տերյանը դեռ լիարժեք ճանաչված չէ ու դեռ կգա ժամանակը, ու ամեն ինչ տեղը կընկնի: Տերյանին մենք կդասենք սրբադասածների կարգում, որովհետեւ հայ պոեզիայի համար նա իսկապես սուրբ է»:
Հավելենք, որ ի թիվս այլոց, Տերյանական միջոցառմանը մասնակցում էին գրողներ ու ՀԳՄ անդամներ Լեւոն Բլբուլյանը, Կորյուն Առաքելյանը, Հարություն Հովնաթանը, Դավիթ Սարգսյանը, ինչպես նաեւ Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը, Դավիթ Չիչինաձեն, Ախալքալաքի, Նինոծմինդայի շրջանների ղեկավարներ, Վիրահայոց թեմի առաջնորդը եւ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Գանձա-Երեւան