Ամռան այս տապին ոչինչ այնքան տեղին չէ, որքան սառը, մրգաշատ եւ թեթեւ ժելեն: Քանի որ շատ քիչ կալորիական է, այն կարելի է ուտել նույնիսկ երեկոյան:
Անհրաժեշտ մթերքները
Մոշ-500 գրամ (կարող եք կես բաժակ ազնվամորի էլ ավելացնել` գունային համադրության համար)
Շամպայն (փրփրուն գինի)- 500 մլ
Կարդացեք նաև
Ժելյատին- 15-20 գրամ
Շաքարավազ- 100 գրամ
Պատրաստման եղանակը
Ժելյատինը գնելիս` պարտադիր ստուգեք թարմությունը, միայն թարմի դեպքում կստանաք լավ արդյունք: Հայաստանում վաճառվում է միայն փոշի ժելյատին, սակայն եթե տարբերակ ունեք շերտերով ժելյատին ձեռք բերելու` օնլայն խանութներից կամ արտասահմանից, դա ավելի լավ տարբերակ է` ավելի որակյալ ժելե կստանաք եւ ավելի հեշտ կաշխատեք:
15-20 գ ժելյատինը թրջեք կես բաժակ սառը ջրի մեջ 10-15 րոպեով: Մինչ թրջվում է` լավ լվացեք մոշը: Շամպայնի բաժակների մեջ լցրեք մոշը` ձեր ցանկացած քանակով: Բացեք շամպայնը, լցրեք փոքր կաթսայի կամ մեծ սրճեփի մեջ, ավելացրեք շաքարավազը: Այս ընթացքում, եթե ժելյատինը որակյալ է եւ թարմ, պետք է լավ ուռած եւ ծավալով մեծացած լինի: Եթե` ոչ, միանգամից թափեք, զուր տեղը չփչացնեք մյուս մթերքները: Իսկ եթե ուռել է, քամեք, ազատեք ավելորդ ջրային զանգվածից ու լցրեք շամպայնի մեջ: Եթե փոշի ժելյատինով եք պատրաստում, կարող եք միանգամից այդ ուռած զանգվածը շուռ տալ շամպայնի մեջ: Դրեք շատ մեղմ կրակին եւ փայտե գդալով անդադար խառնեք: Կրակը չպետք է ուժեղ լինի եւ ոչ մի րոպե չհեռանաք ժելեից, անընդհատ պետք է խառնել, այլապես, եթե աչքաթող անեք, ժելյատինը կարող է «կպնել» եւ անտանելի հոտ կլցվի տունը: Հասցրեք եռմանը մոտ ջերմաստիճանի, բայց ոչ մի դեպքում չթողեք եռա: Անհրաժեշտ է միայն, որ ողջ ժելյատինը հալվի շամպայնի մեջ: Հենց հալվեց` վերցրեք կրակից:
Հեղուկը զգուշությամբ, եւ, ցանկալի է, ցանցի օգնությամբ լցրեք մոշով լցված բաժակների մեջ ու դրեք սառնարան` առնվազն 4-5 ժամով, իսկ ավելի լավ է` ողջ գիշեր: Հաջորդ օրն առավոտյան ձեր շամպայնաբույր, թեթեւ եւ շատ համեղ ժելեները պատրաստ կլինեն:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
Սիրելի Մելանյա, շնորհակալություն համեղ բաղադրատոմսերի համար, որ ներկայացնում եք այս բաժնում: