Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես չգիտեմ ով է վարչապետին այդպես զեկուցել, բայց հո հանքը լոմով չե՞ն քանդում վերցնում». Խոսրով Հարությունյան

Հուլիս 22,2018 17:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին ասուլիսում, խոսեց ՀՀԿ-ից «ժառանգած» 7 տոկոս տնտեսական աճի մասին՝ ասելով. «ՀՀԿ-ն ասում է՝ մենք 7 տոկոս տնտեսական աճով երկիր ենք թողել, եկեք բացենք ձեր տնտեսական աճը նայենք՝ ի՞նչ տնտեսական աճ է, մանիպուլյատիվ տնտեսական աճ է: Տարբեր մանիպուլյացիաներով, ընդերքը քանդել, արտահանելով… Իհարկե, տնտեսական աճի էդ մոդելը մեզ ձեռնտու չի: Մենք պետք է լրիվ ուրիշ իրավիճակ ստեղծենք երկրում»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը պատասխանեց վարչապետի քննադատությանը. «Ընդհանրապես ընդերքօգտագործումը, հանքարդյունահանումը տնտեսության ճյուղ է, այնպիսի ճյուղ, ինչպես տեքստիլը եւ այլն: Առաջին տարին էլ չի, չէ՞, 90-ականներից հանքարդյունաբերությունը դիտարկվել է՝ որպես տնտեսական աճի ապահովման կարեւորագույն ուղղություններից մեկը»: Նա ասաց, որ իհարկե, պետք է ունենալ տնտեսության դիվերսիֆիկացված կառուցվածք, եւ բոլորն էլ շատ լավ գիտեն, որ հանքարդյունաբերությունը կախված է միջազգային գներից,  որպեսզի ազգային տնտեսությունը կախված չլինի միջազգային շուկաների գներից, պետք է դիվերսիֆիկացնել տնտեսությունը: Ու ՀՀԿ-ն ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ հենց դրան է գնացել, որի արդյունքում կա արտահանման աճ. «Ակնհայտ է, որ կան լուրջ տեղաշարժեր, որոնք ստեղծում են նախադրյալներ՝ հետագա զարգացման համար: Ցանկացած կառավարության նպատակը նախեւառաջ այդ ժառանգությունը օգտագործելն է՝ բազմապատկել, եռապատկել, քառապատկել»:

Մեր դիտարկմանը, որ վարչապետի ասածը հենց դրան է վերաբերում, որ ՀՀԿ-ի ստեղծած տնտեսական քաղաքականության մոդելով մենք կախվածության մեջ ենք, ասում է՝ «պղնձի գները թանկ կլինեն՝ կքանդեն կտանեն, կցածրանան՝ էդ հանքերը տենց անտեր կթողնեն, կգնան»՝ Խոսրով Հարությունյանն արձագանքեց. «Կներեք, ես չգիտեմ ով է վարչապետին այդպես զեկուցել, բայց ի՞նչ է նշանակում հանքարդյունաբերություն, հո լոմով չե՞ն քանդում վերցնում: Այնտեղ ներդրումներ են կատարում, ենթակառուցվածքներ են կառուցվում: Այնպես չի, որ գինը իջավ, փակեմ գնամ, լոմով ու քլունգո՞վ են աշխատում այնտեղ, այդպես չի, չէ՞: Մարդիկ երկարաժամկետ կանխատեսումներ են անում: Այն ընկերությունները, որոնք աշխատում են հանքարդյունաբերության ոլորտում, միջազգային շուկայում վերլուծություն կատարելու լուրջ կարողություններ ունեն, կանխատեսումներ են անում  հնարավոր զարգացումների հետ կապված: Եթե այդպես լիներ, նավթարդյունաբերողներն էլ պիտի այդպես անեին: Նրանք երկարաժամկետ պայմանագրեր ունեն, կլիենտների առջեւ պարտավորություններ: Ես դժվար եմ պատկերացնում, որ պղնձի գներն ընկնեն, ասեն՝ չենք արտադրում էլ: Չի բացառվում, որ արտադրության տեմպերը մի պահ ընկնեն, աշխատողներ կրճատեն, դրանք ռիսկեր են, որ արդյունահանողները կրելու են եւ կրելու են նաեւ իրենց շահույթի հաշվին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031