Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կրակոցներից հետո ռուսական ճաշկերույթ Փանիկում․ հյուրընկալված պաշտպանության նախարարը պարզաբանեց, թե ո՞վ է մեղավոր (Ֆոտոշարք)

Հուլիս 22,2018 16:10

Փանիկում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո, որն ահուսարասափի մեջ էր գցել տեղի բնակիչներին, կրակոցների ձայներից նույնիսկ երեխաներ էին ուշաթափվել, ռուսական կողմն այսօր, այսպես ասած, ներողության կամ հաշտեցման միջոցառում էր կազմակերպել այս գյուղում։ Նրանք տեղում շիլա էին եփել՝ հյուրասիրելով ինչպես բնակիչներին, այնպես էլ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։ Վրաններ էին խփել, սեղաններ գցել։

Թե ինչո՞ւ էր ռուսական ռազմաբազան առանց գյուղապետին իրազեկելու ուսումնական զորավարժանք անցկացնել Փանիկի վարչական տարածքում՝ բնակելի տների մոտ, ո՞վ է մեղավոր, հայկական կողն իրազեկված եղե՞լ է այս միջոցառման մասին, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց․

«Մի քանի մասի բաժանենք․ առաջինը վերաբերում է 102-րդ բազայի գործողություններին։ 102-րդ բազայի ստորաբաժանումը իրականացնում է իր մարտական պատրաստվածությունը, միջոցառում, որը տարեկան պլանով համաձայնեցվում է պաշտպանության նախարարության հետ։ Բոլոր երթուղիները, տեխնիկայի շարժը տարեկան ծրագրերով պլանավորված են։ Երկրորդը՝ ծրագրերի շրջանակում կան տարբեր տեսակի մարզումներ, այս մարզումն իրականացրել է հետախուզական ստորաբաժանումը։ Հետախուզական ստորաբաժանման մարզման ընտրությունը վայրը եղել է սխալ և չհամաձայնեցված, բայց ձեզ մի գաղտնիք բացահայտեմ, քանի որ դրանք հետախույզներ են, իսկ նրանք մեծ տանջանքների տակ անգամ չեն բացահայտում իրենց անցկացման, մարզման վայրը, դրա համար եղել է որոշակի լարված խոսակցություն այստեղ։ Վայրն ընտրվել է սխալ, հետախույզներին չեմ ուզում պաշտպանել, բայց հետախույզները վերաբերել են մեր Փանիկ գյուղին՝ որպես իրենց յուրային ուժերին աջակցող բնակավայր, իսկ շարասյունը եղել է հակառակորդի շարասյուն, դրա համար որպես յուրային ուժերին աջակցող բնակավայրի կողքը իրանակացրել են այդ միջոցառումը, բայց ընտրել են սխալ։

Հիմա ինչ վերաբերում է համակարգմանը, համադրմանը, այդտեղ կա և՛ սխալ ռուսական կողմի, և՛ հայկական կողմի մոտ։ Համակարգումն այնքան ամենօրյա մեծ քանակությամբ միջոցառումներ են իրականացնում, որոնց վրա որպես առօրյա աշխատանք ուշադրություն չեն դարձնում։ Բայց ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ ռուսական կողմը մեկ օր առաջ տեղեկացրել է շարասյունի տեղաշարժի վերաբերյալ և տեղեկացրել է, որ լինելու է մարզում, վայրը չի նշել», -ասաց նախարարը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ իրավունք ունեի՞ն վայրը չնշելու, նախարարն ասաց․ «Իրավական տեսանկյունից պետք է համաձայնեցվեր, բայց իրենք իրենց սխալն ընդունել են, ներողությունը պաշտոնապես խնդրել են, և մենք արդեն հետևություններ ենք արել, որի արդյունքում լինելու է էլ ավելի համակարգված, ընդհուպ պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված։ Ինչ վերաբերում է Հայաստանյան կողմին, ծառայողական քննություններ են իրականացնում մեր գերատեսչություններում՝ պարզելու, բացահայտելու մեղավորներին, ինչ վերաբերում է ռուսական կողմին, իհարկե, լինելու է իրենց մոտ ծառայողական քննություն, որի արդյունքների վերաբերյալ չեմ կարծում, որ մենք կտեղեկանանք, բայց պատժվելու են»։

Հարցին՝ հայկական կողմը երաշխիք ունի՞, որ չեն կրկնվելու նման միջադեպերը, նախարարն ասաց․ «Երաշխիքը գիտեք ի՞նչ է, պայմանագրաիրավական բազան և մեր հետևողականությունը, առնվազն մեր հետևողականության համար ես կարող եմ ձեզ երաշխավորել»։

Նախարարը նաև նշեց, որ հայ-ռուսական միջպետական համաձայնագրերը քարի վրա գրված փաստաթղթեր չեն, ժամանակի ընթացքում խնդիրներ են առաջանում, որոնք պահանջում են պայմանագրաիրավական փոփոխություններ։ «Այս միջադեպը կարող է խթան հանդիսանալ որոշ փոփոխությունների», -ասաց Դավիթ Տոնոյանը։

102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովն այսօր լրագրողների հարցերին չպատասխանեց, ավելին՝ չլսելու ու չտեսնելու տվեց լրագրողներին, իսկ երեկ 102-րդ ռազմաբազայի տարածքում անցկացված կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարել էր, որ պաշտոնատար անձինք տեղյակ են եղել Փանիկում անցկացվող միջոցառման մասին։ Վերջինս Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանի հետ բաժանվեց ձեռքսեղմումով։

Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանն ասաց, որ այստեղ հաշտեցման խնդիր չկա, իրենք համապատասխան մարմիններին ահազանգել են, ռուսական կողմն էլ պարզաբանել է, որ իրականում իրենք նախկինում համաձայնեցրել են, սակայն տեղյակ չեն պահել թե՛ համայնքային, թե՛ մարզային։

«Աղմուկ հանեց այնքանով, որ գյուղացիները տեղյակ չէին պայթյուններից, կրակոցներից։ Եթե տեղյակ լինեին, կգնային, կտեսնեին ինչ է կատարվում , ուղղակի հանկարծակի են եկել, գիտեին երկրաշարժ է կամ կողքի բենզալցակայանն է պայթել։ Այս միջոցառումը ցույց է տալիս, որ հայ-ռուսական բարեկամությունը շարունակվում է», -ասաց Փանիկի գյուղապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031