Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանի մեկնաբանությունը. Պարզվում է՝ տնտեսական 7 տոկոս աճի հետ ՀՀԿ-ն կապ չունի՝ Վիճծառայությունն է, ԱՄՀ-ն

Հուլիս 22,2018 16:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին ասուլիսում, խոսելով ՀՀԿ-ից «ժառանգած» 7 տոկոս տնտեսական աճի մասին՝ ասաց. «Ասում են՝ 7 տոկոս տնտեսական աճ ունենք, երբ բացում ենք,նայում ենք, թե ինչ է, տեսնում ենք, որ ընդերքը քանդել են, արտահանել են արտերկիր եւ ասում են՝ մենք աճ ունենք եւ դա մեզնից կախված չի: Պղնձի գները թանկ կլինեն՝ կքանդեն կտանեն, կցածրանան՝ էդ հանքերը տենց անտեր կթողնեն, կգնան…Տնտեսական աճի կառուցվածքը ընդհանրապես պետք է փոխվի: Ես այն ժամանակ ԱԺ ամբիոնից ասում էի՝ այ էս տնտեսական աճը էս ի՞նչ կառուցվածք է, հիմա բնականաբար, որպես վարչապետ, ավելի մեծ տեղեկություն ունեմ, չէ՞: ՀՀԿ-ն ասում է՝ մենք 7 տոկոս տնտեսական աճով երկիր ենք թողել, եկեք բացենք ձեր տնտեսական աճը նայենք՝ ի՞նչ տնտեսական աճ է, մանիպուլյատիվ տնտեսական աճ է: Տարբեր մանիպուլյացիաներով, ընդերքը քանդել, արտահանելով… Իհարկե, տնտեսական աճի էդ մոդելը մեզ ձեռնտու չի: Մենք պետք է լրիվ ուրիշ իրավիճակ ստեղծենք երկրում»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, հարցին՝ համաձա՞յն եք վարչապետի քննադատության հետ, որ մանիպուլյատիվ տնտեսական աճ է ստեղծել ՀՀԿ-ն՝ պատասխանեց. «Տնտեսական աճի ցուցանիշների պատասխանատուն Ազգային վիճակագրական ծառայությունն է: Չեմ կարծում, թե ՀՀԿ-ականները առանձնապես կարող էին ազդեցություն ունենալ, որովհետեւ այդ փաստերը վիճակագրական մշակում են որոշակի մեթոդաբանությամբ եւ վերլուծվում, ուսումնասիրվում են նաեւ միջազգային կազմակերպությունների կողմից՝ ՀԲ, ԱՄՀ: Նրանք որեւէ կերպ չեն արձագանքել, նույնիսկ կասկածի տակ չեն առել այդ աճի տեմպերը, դա փաստ է: Ավելին ասեմ՝ անցյալ տարի սեպտեմբերին, երբ կառավարությունն ասում էր, որ այս պահի դրությամբ ունենք կանխատեսումներ, որ մինչեւ տարվա վերջ մենք կունենանք 4.5 տոկոս տնտեսական աճ, ԱՄՀ-ն նույնիսկ պնդում էր, ասում էր 4,5 չի կարող լինել, կլինի մոտ 3,8 տոկոս, բայց տարեվերջին արձանագրվեց 7.3, ընդ որում ԱՄՀ-ն ընդունեց դա, այսինքն, դա ՀՀԿ-ի ցանկությամբ չէր կարող լինել»:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ կառավարության ներկայացրած 7,5 տոկոս տնտեսական աճն իր հստակ կառուցվածքն ունի, մոտ 62-65 տոկոսը աճի, որը կազմում է 280 մլրդ, տեղի է ունեցել ծառայությունների եւ սպասարկման հաշվին. «Որ մենք ունենք ծառայությունների շեշտակի աճ՝ կապված զբոսաշրջության հետ, վճարունակ պահանջարկի բարձրացման հետ, դա ակնհայտ է, ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում: Հանրային սնունդ, զվարճանքի ոլորտում մոտ 20 տոկոս աճ ենք արձանագրել, գյուղատնտեսության մեջ անկում ենք ունեցել, բայց շինարարության մեջ 2,2 տոկոս աճ ենք արձանագրել: Սրանք փաստեր են, չգիտեմ ում դուրը գալիս է, ումը՝ չէ, բայց իրողություն են»:

Խոսրով Հարությունյանն ասաց՝ «թե ինչով է խանգարում նոր կառավարությանը նախկինի ստացած 7 տոկոս տնտեսական աճը, լավ չեմ պատկերացնում»: Մեր դիտարկմանը, որ ներկայացնում եք 7 տոկոս, բայց իրականում այդ աճը չկա՝ Հարությունյանն արձագանքեց՝ լավ, թող 7 չլինի, լինի, ենթադրենք, 6.5 տոկոս: Երբ ասացինք, որ խնդիրը 6-ի կամ 7-ի մեջ չէ, այլ կառուցվածքի, որը փուչիկ է իրականում՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Կներեք, կառուցվածքը հիմնականում ապահովվել է` ի հաշիվ ծսռայությունների աճի»: Նա խոսեց զբոսաշրջիկների թվի աճի մասին, ասաց, որ դա շուրջ 300 հազար վճարունակ ռեալ սպառող է:

Ճշտեցինք՝ այսինքն, համաձայն չեք, որ այստեղ մանիպուլյացիա կա՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ես քանի որ հետեւել եմ, այդպիսի պնդում չէի անի, առավել եւս, որ այդ բոլոր փաստերը ոչ թե ինչ-որ կուսակցություն, կառավարություն, այլ ԱՎԾ-ն է արել»:

Մեր զարմանքին, որ տնտեսական աճի հետ ՀՀԿ-ն ո՞նց կապ չունի, ո՞նց կարող է ԱՎԾ-ն, ասենք, Ստեփան Մնացականյանը, առանց իշխանությունների իմացության, նման բան աներ՝ Հարությունյանը հարցին հարցով պատասխանեց. «Այսինքն, կարող էր իշխանությունների պատվե՞րը կատարեր, դուք սա եք ուզում ասել, եւ ես դա չեմ կարող բացառել: Բայց այդ դեպքում հո ԱՄՀ-ն էլ իշխանության պատվերը չէ՞ր կարող կատարել, կամ Համաշխարհային բանկը: Շատ դժվար կլինի ենթադրել, որ ԱՄՀ-ն էլ է կառավարության պատվերը կատարում»:

Մեր հարցին՝ տնտեսական աճի ցուցանիշը մենակ ԱՎԾ-ի վրա թողնելով չի, չէ՞ որ այդ թվերը բյուջեի ներկայացման հաշվետվությունների ժամանակ գալիս է խորհրդարան, դուք տեսնում եք, վերահսկում եք՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Դուք ինձ հուշում եք նոր արգումենտ. նախորդ կառավարության բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացրեց ներկայիս կառավարությունը, եւ բոլոր փաստերը՝ հարկային կամ բյուջետային եկամուտների ավելացում՝ ի հաշիվ ինչ աղբյուրների, ինչ տնտեսական գործիքների, այդ բոլորը ներկայացվել է քննարկումների ժամանակ: Մոտ 100 մլրդ-ից ավելի գերակատարում ենք ունեցել, չէ՞, ու նոր կառավարությունը դա կասկածի տակ չի վերցրել: Սա է հարցը: Ես չգիտեմ ով եւ ինչ է ներկայացնում, ինչ են զեկուցում նոր վարչապետին, դրա համար դժվարանում եմ մեկնաբանել, բայց կարծում եմ, որ նոր ձեւավորված կառավարությունը պետք է փորձեր տնտեսական քաղաքականության արդյունքում ձեռք բերված դրականը ընդուներ հիմք եւ ջանքերը ավելացնելով՝ կրկնապատկեր, եռապատկեր, հետագա զարգացումների համար անշրջելի նախադրյալներ ստեղծեր: Ես այդպես եմ հասկացել վարչապետին, թե հիմա ինչ-որ մի բան փոխվել է, չգիտեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    հույսեր միք փայփայի հեռացեք հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031