Համակարգչային գրագիտության երկամսյա դասընթացների ավարտական փուլի վերջին օրն էր: Դասախոս պարոն Փայասլյանը դանդաղորեն մտավ ուսումնական սենյակ, բարևեց ունկնդիրներին, նստեց իր սեղանի մոտ, ներկա-բացակա արեց` նայելով ինքնագործ մատյանի բացված թերթիկին, հայացքը ուշադիր սահեցրեց այբբենական կարգով շարված ազգանուն-անունների վրայով, ապա գլուխը վեր բարձրացնելով, ասաց.
-Այսօր մենք ամփոփելու ենք անցյալ պարապմունքին համացանցի մասին մեր ստացած պատկերացումները: Սկսենք Հայարփիից, խնդրեմ պատասխանիր հետևյալ հարցին, ի՞նչ է իրենից ներկայացնում համացանցը:
-Համացանցը,-տեղից վեր կենալով, սկսեց Հայարփին,-կամ ավելի հաճախ օգտագործվող միջազգային տերմինը՝ Internet-ը պատկանում է էլեկտրոնային համաշխարհային (global) ցանցերի դասին, որտեղ server-ների (մեծ կարողություններով օժտված հզոր համակարգիչներ), modem-ների (անալոգային ազդանշանները թվայինի կամ հակառակը վերափոխող սարքեր) և կապուղիների միջոցով իրար են միացված միլիոնավոր համակարգիչներ (արդեն կարելի է ասել միլիարդավոր) և աշխատում են հատուկ սահմանված կանոններով, որը կոչվում է արձանագրություն (Protocol): Առաջին արձանագրությունների ստեղծման գործում մեծ դեր է կատարել ամերիկացի Վինտոն Սերֆը, որին hետագայում անվանեցին «Համացանցի հայր»: Իսկ երեք WWW–ներով (World Wide Web)-համաշխարհային սարդոստայն կոչվող համակարգը հանդիսանում է համացանցի հիմքը, որն իր մեջ ներառում է արձանագրությունների մի ամբողջական փաթեթ, ապահովելով տեղեկատվության ներկայացումն ու փոխանակումը գլոբալ ցանցերում:
-Լա՛վ, հիմա թող Արթուրը շարունակի՝ խոսելով կայքերի մասին:
-Սերվերները, ինչպես նշեց Հայարփին, մեծ կարողություններով օժտված հզոր համակարգիչներ են, որոնց մեջ պահվում է անհրաժեշտ տեղեկատվությունը: Էջերի այն հավաքածուն, որը ներկայացնում է իրար հետ իմաստով կամ ձևով կապված տեղեկատվություն անվանում են կայք (Site), որը կառավարվում է հատուկ մաթեմատիկական ծրագրերով՝ բրաուզերներով (Browser) և համակարգչի Display-ի էկրանին ներկայացնում է հարմարավետ կառուցվածք համացանցում աշխատելու համար: Հայտնի են, օրինակ, Google Chrome, Opera, Nexus, Lynix, Go բրաուզերները: Սակայն համացանցում ամենալայն տարածումն է գտել այդ ոլորտի առաջատարը՝ Internet Explorer բրաուզերը, որը մտել է բոլոր Windows գործավարական համակարգերի (System) փաթեթի մեջ, ինչպես նաև թողարկվում է առանձին ծրագրի տեսքով:
-Իսկ ո՞վ է ստեղծել առաջին Windows գործավարական համակարգը և ինչպիսի՞ զարգացում է այն ունեցել,-ընդհատելով Արթուրին, հարցը ուղղեց Վարդանին պարոն Փայասլյանը :
-Windows գործավարական համակարգը ստեղծվել է Բիլ Գեյթսի և իր համախոհների միջոցով մի փոքրիկ տնակում: Ներկայումս Գեյթսը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը և հանդիսանում է Մայքրոսոֆտ հայտնի ընկերության նախագահը: Այդ համակարգը անընդհատ փոփոխության է ենթարկվում, մշակվելով, մեծացնում է իր հնարավորությունները: Արդեն պատմության գիրկն են անցել Windows 2000, Windows XP, Windows Vista համակարգերը, դեռևս մեծ է Windows 7 և Windows 8 համակարգեր օգտագործողների թիվը, իսկ ներկայումս մեծ տարածում է գտնում ամենավերջին՝ Windows 10 տարբերակը,-արագորեն թվարկեց Վարդանը և շարունակեց,-սակայն պետք է նշել, որ այս համակարգի նախահայրը սկզբնական շրջանում մտնում էր DOS (Digital Operation System) կոչված համակարգի մեջ, որպես գրաֆիկական հավելված:
-Հասկանալի է,-արձագանքեց պարոն Փայասլյանը,-երևում է, որ լավ եք ընկալել թեման, իսկ հիմա թող այն շարունակի Կարինեն՝ խոսելով համացանցում համակարգիչների և օգտատերերի պայմանական անունների մասին:
-Յուրաքանչյուր համակարգիչ, որը պաշտոնապես միացված է համացանցին, ունի եզակի անուն` IP (Internet Protocol), որի առաջին մասի թվերը որոշում են, թե որտեղ է գտնվում համակարգիչը, այն կոչվում է ցանցի իդենտիֆիկատոր (identifier), իսկ երկրորդ մասի թվերը որոշում են կոնկրետ համակարգիչը ցանցում (հանգույցի իդենտիֆիկատոր): Համացանցը կազմված է բազմաթիվ մեծ ու փոքր ցանցերից` բաժանվելով չորս դասերի` A, B, C, D ըստ իրենց մեծության նվազման,-տեղից արագ վեր կենալով, շարունակեց Կարինեն: Բացի IP հասցեներից, որոնք բնորոշում են համակարգչի տեղը ցանցում, գոյություն ունեն նաև բնագավառային (Domain) հասցեներ, որոնք բնութագրվում են համակարգչի աշխարհագրական տեղով կամ գործունեության տեսակով և կոչվում են URL-Uniform Resource Locator-բազմակողմանի միջոցների ցուցիչներ, օրինակ` mail.ru, yahoo.com, Yandex.com, google.com, aravot.am, tert.am և այլն:
-Իսկ ի՞նչ իմաստ ունեն այդ անունները,-ընդհատեց Կարինեին պարոն Փայասլյանը, այս անգամ հարցը ուղղելով Արմենին:
-Դրանք կրճատված հասկացություններ են, օրինակ com.-comunication, ru.-Russian, am.-Armenia և այլն, որոնք կոչվում են բնագավառային հասցեներ և մարդն ավելի հեշտ է ընկալում, հիշում և գործնականում օգտագործում դրանք, իսկ համակարգչին հարմար է աշխատել IP հասցեներով: Նշենք նաև, որ այդ հասկացությունների միջև հատուկ կանոններով մշակված և հաստատված է այնպիսի հարաբերություններ, որոնց կառավարումը կատարում է բնագավառային անվանումների սերվերը-DNS (Domain Name System), որի մեջ պահվում են Domain-IP համակցող հասցեները:
-Ապրե՛ս, Արմեն, հիմա էլ թող ցանցերի մասին թեման շարունակի Լիլիթը, տեսնենք, թե նա ի՞նչ կասի կայքերի տեսակների մասին:
-Կայքերի տեսակները տարբեր են իրենց բնույթով, օրինակ, բլոգը Web կայքի տեսակ է, որի բովանդակությունը պարբերաբար թարմացվում է, իսկ forum-ները օգտագործողներին հնարավորություն են տալիս կազմակերպել առցանց քննարկումներ լայն լսարանի հետ, էլեկտրոնային նամակների միջոցով մարդիկ շփվում են իրար հետ, բայց այն համեմատաբար դանդաղ գործընթաց է: Եթե օգտատերերը ցանկանում են իրար հետ իրականացնել անմիջական շփում, ապա նպատակահարմար է օգտվել Skyp-ի ծառայություններից:
-Նստի՛ր Լիլիթ,-ընդմիջեց նրան պարոն Փայասլյանը, ապա շարունակեց,-այսքանը համառոտ նկարագրեցիք համացանցի ինչպես տեխնիկական և այնպես էլ մաթեմատիկական կառուցվածքի մասին, իսկ հիմա մի փոքր պատմական էքսկուրս կատարենք համացանցի ստեղծման և տարածման մասին, ե՞րբ է ստեղծվել համացանցը թող այս հարցին էլ պատասխանի Աննան:
-Համացանցի նախատիպը,-սկսեց Աննան,-գործարկվել է 1969 թ.-ին, որի ժամանակ հաղորդագրություն է ուղարկվել ընդամենը 600 կմ տարածության վրա, որը բաղկացած է եղել մի քանի սիմվոլից: Այն ժամանակ դժվար էր պատկերացնել, որ այդ երևույթը հեղաշրջում կարող էր առաջացնել մարդկության պատմության մեջ: Նշենք նաև, որ համացանցը սկզբում օգտագործվել է ռազմական նպատակներով, գաղտնի կերպով, սակայն հետագայում դարձել է լայն հասարակությանը հասանելի ցանց:
-Իսկ ե՞րբ է կիրառվել համացանցը Հայաստանի Հանրապետությունում անհատական նպատակներով, ընդհատեց պարոն Փայասլյանը:
Տիրեց լռություն, քանի որ Աննան դրա պատասխանը չգիտեր:
-Այդ հարցին ես կպատասխանեմ, քանի որ այն չէր մտցված մեր նախնական ուսումնական ծրագրի մեջ,-մեղավոր տեսք ընդունելով ասաց պարոն Փայասլյանը,-Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ այն ներդրվել է 1994 թվականին «Ինֆոկոմ» Փակ Բաժնետիրական Ընկերության կողմից՝ ընդամենը 2-3 անհատների տներում, իսկ ներկայումս այն համատարած բնույթ է կրում և հանրապետության գրեթե յուրաքանչյուր քաղաքացի, նույնիսկ հեռավոր մարզերում և սահմանամերձ գյուղերում ապրողները, օգտվում է համացանցի հնարավորություններից:
-Նարե՛կ, դու ին՞չ կարող ես ասել սոցիալական ցանցերի մասին,-ընդհատելով Աննային, շարունակեց պարոն Փայասլյանը:
-Սոցիալական ցանցերը,-սկսեց Նարեկը, տեղից վեր կենալով,-կայքերի տեսակ են, որտեղ գրանցվում են օգտատերերը՝ իրար հետ շփվելու համար: Ներկայիս ամենահայտնի սոցիալական ցանցերից է Facebook-ը, որի ակտիվ օգտագործողների թիվը այժմ գերազանցում է 2.0 միլիարդի սահմանը: Նրա ստեղծողը` Մարկ Ցուկերբերգը աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, սոցիալական ցանցերի տեսակ են՝ Twitter, Linkedin, Vkontakte-ն, մեծ ժողովրդականություն է վայելում նաև Odnoklassniki ցանցը:
-Դավիթն էլ թող պատասխանի՝ թե ի՞նչ են իրենցից ներկայացնում վիրուսային ծրագրերը,-ընդհատեց Նարեկին պարոն Փայասլյանը:
-Համակարգչային այսպես կոչված վիրուսները, նույնպես մաթեմատիկական ծրագրեր են, որոնք տարածվում են հիմնականում համացանցի միջոցով, որոնք օգտագործվում են չար նպատակներով՝ խաթարելով կայքերի բնականոն աշխատանքը, դրանք բազմաթիվ են և բազմապիսի, օրինակ, տրոյական վիրուսային ծրագրերը համացանցում ամենատարածվածներից են, դրանց չեն զիջում նաև այսպես կոչված որդերը:
Հատկապես պետք է զգույշ լինել այն նամակների հետ, որոնք ձեզ առաջարկում են կատարել առցանց առևտուր կամ գայթակղիչ ֆինանսական գործառույթներ։ Անհրաժեշտ է, որ համակարգչում անծանոթ սկավառակ կամ այլ տիպի կրիչ տեղադրելուց հետո անպայման ստուգել այն հակավիրուսային ծրագրով, իսկ անհրաժեշտ հավելվածային ծրագրերի ներբեռնումը պետք է կատարել միայն դրանք արտադրողի պաշտոնական կայքից:
Վիրուսային ծրագրերի աշխատանքը չեզոքացնելու համար կիրառվում են հակավիրուսային ծրագրեր, սակայն, պետք է նշել, որ ներկայումս այդ բացասական երևույթների դեմ պայքարելու համար գոյություն չունի միասնական ծրագրային համակարգ։
-Իսկ հիմա Գայանեն թող խոսի մի կարևոր գործառույթի մասին ևս, ի՞նչ է իրենից ներկայացնում գաղտնաբառը,-հոգնած տեսք ընդունելով, արտասանեց պարոն Փայասլյանը:
Գայանեն արագորեն բարձրացավ իր տեղից մազերը ուղղեց և սկսեց.
-Գաղտնաբառը դրվում է ինչպես համակարգչի, այնպես էլ որոշակի ծրագրային կայքերի վրա, որտեղ մենք գրանցվում ենք, օրինակ, սոցիալական ցանցերում գրանցվելիս, էլեկտրոնային նամակի հասցե ընտրելիս, ֆեյսբուքում տեղ զբաղացնելիս, սկայպով հաղորդակցվելիս և այլն: Ցանկալի է, որ գաղտնաբառը ունենա երկար ու բարդ կառուցվածք, իր մեջ պարունակի մինչև տասը և ավելի գրանշան, ցանկալի է, որ տարբեր գործառույթներում օգտագործել տարբեր գաղտնաբառեր: Խորհուրդ չի տրվում որպես գաղտնաբառ օգտագործել լայն տարածում գտած անունները և տարեթվեր:
-Լուսինե,՛ դու էլ համառոտ շարադրիր համացանցի դրական և բացասական կողմերի մասին և դրանով կավարտենք այսօրվա ամփոփումը,-շեշտադրեց պարոն Փայասլյանը:
-Համացանցի դրական կողմերի մասին մենք բոլորս էլ լավ գիտենք, այն տեղեկատվություն ստանալու, պահելու, փոխանակելու, գործառույթները կառավարելու անսպառ աղբյուր է, սակայն ունի նաև բացասական կողմեր: Հատկապես այն տներում, որտեղ մանկահասակ երեխաներ կան, համացանցը երբեմն գլխացավանք է դառնում: Երեխաները կարող են ամբողջ օրը, նույնիսկ գիշերները, չհեռանալ համակարգչից՝ գայթակղվելով բազմաթիվ զվարճալի մուլտերի, իրական (virtual) խաղերի, հասակակիցների հետ հաղորդակցվելու հետևանքով: Ծնողների համար այն բավականին լուրջ խնդիր է դառնում, եթե նրանք ի սկզբանե երեխայի համար չեն սահմանում և խստորեն կիրառում համակարգչից օգտվելու կանոնները, իսկ պայքարը նրա բացասական հետևանքների դեմ հետագայում դառնում է բարդ ու դժվարին խնդիր: Մեզանից յուրաքանչյուրը պետք է փոքրերին սովորեցնի թե ի՞նչի համար է նախատեսված համացանցը և երեխայից պահանջի նրանից օգտվելու ճիշտ կանոնները, երեխաներին զերծ պահելով համացանցի վտանգավոր կախվածությունից, որը հիշեցնում է ալկոհոլի և թմրանյութի չարաշահման նման մի բան: Այս հիվանդագին երևույթը հիմնականում առաջանում է 9-11 տարեկան երեխաների մոտ, եթե նրանք ավելի փոքրուց ծանոթացել են համակարգչի հետ: Նրանք չեն ուզում հաճախել դպրոց, դասերի ժամանակ ցրված են լինում, շտապում են րոպեներ առաջ տուն վերադառնալ և հագուստը դեռ չփոխած, անմիջապես վազում են դեպի համակարգիչը: Ուսուցիչների հանձնարարած տնային աշխատանքները չեն ուզում կատարել: Այս վտանգավոր հիվանդությունը հաճախ կարող է վարակել նաև մեծահասակներին, որոնց ավելի շատ հետաքրքրում են սոցիալական կայքերում տրվող զանազան բամբասանքները, անծանոթ օգտատերերի մասին տեղեկությունները, մերկ նկարներով կանայք և այլն:
-Այսքանով ավարտենք մեր այսօրվա թեմայի ամփոփումը,-ընդհատելով Լուսինեին, եզրափակեց պարոն Փայասլյանը,-որը նվիրված էր շատ կարևոր մի իրողության՝ համացանցին, հիշե՛ք, որ ձեր իսկական օգնականը և հակառակորդը համացանցում առաջին հերթին դուք եք, իսկ համակարգչային գրագիտության ուսումնական մյուս թեմաների ամփոփմանը կանդրադառնանք առաջիկայում և վերջացնելով այն, մեկ շաբաթ անց արդեն տեղի կունենա ուսումնական դասընթացների ստուգարքի հանձնումը և այն դրական հանձնողները կստանան համակարգչային գրագիտության ուսուցման երկամսյա դասընթացների ավարտական վկայական, հակառակ պարագայում անհրաժեշտ կլինի ստուգարքը հանձնել երկրորդ և ավելի անգամ:
Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ