Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան և Ղարաբաղ

Հուլիս 22,2018 12:00

Ղարաբաղն անկախ պետությու՞ն պետք է լինի, թե՞ պետք է հռչակվի ու հանդիսանա Հայաստանի Հանրապետության մաս: Այս հարցը միշտ եղել է՝ սկսած Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրվանից: Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրվանից այս հարցը մշտապես եղել է, բայց մենք այս հարցում ընդհանուր հայտարարի չենք եկել:

Այս հարցում Հայաստանն ու Ղարաբաղը նույնիսկ հակասության մեջ են: Մենք ողջ աշխարհից պահանջում ենք ճանաչել Ղարաբաղի անկախությունն ինքներս չենք ճանաչել, և եթե նույնիսկ ուզենայինք էլ, չէինք կարող ճանաչել, քանի որ ժամանակին մեր խորհրդարանը որոշում է կայացրել, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է Հայաստանի մաս: Եվ չնայած այդ որոշումը կայացնողը, փաստորեն, Խորհրդային Հայաստանի խորհրդարանն էր, որը, եթե հիշում եք, այդ որոշումը կայացրեց «Ղարաբաղ» կոմիտեի ճնշման տակ, այդուհանդերձ, առ այսօր այդ որոշումը չեղյալ չի հայտարարվել ո′չ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից և ոչ էլ Հայաստանի Երրորդ Հանրապետության իշխանությունների կողմից:

Այսօր էլ մեր քաղաքագետներն ու քաղաքական գործիչներն այս առումով բաժանվում են երկու խմբի. ոմանց կարծիքով, Ղարաբաղն օգտվելով ինքնորոշման իր իրավունքից՝ պետք է հռչակվի անկախ պետություն և հանդիսանա հայոց երկրորդ ինքնիշխան պետությունը, ոմանք էլ գտնում են, որ Լեռնային Ղարաբաղը ոչ թե պիտի առանձին ու անկախ պետություն հռչակվի, այլ պետք է հռչակվի ու վերահաստատվի՝ որպես Հայաստանի անբաժանելի մաս: Այս պոտենցիալ բանավեճն իրականում գոյություն ունի, բայց դեռևս լրջորեն ծայր չի առել, քանի որ, չնայած զինադադարի որոշումը կա, այդուհանդերձ, փաստորեն, պատերազմը դեռ չի ավարտվել, և ապրիլյան իրադարձությունները ցույց տվին, որ ամեն պահի կարող է պատերազմը լրջորեն վերսկսվել:

Պատերազմի վերսկսման վտանգը միշտ եղել է ու կա, բայց Հայաստանյան հեղափոխությունից անմիջապես հետո, հնարավոր է նաև՝ այդ հեղափոխության շորշոփի տակ աշխուժացավ նաև Ղարաբաղի ընդդիմությունը, և մի պահ Ղարաբաղում էլ հեղափոխական իրավիճակ ծայր առավ, բայց շնորհիվ Հայաստանի նոր իշխանությունների և անձամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորների, Լեռնային Ղարաբաղի ընդդիմությունը «ձեռ քաշեց» իր հեղափոխական մտադրությունից: Կասկածից վեր է, որ եթե Լեռնային Ղարաբաղում հեղափոխական անկայուն վիճակ առաջանա, Ադրբեջանն ամեն կերպ կփորձի օգտվել այդ իրավիճակից: Առ այսօր Լեռնային Ղարաբաղի քաղաքական ու ռազմական հաջողությունների հիմքն ու գրավականը ներքին կայունությունն է եղել, և Ղարաբաղի ընդդիմությունը չի կարող և իրավունք էլ չունի իրեն հեղափոխական շռայլություն թույլ տալ:

Ասացինք, որ Ղարաբաղում ներքաղաքական կրքերը հանդարտվեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական միջամտությունից ու հորդորից հետո: Սա ևս նշանակում է, որ   Ղարաբաղն ինչ-որ տեղ և ինչ-որ առումով իրեն համարում է Հայաստանի մաս: Կամ, պատկերավոր ասած, Ղարաբաղն իրեն համարում է Հայաստանի կրտսեր եղբայրը: Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանից տարիքով անհամեմատ մեծ է, բայց, փաստորեն, ավագը Նիկոլն է: Մենք ենք ավագը: Կարևորն այն է, որ Ղարաբաղն ու ղարաբաղցիներն էլ են այդպես համարում: Եվ չնայած վերջին տարիներին ղարաբաղցիների ներկայությունը  Հայաստանում ավելի զգալի ու տեսանելի է եղել, քան հայաստանցիներինը, այդուհանդերձ, բոլորն էն կարծիքին են, որ Ղարաբաղը պիտի միանա Հայաստանին, այլ ոչ թե Հայաստանը՝ Ղարաբաղին, իսկ նրանք, ովքեր ինքնորոշման կողմնակիցներ են, այլ ոչ թե՝ միացման, գտնում են, որ ողջ աշխարհը պիտի ճանաչի Ղարաբաղի հանրապետության անկախությունն ու ինքնորոշման իրավունքը, ընդ որում՝ առաջինը հենց Հայաստանն է պարտավոր ճանաչել Ղարաբաղի անկախությունն ու ինքնորոշման իրավունքը:

Չնայած Հայաստանի քաղաքագետների ու քաղաքական գործիչների մեջ քիչ չեն նրանք, ովքեր վստահորեն համարում են, որ Լեռնային Ղարաբաղը ոչ թե ինքնուրույն ու ինքնիշխան պետություն պետք է լինի, այլ պետք է միանա Հայաստանին ու հռչակվի Հայաստանի մաս, այսուհանդերձ, այս լրջագույն հարցը դեռևս լուրջ քննարկման չի արժանացել և, ամենայն հավանականությամբ, դժվար էլ արժանանա, և դա միանգամայն տրամաբանական  ու բնական է, որովհետև շատ տարօրինակ կլինի, եթե մենք ողջ աշխարհից պահանջենք ճանաչել Ղարաբաղի հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը, մինչդեռ ինքներս չճանաչենք այն և նույնիսկ չմտածենք ու չխոսենք այդ մասին: Ավելի ճիշտ կանենք, եթե մտածենք Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին: Հայաստանի կողմից:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031