Լրահոս
Օրվա լրահոսը

Ականատես եղա մեր հաղթանակին և անձամբ Նիկոլ Փաշինյանի՝ նոր վարչապետի հետ տոնեցինք դա. Զարեհ Սինանյան (տեսանյութ)

Հուլիս 21,2018 22:12

Հարցազրույց Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքի քաղաքապետ պրն ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԻ հետ

-Պրն Սինանյան, հայտնի է, որ Դուք սիրված եք Գլենդեյլ քաղաքի բնակիչների մեծամասնության, հատկապես հայերի կողմից: Ես ինքս էլ շատ ուրախ եմ, որ Ձեզ նման պարկեշտ ու բանիմաց քաղաքապետ ունենք: Այդ պատճառով էլ ուզում եմ հարցազրույց վարել Ձեզ հետ և հնարավորինս, Ձեր միջոցով պարզաբանել քաղաքի ու քաղաքացիներին առնչվող խնդիրները, նաև Ձեր օրինակով ոգեշնչել մեր հայրենիքի քաղաքացիներին և ցույց տալ, թե իրականում ինչպիսին պետք է լինի քաղաքապետը: Պրն քաղաքապետ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին: Ե՞րբ և որտե՞ղ եք ծնվել: Ովքե՞ր են Ձեր ծնողները:         

-Ծնվել եմ 1973թ. դեկտեմբերի 5-ին Երևանում: Հայրս՝ Նուրան Սինանյանն է, ով ծնվել է Պոլսում, իսկ մայրս՝ Հերսիլե Սինանյանն է, ով ծնվել է Երևանում:

-Ե՞րբ եք մշտական բնակության համար տեղափոխվել Միացյալ Նահանգներ և ինչու՞:

-Ժամանել ենք Միացյալ նահանգներ 1988թ. մայիսի 10-ին: Ծնողներս կարծում էին, որ Խորհրդային Միությունում հնարավոր չէր ազատ ապրել, իսկ իրենց երեխաներն էլ չէին կարող լավ ապագա ունենալ այնտեղ:

-Ինչպիսի՞ կրթություն եք ստացել, ի՞նչ մասնագիտություն ունեք, որտե՞ղ եք նախկինում աշխատել: 

-1992թ. ավարտել եմ ավագ դպրոցը Բըրբանկում, իսկ այնուհետև 1992-97թթ. սովորել եմ Լոս Անջելեսի UCLA համալսարանում, ունեմ պատմաբանի և քաղաքագետի կրթություն: Դրանիցհետո սովորել եմ USC համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և ավարտել այն     2000թ.: Մինչև քաղաքապետ դառնալն աշխատել եմ զանազան իրավաբանական ընկերություններում:

-Համառոտ կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Կինս՝ Լորի  Սինանյանը հայ է, ծնվել է այստեղ, սակայն ծնողները Բուլղարիայից են ներգաղթել: Ունեմ 4 երեխա, ամենափոքրը 7 տարեկան է, ամենամեծը՝ 12: Շատ համերաշխ ապրում ենք ծնողներիս հետ, ովքեր հսկայական դեր և ներդրում ունեն իմ ընտանիքում:

Միացյալ Նահանգներում քաղաքապետի պաշտոնում գտնվող անձն ավելի շատ քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական գործառույթներ է իրականացնում, թե՞ միգուցե երկուսը միասին: 

-Անկասկած երկուսը միասին: Պաշտոնավարում ես ու հասնում այդ պաշտոնին քաղաքական գործընթացների արդյունքում, հետո էլ՝ անմասն չես կարող մնալ, սակայն բուն աշխատանքն ունի հսկայական տնտեսական բաղադրիչ:

-Ի՞նչ որոշակի պարտականություններ ունի Գլենդեյլ քաղաքի քաղաքապետը և քաղաքապետարանի խորհրդի անդամները՝ Վարդան Կարպետյանը, Վրեժ Աղաջանյանը, Արա Նաջարյանը և Պաուլա Դիվայնը (Paula Devine), թե՞ նրանք միայն խորհրդատվական, այլ ոչ թե գործադիր գործառույթներ ունեն:

-Հետաքրքիր հարց եք տալիս: Իրականում մենք գործադիր չենք, մենք որոշումներ ենք կայացնում, իսկ ի կատար են ածում քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները` քաղաքապետարանի կառավարչի և մոտ 1,700 աշխատակիցների կողմից:

-Դուք արդեն երկրորդ անգամն է, որ ընտրվում եք Գլենդեյլ քաղաքի խորհրդի անդամների կողմից որպես քաղաքապետ: Առաջին անգամ ընտրվել էիք 2014թ.-ին: Ինչպե՞ս պատահեց, որ Դուք երկրորդ անգամն էլ ընտրվեցիք, 2018թ. ապրիլին, կարծեմ:

-Այո՛: Ինձ ընտրել են քաղաքապետարանի՝ խորհրդի անդամները, ըստ երևույթին, առաջին հերթին ինձ վստահելով և, իհարկե՛, հաշվի առնելով նախորդ տարիներին ցուցաբերած իմ փորձառությունը:

-Հայտնի է, որ Գլենդեյլի վարձակալվող բնակարանների վարձը վերջին տարիներին անշեղորեն աճում է՝ արդարացիորեն հարուցելով բնակիչների դժգոհությունը: Ի՞նչ որոշակի քայլեր է պատրաստվում անել քաղաքապետարանն այս հարցի կապակցությամբ: Վարձակալ բնակիչները ստորագրություններ են հավաքում բնակվարձերի վրա վերահսկողություն սահմանելու համար: Դուք պատրաստ ե՞ք աջակցելու նրանց:

-Պատրաստ եմ աջակցելու, բայց պատրաստ չեմ այդ գաղափարի ջատագովը դառնալու, քանի որ պատճառն ազատ շուկայական հարաբերություններն են, որոնց ես հավատում եմ:           Կապիտալիստականը՝ ի տարբերություն համայնավարական համակարգի, որին մենք լավ ծանոթ ենք, ավելի լավ գործող համակարգ է՝ չնայած կատարյալ չէ: Փաստ է, որ ո՛չ միայն Գլենդեյլ քաղաքը, այլ ամբողջ Կալիֆորնիայի նահանգը խորը ճգնաժամի մեջ է, քանի որ       վերջին 20 տարիների ընթացքում ամեն տարի նահանգի բնակչությունն աճել է մոտ 400,000-ով, իսկ բնակարանային շինարարությունը    ետ է մնացել: Այս պահին Կալիֆորնիայում 1.3 մլն բնակարանի պակաս կա: Այսինքն պահանջարկը զգալիորեն ավելի մեծ է քան առաջարկը: Արդյունքում ունենք թե՛ բնակվարձերի, և թե՛ բնակարանների գների զգալի աճ: Այնպես որ, բնակվարձերի վրա հսկողություն սահմանելով խնդիրը չի լուծվի:

-Չնայած բարեկեցիք և բարձր կենսամակարդակին, Գլենդեյլում բավականին շատ են սոցիալապես անապահով մարդիկ: Ինչու՞ «Section 8» կոչված պետական նախաձեռնությամբ հերթագրումը դադարեցված է այս քաղաքում, իսկ նախկին հերթն էլ գրեթե առաջ չի շարժվում: 

-Ինչու՞ հերթագրենք, երբ այս պահին դեռ 2,500 հերթագրված ունենք, որոնք 17 տարի սպասում են իրենց հերթին: Պետք է այս մարդկանց ապահովենք, հետո նոր սկսենք նոր   հերթագրում: Իսկ հերթն այդքան դանդաղ է շարժվում, որովհետև «Section 8»-ը ոչ թե նահանգային, այլ դաշնային ծրագիր է և, բնականաբար, ֆինանսավորվում է դաշնության     կողմից: Դժբախտաբար հանրապետական կուսակցությունը կոնգրեսում դժկամությամբ է վերաբերվում բոլոր սոցիալական ծրագրերին: Մենք այս տարի ավելի քիչ գումար ենք ստացել «Section 8»-ի համար, քան նախորդ 12 տարիների ընթացքում:

-Նույն հարցը կուզեի տալ նաև ցածր եկամուտ ունեցող մարդկանց բնակարանային հերթի համար: Ինչպիսի՞ն է վիճակն այժմ այս կապակցությամբ:  

-Այս դեպքում ֆինանսավորումը նահանգային է: Փորձում ենք ինչ որ միջոցներ կուտակել և դրանք օգտագործել ցածր եկամուտ ունեցող մարդկանց համար՝ զգալի ցածր վարձակալմամբ բնակարաններ հատկացնելու համար: Օրինակ, 3 շաբաթ առաջ մենք մի    այդպիսի շենքի հիմքը դրեցինք Գլենդեյլ քաղաքի՝ Սոնորա և Գլենուր փողոցների անկյունում: Արդյունքում ունենալու ենք 65 նոր բնակարան: Այժմ մի օրենսդրություն ենք պատրաստում՝ ըստ որի բազմաբնակարան (10-ից ավելի) շենքեր կառուցողները պարտադիր պարտավոր են որոշակի քանակությամբ, ասենք՝ 15 տոկոսի չափով բնակարաններ հատկացնել ցածր եկամուտ ունեցող մարդկանց:

-Ի՞նչ այլ զեղչեր և արտոնություններ են նախատեսված կարիքավոր և սոցիալապես անապահով մարդկանց համար:

-Զեղչեր չկան, չհաշված ավտոբուսով տարեցների երթևեկման զեղչերը: Կան ծրագրեր թե՛ քաղաքապետարանի, և թե՛ Լոս Անջելես վարչակազմի կողմից, սակայն չեմ ուզում դրանց մասին խոսել, քանի որ աննշան են:

-Վերջերս Գլենդեյլում կարելի է հանդիպել անօթևանների: Ի՞նչ ծրագրեր ունի քաղաքապետարանը՝ նախատեսած նրանց համար:

-Բնակարանների և բնակվարձերի թանկացման պատճառով վերջերս սկսվել է գրանցվել անտունների թվի զգալի աճ ոչ միայն Գլենդեյլում, այլ ամբողջ Կալիֆորնիայում: Սա հասարակական լուրջ խնդիր է: Անօթևանների վերաբերյալ ծրագրեր շատ ունենք, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ այդ մարդիկ, զանազան պատճառներից ելնելով, այնքան էլ հակված չեն օգտվելու այդ ծրագրերից: Ունենք նրանց համար նախատեսված ճաշարաններ, անօթևանների կենտրոն, որը կոչվում է Ասենսիա (Ascencia) և միշտ մարդաշատ է, իսկ վերջերս էլ նրանց համար կառուցեցինք ձմեռային կացարան:

-Ի՞նչ ծրագրեր կան տարեցների վերաբերյալ:

-Նրանց համար նախատեսված, «Տարեցների հանգստի կենտրոն» (Adult Recreation Center) ունենք, որը գտնվում Գլենդեյլի՝ Կենտրոնական գրադարանի հարևանությամբ:

-Այս տարի, կարծես ավելի շատ է խոսվում սեռական անհանդուրժողականության, սեռական հետապնդումների և զանազան նմանատիպ աղմկահարույց դեպքերի մասին: Քաղաքապետարանը մասնակից է՞ այդ բոլորին, թե՞ ոչ:

-Շարունակաբար պայքարում ենք նման երևույթների դեմ: Մենք չենք ձևացնում, որ    Գլենդեյլում նման բան գոյություն չունի: Այդ պատճառով էլ պարբերաբար «Սեռական կողմնակալության» (Gender Bias) վերապատրաստման դասընթացներ ենք անցկացնում այդ բոլորը կանխելու համար:

-Դուք, կարծեմ Հարավային Կալիֆորնիայի ամենացանկալի քաղաքի՝ Գլենդեյլի 72-րդ քաղաքապետն եք: Բոլոր Ձեր նախորդները խնդիր էին դնում իրենց առջև՝ Գլենդեյլը դարձնել զարդ քաղաք (Jewel City):  Դուք ի՞նչ ծրագրեր ունեք այն ավելի հրապուրիչ ու ցանկալի դարձնելու համար:

-Այո՛: «Jewel City»-ն դա մեր սիրելի քաղաքի մականունն է: Ամենահրապուրիչ բանը, իմ տեսանկյունից, դա քաղաքի տնտեսությունն ուժեղացնելն է: Եթե չկան աշխատատեղեր, ապա մնացածն էական չէ: Այդ նպատակով բավականին շատ աշխատանք ենք տանում Գլենդեյլի       համակարգչային տեխնոլոգիաների (IT) հատվածի զարգացման համար: Անցկացնում ենք բազմաթիվ համաժողովրդական միջոցառումներ, օրինակ՝ հնաոճ ավտոմեքենաների ցուցահանդեսներ կենտրոնական Բրանդ (Brand) փողոցի վրա, բացօթյա համերգներ, կինոնկարների ցուցադրումներ զբոսայգիներում, տոնակատարություններ, օրինակ՝          գերմանական գարեջրի, կինոնկարների, ինչպես նաև տոնական միջոցառումներ, օրինակ՝ Սուրբ ծննդյան, Նոր  տարվա այլն: Որոշել ենք վերականգնել տրամվայ ուղևորատեսակը Գլենդեյլի կենտրոնական փողոցներում և այլն: Ծրագրերը շատ են, չափազանց շատ: Ուզում             ենք փոխադրամիջոցներից արգելափակել երկու փողոց, ստեղծելով  զբոսավայր հետիոտների   համար, սկսած Մերիլանդ (Maryland) փողոցից մինչև Հարվարդ (Harvard) և Ուիլսոն (Willson) փողոցները:

-Ի՞նչ հատուկ միջոցառումներ են նախատեսվում քաղաքապետարանում հայ համայնքի համար, քանի որ նրանք կազմում են 220 հազար բնակչությամբ քաղաքի ավելի քան 1/3-ը:

-Կարծեմ 40 տոկոսից ավելի հայեր են ապրում այստեղ: Հայերի համար հատուկ ծրագրեր չունենք, քանի որ քաղաքապետարանը բոլորին է ծառայում: Մենք քաղաքապետարանի տարածքը հաճախ հատկացնում ենք հայերին իրենց ազգային տոները նշելու համար, ինչպես նաև ամեն տարի ապրիլի 24-ին աջակցում ենք մեր հայրենակիցներին Հայոց        ցեղասպանության օրը հիշելիս: Գլենդեյլի քաղաքապետարանը և ոստիկանությունը պատշաճ ձևով աջակցեց գլենդեյլյան ցույցերին հայաստանյան թավշյա հեղափոխության ժամանակ:    Ընդհանրապես Գլենդեյլում մշակութային կյանքը եռում է, քանի որ բավականին հաճախ են Հայաստանից ժամանում խմբեր՝ զանազան մշակութային միջոցառումներ անցկացնելու համար: Դա բոլորին է հայտնի:

-Հայտնի է, որ Գլենդեյլի քաղաքապետն ընտրվում է ընդամենը մեկ տարով: Ի՞նչ եք կարծում այդ ժամկետը բավարար է՝ խոստացված բոլոր ծրագրերը  կյանքի կոչելու համար: Միգուցե՞ հասունացել է պահը և անհրաժեշտություն կա այդ ժամկետը երկարաձգելու, ասենք՝ դարձնելու երկու տարի, քանի որ օր-օրի Գլենդեյլն ընդարձակվում է, ընդլայնվում է նաև գործարար ոլորտը:

-Մեկ տարում անհնար է իրագործել որևէ ծրագիր: Ձեր հարցադրումը ճիշտ էր: Երևի հետագայում այդ ժամանակը դարձվի 4 տարի: Այսպիսի խոսակցություններ արդեն կան:

-Կալիֆորնիան երկու ժողովրդավար սենատորներ ունի Միացյալ Նահանգների Սենատում ընդգրկված, Դայան Ֆայնստայնը (Dianne Feinstein) և Կամալա Հարիսը (Kamala Harris): Գլենդեյլի քաղաքապետարանի խորհուրդը կամ Դուք նրանց հետ համագործակցում ե՞ք, կապ ուն՞եք նրանց հետ:

-Այո՛, համագործակցում ենք, բայց շատ թեթևակի, քանի որ դժվար հասանելի են զբաղվածության պատճառով: Կարելի էր մեր քաղաքի բոլոր խնդիրները բարձրացնել նրանց առջև: Շուտով ես հանդիպելու եմ սենատոր Դայան Ֆայնստայնի ներկայացուցչի հետ, տեսնենք՝ ի՞նչ կստացվի, հատկապես դաշնային ֆինանսավորումների գծով:

-Կալիֆորնիայի կողմից Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում (House of Representatives) ներկայացված են 53 անդամներ և նրանցից միայն Ադամ Շիֆն (Adam Schiff) է, որ սերտորեն կապված է հայ համայնքի հետ, մի քիչ էլ՝ թերևս Նանսի Փելոսին (Nancy Pelosi): Ինչու՞ են մյուսներն անտարբեր հայ համայնքի հանդեպ: Արդյո՞ք դա հայ համայնքի կողմից բացթողում է, միգուցե՞ կարիք կա այդ ուղղությամբ աշխատելու:

-Թերևս, հայ համայնքն այնքան էլ ակտիվ չէ: Կալիֆորնիայում էլի կան հայամետ կոնգրեսականներ, սակայն պարզ է, որ Ադամ Շիֆն ամենահայամետն է, քանի որ նա ներկայացնում է Միացյալ Նահանգների ամենահայաշատ ընտրատարածքը:

-Կալիֆորնիայի Պետական համաժողովի (California State Assembly) անդամ, ժողովրդավար Լորա Ֆրիդմանը (Laura Friedman) 43-րդ շրջանն է ներկայացնում, ընդգրկելով Գլենդեյլ (Glendale), Բըրբանկ (Burbank), Փասադինա (Pasadina), Լա Քնյադա Ֆլինթրիջ (La Cañada Flintridge) քաղաքների, ինչպես նաև Լոս Անջելեսի (Los Angeles) և Լա Կրեսենտա-Մոնրոսի (La Crescenta-Montrose) մի հատվածը: Ինչու՞ է նա ավելի քիչ շփվում հայ համայնքի հետ, քան 25-րդ շրջանը ներկայացնող Անտոնիո Պորտատինոն, ով ընդգրկված է Սան Ֆերնանդոյի Վալի (San Fernando Valley) և Սան Գաբրիել Վալի շրջանների (San Gabriel Valley) մի մասում:

-Անտոնիո Պորտատինոն իմ լավ բարեկամն է և ներկայացնում է Կալիֆորնիայի սենատը, այլ ոչ թե Պետական համաժողովը, ինչպես Լորա Ֆրիդմանը: Նա որպես սենատոր լավ հարաբերություններ ունի հայ համայնքի հետ: Ա. Պորտատինոն շատ լավ, բավականին լավ       հարաբերությունների մեջ է հայերի հետ: Լորա Ֆրիդմանի հետ ժամանակին 4 տարի աշխատել եմ քաղաքային խորհրդում: Նա էլ՝ երևի զբաղվածության պատճառով է, որ քիչ է շփվում մեզ   հետ:

-Գլենդեյլի քաղաքացիներից շատերը ցանկանում են տեսնելու Ձեր առաջադրումն ավելի բարձր քաղաքական պաշտոններում: Չեք կարծու՞մ, որ ժամանակն է առաջադրվելու, ասենք՝ Կալիֆորնիայի Պետական համաժողովում, սենատում կամ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում: Ես համոզված եմ, որ հայ համայնքը Ձեզ կաջակցի այդ հարցում:

-Շնորհակալություն այս հարցի համար, սակայն առաջադրումը պետք է արվի քայլ առ քայլ և շատ դժվար է: Հուսով եմ, որ որևէ հայ թեկնածուի կողմից առաջադրումը վերջիվերջո կստացվի, եթե հայ համայնք էլ իր հերթին աջակցություն ցույց տա այս գործում:

-Բոլորը գիտեն, որ Դուք, չնայած զբաղվածությանը ժամանակ եք  հատկացնում հայ համայնքի հետ՝ կապված ցանկացած իրադարձության մասնակիցը դառնալու համար, ինչպես նաև մասնակցում եք համաժողովրդական ընդվզման ցանկացած միջոցառմանը, օրինակ Հայաստանի թավշյա հեղափոխության ցույցերին Գլենդեյլում և ոչ միայն, այսինքն` նաև Հայաստանում, որովհետև վերջերս, կարծեմ մայիսի 6-ին մեկնել էիք Հայաստան այդ կապակցությամբ: Մի քիչ կպատմե՞ք Ձեր այցելության և տպավորությունների մասին, հանդիպեցի՞ք մեր սիրելի վարչապետի հետ:

-Այո՛, գնացի, քանի որ հունիսի 1-ի այդ խայտառակ քվեարկությունն ինձ հունից հանեց և հասկացա, որ անտեղ պետք լինեմ: Հունիսի 8-ին ականատես եղա մեր հաղթանակին և անձամբ Նիկոլ Փաշինյանի՝ նոր վարչապետի հետ տոնեցինք դա: Տպավորություններս շատ պայծառ էին: Դա հրաշք էր… Այսքան անսպասելի դրական բեկում իմ կյանքում երբեք չէր եղել: Իմ կյանքում շատ են եղել լավ բաներ, բայց այսքան անսպասելի առաջին անգամ է, սակայն թե ծավալային առումով, և թե՛ որակային առումով արագընթաց փոփոխություններ ակնկալել չենք կարող, քանի որ ժամանակ է հարկավոր և ծանր աշխատանք է սպասվում:

-Գլենդեյլ քաղաքն ունի յոթ քույր քաղաքներ՝ երկուսը Կորեայում (Goseong, Gimpo), երկուսը Մեքսիկայում (Tlaquepaque, Rosarito), երկուսը Հայաստանում (Ղափան և Գյումրի) և մեկը Ճապոնիայում (Higashiosaka): Ի՞նչ չափանիշներով են ընտրվում քույր քաղաքները և ի՞նչ փոխադարձ պարտավորություններ կան նրանց և մեր քաղաքի՝ Գլենդեյլի միջև:

-Ոչ մի պարտավորություն չկա քույր քաղաքների միջև, զուտ ընկերային    հարաբերություններ են, բարի կամքի արտահայտություն է և պատրաստակամություն համագործակցելու տարբեր հարցերի շուրջը:

-Ի՞նչ արտոնություններ ունեն Գլենդեյլի քաղաքապետարանի քաղաքապետը և խորհրդի անդամները: Նրանք հաստիքային աշխատողներն են և վարձատրվում են, թե՞ աշխատում են հասարակական կարգով:

-Լավ հարց էր և բավականին զգայուն… Չնայած որ Գլենդեյլը Լոս Անջելեսի վարչատարածքի 3-րդ քաղաքն է իր մեծությամբ, մենք չնչին վարձատրություն ենք ստանում և կարծում եմ, որ մեր հայրենակիցները պետք է այս մասին իմանան: Մենք «թոշակ» կամ «հոնորար» ենք ստանում մեր աշխատած շաբաթական 50-60 ժամի համար,             տարեկան ընդամենը 32,000 դոլար: Նույն վարձատրությունն են ստանում թե՛ քաղաքապետը, և   թե՛ քաղաքային խորհրդի 4 անդամները: Ստանում ենք նաև առողջապահական ապահովագրություն:

-Կա՞ որևէ հարց, որ չշոշափվեց մեր հարցազրույցում և Դուք կուզենայիք անդրադառնալ

-Ո՛չ: Կարծեմ բավականին խորությամբ բոլոր հարցերն էլ շոշափվեցին: Ես պարզապես կուզեի կոչ անել մեր հայրենակիցներին, որ ավելի գործուն մասնակցություն ունենային բոլոր քաղաքական գործընթացների ընթացքում և, իհարկե՛, մասնակցեն ընտրություններին:

Թույլ տվեք այսքանով ավարտել այնչափ հետաքրքիր այս հարցազրույցը: Հարցազրույցը վարեց ԱՄՆ ՀԳԼՄ (հայ գրողների և լրագրողների միության) փոխնախագահ, արձակագիր, լրագրող և թարգմանիչ Մարտին Շիրինյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել YouTube-ում՝

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ

Գլենդեյլ, Կալիֆորնիա

15 մայիսի, 2018թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Հունիսի 8-ին ականատես եղա մեր հաղթանակին»

    չհսկացա…

    Հունիսի 8-ին, Գլենդեյլը բա՞ն մը յաղթեց…
    Հայաստանի՞ մէջ

    OK…

    • Հ.Շ. says:

      Յ. Գ. չէնէ մը արդէն, արմավենու բա՜րձր ծառեր բարձրացել են, Երեւանում

      (թէ ոչ, զանգուածային սոսկալի վերադարձի ժամանակ իրենց պապերի տուները, իրենց հետ այդ ալ կը բերեն, ԼՕՍի սքանչելի հայաստանցիները)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031