Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը 2017/18 համերգաշրջանը եզրափակեցին ինքնատիպ համերգով: Հուլիսի 20-ին կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան) ելույթ ունեցան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ՝ ներկայացնելով կամերային վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունների պրեմիերաներ:
«Համերգային երեկոյին հնչեցին հայաստանյան պրեմիերաներ: Չորս ստեղծագործություններ, որոնք հեղինակել են Հայդնը և Մոցարտը, համերգային երեկոյին ներկայացվեցին առաջին անգամ»,-նշում է դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը:
ՀՀ արվեստի վաստակավոր գործչի խոսքով՝ կամերային երգչախումբը տարեկան ամենաքիչը 25 համերգ է ունենում Հայաստանում, արտերկրի համերգներն էլ չհաշված: Կոլեկտիվը շատ մեծ տեղ է հատկացնում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների պրոպագանդմանը, միևնույն ժամանակ հայ ունկնդրին ներկայացնելով համաշխարհային երաժշտական ժառանգությունը:
Նշենք, որ 2017/18 համերգաշրջանի փակումն ազդարարող համերգին որպես մենակատարներ նվագախմբի ու երգչախմբի հետ հանդես եկան Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Էռա Հովսեփյանը (սոպրանո), Նաիրա Հովհաննիսյանը (մեցցո-սոպրանո), Ռազմիկ Բաղդասարյանը (տենոր), Արմեն Գրիգորյանը (բաս), Թերեզա Ոսկանյանը (երգեհոն):
Աշնանն ինքնատիպ նախագծերով կտրվի 2018/19 համերգաշրջանի մեկնարկը:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժին
Իսկ ե՞րբ հարկ կհամարեք հնչեցնել հայկական նմանատիպ գործը՝ ,, Մագնիֆիկատ,,-ը …