Ի տարբերություն գյուղատնտեսության՝ վերջին երկու ամիսներին ակնհայտ է ակտիվության անկումը շինարարության ոլորտում։ Հունիսին նախորդ տարվա համեմատ աճը տնտեսության այս ճյուղում եղել է ընդամենը 4,2 տոկոս։ Այն կրկնակի ցածր է նախորդ ամսվա համեմատ։ Ասենք, որ ապրիլին այն եղել էր 19, մարտին՝ 23, փետրվարին՝ 25 տոկոս։ Այս տեմպով շարունակելու դեպքում շինարարությունը շուտով դարձյալ կմտնի անկումային փուլ։
Վիճծառայության տվյալների համաձայն` նախորդ ամսվա անկումից հետո հունիսին ակտիվությունը վերականգնվել է արդյունաբերության ոլորտում։ Անցած տարվա համեմատ աճը եղել է 5,6 տոկոս։ Որոշ չափով բարելավվել է նաեւ տարեկան ցուցանիշը։
Առաջին կիսամյակում գրանցվել է արդյունաբերության 3,7 տոկոս աճ։ Տեմպը անհամեմատ ցածր է նախորդ տարվանից։ 2017թ. առաջին կեսին տնտեսության այս ճյուղում արձանագրվել էր 10 տոկոս աճ։ Վերջին ամիսների դրսեւորումների հետեւանքով արդյունաբերության դերը տնտեսական ակտիվության կառուցվածքում զգալիորեն նվազել է։
Արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում եւս աճի տեմպը նահանջել է, թեեւ այն շարունակել է բավականաչափ բարձր լինել։ Հունիսին արտահանումը ավելացել է, սակայն շարունակել է զիջել ինչպես փետրվարի, այնպես էլ մարտի ցուցանիշը։ Վիճծառայության օպերատիվ տվյալներով, անցած ամիս արտաքին շուկաներ է մատակարարվել 199 մլն դոլարի ապրանք։ Այն դեպքում, երբ փետրվարին այն գերազանցել էր 209 միլիարդ, իսկ մարտին՝ 211 մլրդ դրամը։
Շարունակում է չափազանց բարձր լինել ներմուծման եւ արտահանման աճի տարբերությունը։ Հայաստանի արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը առաջին կիսամյակին հասել է գրեթե երկուսի։ Մինչդեռ տարեսկզբին 1,8-ի սահմաններում էր։
Չեն արդարանում աշխատավարձի բարձրացման հետ կապված ակնկալիքները։ Նախորդ տարվա համեմատ հունիսին միջին աշխատավարձը նվազել է ավելի քան 6 տոկոսով։ Անկումը արտահայտվել է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական հատվածում։ Ընդ որում՝ մասնավորում փոփոխությունն ավելի կտրուկ է՝ նախորդ տարվա հունիսի համեմատ միջին աշխատավարձը ցածր է եղել 12,4 տոկոսով։ Պետական հատվածում անկումը 9 տոկոսից ավելին է։
Այս ամենով հանդերձ, պաշտոնական վիճակագրությունն առաջին կիսամյակում Հայաստանում գրանցել է բարձր՝ 8,9 տոկոս տնտեսական ակտիվություն։ Դրանում կարեւոր դեր է կատարել հատկապես առաջին եռամսյակի ակտիվության 10,6 տոկոսանոց աճը։
Թե ինչպիսի՞ն կլինեն առաջիկա զարգացումները, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում, իշխանափոխությունից հետո տնտեսական հատվածում ի հայտ են եկել բազմաթիվ անորոշություններ։ Հարցականի տակ են հայտնվել մի շարք խոշոր ներդրումային ծրագրեր։ Չկան ոչ միայն նոր ներդրումներ, այլեւ ներդրումային իրական ակնկալիքներ։
Հ.ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում