Հասկանալի է, որ հաշվի ենք առնում հնարավորություններն ու ռիսկերը: Առաջինները՝ Հայաստանի պարագայում իսկապես գայթակղիչ են. ԵԱՏՄ-ի անդամ ԵՄ-ի հետ խորը ու համապարփակ ասոցացվող, ԱՄՆ-ի հետ առեւտուր անող, բայց Իրանի հետ տնտեսական գործակցությունն ամրապնդող, եւ այլն: Բայց ռիսկերն ուսումնասիրելիս հանկարծ հայտնաբերում ենք, որ Հայաստանը չավարտվող պատերազմի մեջ է հարեւան Ադրբեջանի հետ, ինչի հետեւանքով ամեն օր կարող են վերսկսվել ակտիվ ռազմական գործողությունները, որի ժամանակ առաջին իսկ կրակոցներից մեր ձկնաբուծարանը հօդս կցնդի, մեր միլիոնավոր ներդրումները`եւս: Բացի այդ, ավելի խորապես ուսումնասիրելով Հայաստանը, մենք տեսնում ենք, որ մոտ ապագայում երկրում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքը այս պահին անկանխատեսելի է:
Այսինքն` շատ հնարավոր է, որ այն իշխանությունը, որը կձեւավորվի ընտրությունների արդյունքում, որոշի, որ օտարերկրյա կապիտալ մեզ պետք չէ` կոնկրետ ձկնաբուծության գործում, կամ էլ եվրոպական կապիտալ ընդունել չենք կարող, քանի որ իշխանությունը որոշել է ավելի մտնել ԵԱՏՄ-ի մեջ, որոշել է, կամ պարտադրել են: Հիմա, այս ուսումնասիրություններից հետո, որոնք կարծում եմ պարտադիր են յուրաքանչյուր լուրջ երկրի լուրջ բիզնեսմենի համար, դուք կշտապեի՞ք ներդրումներ անել Հայաստանում, մանավանդ եթե ծագումով հայ չեք, այլ մաքուր պորտուգալացի, ավելին ոչ մի հայ ընկեր չունեք ու նրա տանը Հայաստանից բերված լավաշ ու պանիր չեք կերել: Ես, օրինակ, լսելով, որ այդ երկիրը պատերազմի մեջ է, կտրականապես կհրաժարվեի ներդրումներից, եթե իհարկե զենքի բիզնես չունեմ, կամ բժշկական սարքավորումների: Եվ ուրեմն ինչո՞ւ ենք զարմանում, որ Եվրոպան միայն խոսքով է ողջունում մեր «ժողովրդավարական գործընթացները», երբ ժողովրդավարության ամենամեծ քննությունը, որը ընտրություն է կոչվում, դեռ առջեւում է:
Օրինակ Կուբայում Կաստրոյին պաշտում էին, նա նույնպես ժողովրդական առաջնորդ էր, բայց դուք հարցրե՞լ եք, օրինակ Մերկելին, կամ Մակրոնին, էլ չեմ խոսում Թրամփի մասին, թե ժողովրդավարակա՞ն երկիր է Կուբան:
Մի խոսքով, դուք չգիտեմ, բայց եթե ես լինեի պորտուգալացի բիզնեսմեն ու լսեի, թե ինչպես ու ինչու է դժգոհում Եվրոպայից Հայաստանի վարչապետը, ապա կժպտայի ու կզանգահարեի Մալթայի իմ գործընկերներին, որպեսզի պայմանավորվեմ Լա-Վալետայում ձկնաբուծարանիս մասնաճյուղ հիմնելու մասին: Բանն այն է, որ այնտեղ պատերազմ չկա, ու անկախ նրանից, թե ընտրություններն ինչպես են անցնում կամ կանցնեն, ազգային «մուննաթ» չկա:
Հ. ԱՖՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում