Ձեռքերը լվանալու այդ կեցվածքն ունի իր անունը կրոնական գրականության մեջ, որը ես չեմ ուզում այստեղ նշել, սակայն ցանկանում եմ ընդգծել մեկ այլ՝ շատ ավելի կարեւոր եւ համամարդկային իրավունք, որին ե՛ւ մեր Սահմանադրությունը, ե՛ւ Հայաստանի Հանրապետության ստորագրած միջազգային պայմանագրերը անդրադառնում են անընդհատ՝ մարդու իրավունքներ, որոնք բնականաբար վերաբերում են նաեւ Վեհափառ Հայրապետին:
Այդ իրավունքներից առաջինը, ըստ մեր Սահմանադրության, «Մարդու արժանապատվությունն անխախտելի է» սկզբունքն է (հոդ. 23): Իսկ հիշենք, թե անցնող օրերին արժանապատվության քանի՜ ոտնահարումներ կատարվեցին Վեհափառի դեմ, հրապարակային զրպարտությունների, վարկաբեկիչ արտահայտությունների, հայհոյանքների, անվանարկությունների ինչպիսի՜ հեղեղ թափվեց նրա դեմ, փորձելով նսեմացնել ոչ միայն անձին, այս պարագայում՝ Հայ եկեղեցու պետին, այլ նույնինքն Հայ եկեղեցուն, միշտ հօգուտ այս օրերին ոգեւորության վերելք ապրող աղանդավորական կազմակերպությունների:
Այս առնչությամբ, մարդու իրավունքների հարցով, կարելի չէ չմատնանշել նաեւ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ գոնե առերեւույթ չեզոք կեցվածքը, ազդու միջամտության բացակայությունը նրա կողմից: Մինչդեռ նա է հանդիսանում Սահմանադրության գլխավոր պահապանը: Էլ չեմ խոսում մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական գործառույթների չկատարման մասին. ինչ անենք, որ Վեհափառը բողոք չէր ներկայացրել նրա գրասենյակին. նրա՛ պարտականությունն էր բարոյական պաշտպանության տակ առնել Վեհափառին, ինչպես յուրաքանչյուր քաղաքացու:
Իսկ ինչ վերաբերում է ֆիզիկական պաշտպանությանը, ապա այդ օրերին երեւի ոչ ոք չհիշեց, որ Վեհափառը ունի, ինչպես պետական բարձրաստիճան մի քանի անձնավորություններ, անձեռնմխելիության իրավունք եւ պետք է պաշտպանված լինի ԱԱԾ-ի կողմից: Պարտականություն, որը վերջինս կատարեց միայն վերջին՝ ծայրահեղ լարված պահին:
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում