Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն ԷՎԵԼԻՆԱ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենք արդեն ավարտել են Սեւանում աճած կապտականաչավուն ջրիմուռների ուսումնասիրությունը, որի արդյունքներով հաստատվել է դրանց թունավոր լինելը:
Ըստ նրա՝ Սեւանը դեռ նման մեծ ծավալով չէր ծաղկել, այդ առումով այս տարին աննախադեպ է: Եվ դա վկայում է մի շարք համակարգային խնդիրների մասին, որոնցից մեկն էլ լճում կենսածին օրգանական նյութերի ավելցուկն է. «Խնդիրը համակարգային է: Սեւանի մեջ ջրհավաք ավազանից չափազանց շատ կենսածին նյութեր են լցվում՝ գետերի միջոցով, ջրածածկված ափերից, որտեղ դեռ չեն հասցրել մաքրել, կոյուղագծերից, որոնք բացվում են գետերի մեջ եւ չեն մաքրվում: Փաստորեն լիճը աղտոտված է օրգանական նյութերով, որոնք էլ ջրիմուռների աճի համար հիանալի միջավայր են ստեղծում»:
Լճի համար վնասակար կլինի նաեւ ջրիմուռների փտելու, մահացության շրջանը, երբ դրանք զգալի քանակով թթվածին կխլեն ջրից, որպեսզի քայքայման գործընթացը բնականոն լինի: Իսկ դա վնասակար է լճի ձկների համար, որոնք կարող են սատկել. «Մենք դեռ շարունակում ենք ուսումնասիրությունները՝ հետեւանքները պարզելու համար: Ջրիմուռները միանշանակ թունավոր են, բայց դեռ չենք կարող հստակ ասել, թե դրանք ինչ ազդեցություն կարող են ունենալ մարդկանց առողջության եւ լճի կենդանական աշխարհի վրա: Իհարկե, այդ կանաչ զանգվածում հայտնվելը ոչ մեկի համար հաճելի չէ եւ հազիվ թե մարդիկ այդ մասերում լողան: Ձկներն էլ ակտիվ միգրացիա են կատարում՝ հեռանալով իրենց համար ոչ նպաստավոր տարածքներից: Հույս ունենք, որ այդ կերպ նրանք չեն տուժի:
Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե որքան կտեւի ծաղկումը, ինչ արագությամբ կընթանա քայքայումը: Դեռեւս միանշանակ չենք կարող խոսել լուրջ հետեւանքների մասին, քանի դեռ փաստեր չկան եւ քանի դեռ հետազոտությունները չեն ավարտվել»:
Այնուհանդերձ Էվելինա Ղուկասյանը հավաստիացրեց, որ ծաղկման գործընթացը բացասական երեւույթ է լճի համար եւ տեւական ժամանակ երեւույթը կրկնվելու դեպքում կարող են բնապահպանական լուրջ խնդիրներ ի հայտ գալ:
Ուստի ինստիտուտի աշխատակիցները, մասնագետները նամակ են նախապատրաստել կառավարությանը եւ Սեւանի հարցերով զբաղվող հանձնաժողովին, որպեսզի միջոցներ ձեռք առնվեն առաջին հերթին դեպի Սեւան կենսածին տարրերի մուտքը սահմանափակելու համար: Դա նշանակում է, որ պետք է բոլոր կոյուղաջրերը, որոնք լցվում են Սեւան հոսող գետերը, մաքրվեն, լճի ջրի մակարդակը կայուն պահպանվի, դադարեցվի արհեստական ձկնաբուծության համար օրգանական կերի մեծ քանակության ներմուծումը լիճ եւ այլն. «Ջրի մակարդակի տատանումները եւս նպաստում են ջրիմուռների առաջացմանը: Դրանց հետեւանքով մինչեւ այդ ցամաքած եւ աղտոտված ափերից օրգանական նյութն անընդհատ լցվում է լիճը, երբ ջրի մակարդակը բարձրանում է: Այնպես որ, պետք է կանոնավորել բարձրացման գործընթացը, կայունացնել ջրի մակարդակը:
Մեզանում մոտեցումը հետեւյալն է՝ ասում են պլանով առաջ ենք ընկել Սեւանի մակարդակի բարձրացման ծրագրից, ուրեմն կարելի է մեկ-երկու տարի էլ ավելի շատ ջրառ անել ու մակարդակն իջեցնել՝ առանց մտածելու հետեւանքների մասին: Լիճը կենդանի օրգանիզմ է եւ արձագանքում է ամեն փոփոխությանը:
Այսինքն՝ միայն ջրի մակարդակի խնդիրը չէ, այլեւ դրա որակի, որը փոփոխվում է ծավալին զուգահեռ»:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում