Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչ անեն բանկերի տույժ-տուգանքների տակ հայտնված գործարարները

Հուլիս 21,2018 14:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման հյուրերն են ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը եւ գործարար Արեգ Մելքոնյանը:

Վերջերս խորհրդարանն ընդունեց, այսպես կոչված, «բանկային համաներման մասին» դրույթը: Ըստ այդմ՝ Հարկային օրենսգրքի համապատասխան փոփոխությամբ նախատեսվում է համաներում կիրառել անհուսալի վարկառուների տույժ-տուգանքների պարտավորությունների գծով:
Մեր հաղորդման շրջանակներում կփորձենք հասկանալ, թե այս փոփոխությամբ ինչ հնարավորություններ են ստեղծվում բանկերին «զոհ» դարձած մանր եւ միջին ձեռնարկատերերին աջակցելու համար:

Նելլի Գրիգորյան.– Արեգ, Դուք բիզնեսի կառավարման ընթացքում ինչ-ինչ խնդիրների եք բախվել, այդ թվում՝ նաեւ ոչ Ձեր մեղքով, արդյունքում վարկերի տույժ-տուգանքները լուրջ բարդություններ են ստեղծել բիզնեսի հետագա զարգացման համար: Խնդրում եմ համառոտ ներկայացրեք:

Արեգ Մելքոնյան.– 2012 թվականից զբաղվում եմ հողագործությամբ, ունեմ ջերմոցային տնտեսություն, որտեղ աճեցնում եմ հիմնականում լոլիկ, վարունգ եւ տարբեր տեսակի ծաղիկներ: Ջերմոցների ընդհանուր մակերեսը 1600 քառակուսի մետր է: Զբաղվում եմ նաեւ առեւտրով: Մոտ 200 քառակուսի մետր մակերեսով մթերային խանութ ունեմ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում: 2015-2017 թվականներին ավելի քան մեկ հեկտար ընդհանուր մակերեսով ջերմոցներ եմ վարձակալել Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում եւ զբաղվել լոլիկի, վարունգի եւ ծաղիկների մշակությամբ: Գործը սկսելու համար գումար ձեռք բերելու նպատակով գրավադրել եմ ինձ, ծնողներիս եւ բարեկամներիս պատկանող չորս միավոր անշարժ գույք, ոսկեղեն, ջերմոցները, խանութը՝ ներառյալ գույքը: Տարբեր վարկային կազմակերպություններից ու բանկերից վերցրել եմ վարկեր` 2012 թվականին «Արարատ բանկից» 77 հազար ԱՄՆ դոլար: Մարել եմ 35 հազարը, մնացել է 42-ը: 2013-ին «Ինեկոբանկից»՝ 3000 ԱՄՆ դոլար, մարել եմ միայն տոկոսները: 2014 թվականին «Արդշինբանկից»՝ 5000 ԱՄՆ դոլար, մարել եմ միայն տոկոսները: 2014-15 թվականներին «Ֆինկա» վարկային կազմակերպությունից՝ 48 հազար ԱՄՆ դոլար, մարել եմ 6000 հազարը: Մնացել է 42 հազար ԱՄՆ դոլար: Ի դեպ, նաեւ տոկոսով գումար եմ վերցրել՝ գազի դիմաց կանխավճար մուծելու համար, ոչ թե սպառած գազի արժեքը, այլ կանխավճար: Հայաստանում շատ գործարարներ եւ պետական կառույցներ համակարծիք են, որ այս վարկերի տոկոսադույքները բարձր են: Չնայած սրան, բոլոր մարումները կատարել եմ ժամանակին: Ամեն ինչ թարսվեց 2015 թվականին, երբ անորակ սերմի, գազի եւ հոսանքի պարբերաբար անջատումների արդյունքում մեծ կորուստներ կրեցի. չունեցա ակնկալվող եկամուտը եւ, բնականաբար, սկսեցի ուշացնել վարկային պարտավորությունների կատարումը: Վարկատուները դիմեցին դատարան: Դատարանի որոշմամբ արգելանք կիրառվեց գրավադրված ողջ գույքի վրա: Փորձում էի պայմանավորվել բանկերի հետ: Նույնիսկ խնդրել եմ արգելանքից հանել գրավադրված գույքի մի մասը՝ ջերմոցային տնտեսությունը, որպեսզի վաճառեմ եւ վճարեմ պարտքերը: Առաջարկս մերժվել է: Գրավադրված չորս բնակարաններում ապրում են 31 շունչ:

Ն. Գ.- Պարոն Հարությունյան, գործարարը այդ թվում նաեւ ոչ իր մեղքով, քանի որ ցրտահարությունը եւ գազի դիմաց կանխավճարը կանխատեսելի ռիսկեր չեն, հայտնվել է անելանելի վիճակում: Ի՞նչ լուծումներ կան Հարկային օրենսգրքի այդ փոփոխությամբ:
Խոսրով Հարությունյան.- Տվյալ դեպքում եթե Արեգը «զոհ» է դարձել, ապա իր սխալ որոշման արդյունքում: Մարդը փորձ չի ունեցել, շուկայում իրացման մի գին է կանխատեսել՝ այլ գին է ստացվել, սրանք նորմալ են, բայց մեղադրել բանկին, թե ինչու Արեգը չհաջողեց… Տվյալ դեպքում ես զոհ կհամարեի գործարարին, եթե չհաջողեր բանկի կողմից ներկայացված անարդարացի պահանջների արդյունքում: Նախորդ կառավարության՝ Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալու հաջորդ օրը, նաեւ իմ ջանքերով, հասանք նրան, որ ջերմոցային տնտեսությունների համար սահմանվեց գազի նոր սակագին՝ 100 դրամ 1 խմ-ի դիմաց: Արդյոք այս սակագինը դարձյա՞լ բարձր է:

Ա. Մ.- Մինչեւ այդ սակագինը մենք արդեն մինուսով էինք գնում, դա մեղմեց, բայց չօգնեց:

Խ. Հ.– Երբ բանկային գործարքը կնքում էիք, առաջարկեցի՞ն այն ապահովագրել:

Ա. Մ.– Նույնիսկ չենք էլ հասցրել:

Խ. Հ.- Այս բոլորը օրենսդրությունը թույլ է տալիս: Պատկերացրեք՝ եթե այս գործարքը ապահովագրված լիներ, գործարարը հիմա բոլորովին այլ իրավիճակում կլիներ: Ցավոք, մեր գործարարները այս հանգամանքների վրա ուշադրություն չեն դարձնում: Մինչդեռ որեւէ բանկի հետ վարկային պայմանագիր կնքելիս սա ամենակարեւոր պայմանն է: Դա բանկին էլ է ձեռնտու, քանի որ բանկն անհամեմատ ավելի շահագրգիռ կլիներ, եթե, ասենք, Արեգի բիզնեսում վիճակը լավ լիներ: Որովհետեւ բանկն իր եկամուտները կստանար:

Ն. Գ.- Լավ, ունենք մի իրավիճակ, որում հավանաբար շատ-շատերն են: Կա՞ն լուծումներ, ի՞նչ պետք է անել նման իրավիճակներից մարդկանց դուրս բերելու համար:

Խ. Հ.- Նման դեպքերում, կարծում եմ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջոցով պետք է փորձենք հասնել «ՀայՌուսգազարդի» վարքագծի փոփոխությանը: Նման դեպքերում ծառայություն մատուցողը եւս որոշակի պարտականություններ պետք է ստանձնի:

Մենք՝ հայերս, չենք սիրում պայմանագիր կարդալ: Եթե կարդում էլ ենք՝ շատ իմիջիայլոց: Դրա համար հորդորս բոլորին. վարձեք փաստաբան, իրավաբան: Այդ գործարքը սպասարկելու համար միգուցե մի 200 հազար դրամ ավելի վճարեք, բայց անհամեմատ ավելի երաշխավորված կլինեք: Ինչո՞ւ դուք պետք է բանակցեք բանկի հետ, դուք բանկային գործի մասնագետ չեք:

Ա. Մ.- Համաձայն եմ:

Խ. Հ.– Ինչ վերաբերում է բուն հարցին, կատարված փոփոխությամբ բանկերը սեփական պատասխանատվությամբ կարող են որոշում կայացնել իրենց այս կամ այն վարկառուին զիջել տույժ-տուգանքները, եթե համոզված են, որ դրանով վարկառուի վճարունակության վիճակը կփոխվի դեպի դրականը: Այսինքն՝ ցանկացած պարագայում որոշում կայացնողը առեւտրային բանկն է՝ իր եւ իր վստահորդի վարկային պատմության հիման վրա, եւ եթե բանկը զիջում է տույժ-տուգանքները, բանկը ազատվում է հարկային պարտավորություններից:

Մանրամասները՝

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

20.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031