Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Սուպերմարկետները «ծանոթ-բարեկամի» միջոցով են ապրանք ընդունում»

Հուլիս 21,2018 14:00

Հայաստանյան շուկայի խնդիրները՝ սիրիահայ գործարարի աչքերով

2018թ. պաշտոնական տվյալներով՝ 19 հազար 917 սիրիահայ ՀՀ քաղաքացու անձնագիր ունի: Վերջին տարիներին ընդհանուր առմամբ 22 հազար սիրիահայ է եկել Հայաստան, սակայն մի քանի հազարը նախընտրել է այլ երկիր մեկնել: Սիրիական հակամարտությունից տարիներ անց ՀՀ-ում մեր հայրենակիցների խնդիրները կարծես թե նույնն են՝ աշխատանքի ցածր վարձատրություն, բնակարանային վարձավճար, շուկայական անհավասար մրցակցային պայմաններ, վարկային բարձր տոկոսադրույքներ: Գեւորգ Սարգսյանը երգիչ է. 2013թ. վերադարձել է Հայաստան եւ, ինչպես շատերը, աշխատանք գտնելու խնդրի առաջ կանգնել: Հիմա մի շարք ռեստորաններում, այդ թվում՝ հայրենադարձ սիրիահայերի, կատարումներով է հանդես գալիս: «Ամեն ինչ նորմալ է, միայն թե աշխատանք գտնելու խնդիրը բոլոր սիրիահայերն են ունենում: Հասկանում ենք, որ Հայաստանում դա համատարած խնդիր է, աշխատավարձն էլ ցածր է»,- «Առավոտ»-ին պատմում է Գեւորգը: Վստահեցնում է՝ սիրիահայերը հույս ունեն, որ շուտով մեր երկրում ամեն ինչ լավ է լինելու. «Առայժմ փոփոխություններ չենք տեսնում գործնականում, բայց լիահույս ենք: Կարծում եմ՝ հեշտ է հարմարվել Հայաստանի պայմաններին, միայն թե աշխատանք գտնելու հարցն առաջնային է»: Գեւորգ Սարգսյանի խոսքով՝ շատ սիրիահայեր դեռ բնակարանի խնդիր ունեն. «Վարձով տուն են վերցնում, պարտքերն են շատանում: Աշխատավարձը քիչ է, վարձն ինչպե՞ս տան: Որոշ ընտանիքներում մեկ անձ է աշխատում, ինչպե՞ս ապրի այդ ընտանիքը»:
2013թ.-ին Հայաստան վերադարձած սիրիահայ գործարար Շանթ Խայալյանն էլ օճառի եւ այլ կոսմետիկ միջոցների արտադրամաս ունի, արդեն չորս տարի ապրանքներ է առաքում տեղական խանութներին ու կազմակերպություններին: Նա էլ ասում է, որ սիրիահայ գործարարները հիմնականում շուկայական դաշտ մտնելու եւ վճարունակության խնդիր ունեն. «Երբ շուկա ես ուզում մտնել, այնպիսի պայմաններ են դնում, որ հրաժարվում ես ապրանք տալուց, կամ պետք է դիմանաս: Այն կազմակերպություններն էլ, որոնց ապրանք ես տալիս, հիմնականում ուշացնում են վճարները»:

Ըստ Շանթ Խայալյանի՝ հայաստանյան շուկայական հարաբերություններում մեծ բարեփոխումներ են պետք. «Շատ գումարներ պետք է ունենաս, որ շուկայում կարողանաս գոյատեւել: Եթե անձը բիզնես է դնում, գոնե մեկ տարի հարկ չպետք է վճարի, որ կարողանա իր ներդրումներով տեխնիկա ձեռք բերել, արտադրություն հիմնել ու փոքր բիզնես աշխատեցնել»: Մեր զրուցակիցը որպես խնդիր մատնանշում է նաեւ այն փաստը, որ սուպերմարկետների մարքեթինգային քաղաքականությունը «ծանոթ-բարեկամ» հայտնի սկզբունքով է իրականացվում. «Վերցնում են նրանց ապրանքները, ում զոքանչը ծանոթ է… Դա ամոթ է եւ ոչ պրոֆեսիոնալ: Բիզնես-մոտեցում է պետք: Կարծում եմ՝ պետք է շահագրգռված լինեն, որպեսզի հայկական արտադրանքը վաճառվի»:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

20.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031