Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Իմ հիմնադրած բիզնեսն ինձնից «խլել են» նախկին վարչապետի եւ ԿԲ նախագահի մասնակցությամբ»

Հուլիս 21,2018 13:30

ՀՀ քաղաքացի Գագիկ Վարդանյանը նամակով դիմել է «Առավոտին» եւ մանրամասն ներկայացրել, թե նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ինչպես եւ ինչ մեխանիզմով են իր հիմնադրած բիզնեսը «ձեռքից վերցրել»: Խոսքը «Կամուրջ» վարկային կազմակերպության մասին է, որը, ըստ գործարարի, իր հիմնադրումից բավական ժամանակ անց է վերանվանվել «Կամուրջ»: Վարդանյանը նամակով դիմում է նաեւ վարչապետին՝ հույս ունենալով կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում եւ ՀՀ-ում նոր իրողությունների պայմաններում կվերականգնվեն իր իրավունքները:

Պատրաստ ենք հրապարակել նաեւ հակառակ կողմի տեսակետը՝ մեղադրանքների առնչությամբ:

Գագիկ Վարդանյանի նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Բավականին հիմքեր ունեմ ենթադրելու, որ իմ հիմնադրած միկրոֆինանսական հիմնադրամը ինձնից «խլել են» ՀՀ նախորդ նախագահ Սերժ Սարգսյանի, նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի անմիջական մասնակցությամբ՝ անասելի ճնշումների միջոցով:

Նրանք ինձնից խլել են շահույթ չհետապնդող եւ սոցիալական առաքելությամբ հիմնադրամի կառավարման ղեկը: Այն նաեւ բացառիկ արդյունավետ ու ֆինանսական լուրջ միջոցներ կուտակած հիմնադրամ է: Խլելու նպատակն ավելի պարզ լինելու համար ասեմ, որ այդ հիմնադրամն այսօր ունի ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ակտիվներ, 16 մասնաճյուղ, ավելի քան 270 աշխատող, 20,000 հաճախորդ եւ գործում է Հայաստանի ողջ տարածքում:

Ինչ է կատարվել

2000թ.-ին ամերիկյան մի բարեգործական կազմակերպության աջակցությամբ, սակայն հիմնականում իմ ջանքերով, հիմնադրել եմ «Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամը»: Հիմնադրամի նպատակը եղել է Հայաստանի բոլոր մարզերի առավել կարիքավոր ընտանիքներին գերփոքր փոխառություններ տրամադրելը: Իմ ջանքերի շնորհիվ հիմնադրամի հետագա աճը եւ զարգացումը եղել է աննախադեպ՝ միկրոփոխառությունների ոլորտում լայն ճանաչման եւ բացառիկ արդյունավետության համար արժանանալով միջազգային, այդ թվում նաեւ Համաշխարհային բանկի, մասնագիտացված կազմակերպությունների բարձրագույն գնահատականներին, նաեւ դառնալով ՀՀ 300 խոշորագույն հարկատուներից մեկը (հազվադեպ հանդիպող երեւույթ շահույթ չհետապնդող ոչ առեւտրային կազմակերպությունների համար): Ցավոք, հենց այդ իսկ պատճառով, նաեւ որեւէ տեսակի «հովանավորչությունից» զուրկ լինելով, հիմնադրամը հայտնվեց իշխանական «ռադարի էկրանին»: Իսկ հետեւանքներն իրենց սպասեցնել չտվեցին:

Բացարձակապես անհեթեթ եւ հիմնադրամի հետ առնչություն չունեցող «հիմնավորմամբ» ՀՀ ֆինանսների նախկին նախարար Տիգրան Դավթյանի հրամանով այս՝ հարկեր վճարելուց զատ պետական բյուջեի հետ որեւէ այլ առնչություն չունեցած հիմնադրամում 2009թ. իրականացվել են ստուգումներ: Զուգահեռաբար ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը (հետագայում՝ նա դարձավ նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, այնուհետեւ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդականը) մի քանի անգամ եւ տարբեր սցենարներով ինձ փորձել է համոզել՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները թող հեռանան, իսկ փոխարենն իրենց մարդիկ նշանակվեն: Ավելի պարզ՝ հիմնադրամի կառավարումը թող փոխանցվի այլ անձանց, իսկ ինձ էլ «փայ» կհատկացնեն: Ես չհամաձայնեցի՝ ինչու նման բացառիկ արդյունավետ, օրենքի տառով աշխատող եւ խոշոր հարկատու հիմնադրամի ղեկը պետք է գրավեն այդ հիմնադրամի հետ որեւէ առնչություն չունեցող այլ անձինք: Այնուհետեւ հետեւեց ֆիննախի ստուգման ակտը, որով հիմնադրամի նկատմամբ սահմանվեց տուգանք՝ մոտ 1.5 մլրդ դրամ (այդ պահին մոտ 5 մլն ԱՄՆ դոլար) գումարի չափով՝ «պատճառաբանելով», թե հիմնադրամը միկրոփոխառությունների տրամադրման համար չունի ԿԲ լիցենզիա:

Դիմեցի վարչական դատարան, բազմաթիվ հիմքերից բացի՝ հայցին կցելով նաեւ հենց լիցենզավորող մարմնի՝ ԿԲ նախկին նախագահի պաշտոնական գրությունը այն մասին, որ հիմնադրամի այդ գործունեությունը լիցենզավորման ենթակա չէ: Սակայն դատարանը տուգանքը թողեց ուժի մեջ: Միաժամանակ, ֆիննախի միջնորդությամբ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) իմ նկատմամբ առաջադրեց անհեթեթ մեղադրանք՝ 4-8 տարի ազատազրկման հոդվածով: Հաջորդ քայլին ՀՔԾ կողմից հարցաքննությունների կանչվեցին նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները՝ նրանց «հասկացնելով» հեռանալ խորհրդից, հակառակ դեպքում նրանց նկատմամբ նույնպես կառաջադրվի այդ մեղադրանքը:
Հետաքրքիր է, որ այդ ընթացքում ինձ զրույցի է հրավիրում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը (որի գործառույթները հիմնադրամների հետ ըստ էության չեն առնչվում)՝ ուղիղ տեքստով «բացատրելով», որ այս «թեմայում» ներգրավված են նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «գործը» համաձայնեցվում է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետ, որ վերջինս նաեւ առաջարկել է այդ գործը «շուտ անել՝ պրծնել»: Նաեւ ավելացնելով, թե՝ «կարեւորում ենք Ձեր ընկերությունը, կարեւորում ենք Ձեզ, Ձեր արած գործն ա… նորմալ ընկերություն ա, դրամային պորտֆել ա, նորմալ աշխատում ա, … եթե էս մարդը չլինի (խոսել է իմ մասին)՝ փլուզվելու է այդ հիմնարկը»: Եվ եթե ես համոզեմ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին հեռանալ, իրենք կնշանակեն նոր խորհուրդ, կկարճեն ՀՔԾ քրեական գործը, կլուծեն նաեւ վարչական դատարանի հետ կապված խնդիրը, իսկ ես կաշխատեմ ԿԲ «ընտանիքում» եւ այլեւս որեւէ խնդիր չեմ ունենա: Միաժամանակ նաեւ ավելացնելով՝ «ես թույլ կտա՞մ, որ ինչ-որ քրեական գործ բացվի մեր համակարգից մեկի վրա», «մեր դաշտը արդեն լրիվ ուրիշ դաշտ ա, էդ ամեն ինչից դուրս ա», «արդեն իմ դաշտն եք ընկնում», «եթե չանելու լինեինք, էս հիմնարկը քանդել պրծել էինք»:
Նման աննախադեպ ճնշումների պատճառով հոգաբարձուների խորհրդի անդամները ստիպված հեռանում են, իսկ արդարադատության նախարարը նշանակում է դրածո նոր խորհուրդ, որի կազմն արդեն խոսում է շատ բաների մասին՝ ֆինանսների փոխնախարար (հետագայում նախարար) Վարդան Արամյան, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյան, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Գագիկ Գեւորգյան կազմով: Խորհուրդն ավելի ուշ լրացվում է Սոնա Ղարիբյան (նշված ակտը կազմող՝ ֆիննախի ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչության պետ) եւ Տիգրան Բարսեղյան (ՊԵԿ նախագահի տեղակալ) անդամներով: Իսկ այս «սցենարի» իրականացման մեջ հենց սկզբից առավել ակտիվորեն ներգրավված Վարդան Արամյանն էլ դառնում է խորհրդի նախագահ: Վերջ, հիմնադրամի կառավարման ղեկը խլելու օպերացիան այլեւս ավարտված է:
Այնուհետեւ հիմքեր չլինելու պատճառաբանությամբ կարճվում է ՀՔԾ-ի՝ իմ նկատմամբ առաջադրված մեղադրանքը, հիմնադրամի անունից ԿԲ-ն արագորեն գրանցում է «Կամուրջ» վարկային կազմակերպություն՝ «բարեհոգաբար» ինձ թույլատրելով ղեկավարել «Կամուրջ»-ը՝ հավանաբար իմ ունեցած միջազգային լայն կապերի եւ հեղինակության շնորհիվ մի շարք երկրներից տասնյակ միլիոնավոր դոլարների ներգրավման գործընթացը շարունակելու նպատակով:

Խորհրդի կազմում հետագայում կատարում են փոփոխություններ՝ նշանակելով միկրոֆինանսավորման ոլորտից բացարձակապես անտեղյակ անձանց (օրինակ՝ ստոմատոլոգ, նաեւ ֆինանսական լուրջ խարդախություններով եւ քրեական հետաքննության առարկա դարձած բանկային կառույցի ղեկավար):

Հետեւանքների մասին

Բնականաբար, նման խորհրդի անտրամաբանական, արտառոց եւ ծայրահեղ վնասաբեր որոշումների, այդ թվում նաեւ իմ՝ որպես տնօրենի իրավասությունները անօրինականորեն սահմանափակելու արդյունքում բացառիկ արդյունավետ եւ սոցիալական խիստ ուղղվածությամբ հոյակապ այդ ինստիտուտը վերածվում է քայքայված եւ անորոշ նպատակներով մի կառույցի: Տարեկան մինչեւ 750 մլն դրամ շահութաբերությունից հետո կազմակերպությունը սկսում է աշխատել վնասով, առավել խոշոր չափերի վատնումներով եւ կոռուպցիոն դրսեւորումներով՝ դուրս շպրտվելով նաեւ ՀՀ 300 խոշոր հարկատուների ցուցակից: Փոխվում է հիմնադրամի կանոնադրությունը՝ հնարավորություն տալով հիմնադրամի ֆինանսական միջոցները բոլորովին այլ նպատակներով օգտագործելու համար (օրինակ՝ 300 մլն դրամ փոխանցվում է «Լույս» հիմնադրամին, հարյուր միլիոնավոր դրամներ՝ այլ բիզնես կառույցներին, եւ այլն):
ԿԲ-ին ուղղված իմ բոլոր գրություններն անտեսվում են: Ստիպված 2017թ. հունվարին գրավոր դիմում եմ միաժամանակ ՀՀ նախագահին եւ վարչապետին՝ իմ մտահոգությունները հիմնավորելով եւ մի ամբողջ շարք գրավոր փաստեր ներկայացնելով (հավելվածներով հանդերձ՝ 36 էջ): Որեւէ արձագանք չստանալով՝ ես նրանց դիմում եմ նաեւ բաց նամակով: Իրավիճակի եւ պատճառների մասին մամուլում լինում են նաեւ մի ամբողջ շարք այլ հրապարակումներ: Բացարձակապես ոչ մի արձագանք:

Ֆիննախի սահմանած 1.5 մլրդ դրամ տուգանքի ճակատագիրը

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Արամյանը, որը հետագայում դարձավ ֆինանսների նախարար, այլեւս «մոռանում» է հենց իր նախարարության կողմից հիմնադրամի նկատմամբ սահմանված եւ վարչական դատարանի կողմից այն ուժի մեջ թողած 1.5 մլրդ դրամ տուգանքը պետբյուջե վճարելու մասին: Այս հարցը հիմնադրամի խորհրդում երբեւէ չի քննարկվում: Հակառակը, այդ գումարը նույնպես փոխանցվում է «Կամուրջ»-ին՝ լրացուցիչ «փող աշխատելու» ակնկալիքով:
Այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալու նպատակով փաստաբան Հայկ Ալումյանը 2017թ. փետրվարին գրավոր դիմում է ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարցերով, թե արդյոք փոխնախարարի, ապա նաեւ նախարարի պաշտոնը մասնավոր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի հետ համատեղումը չի՞ նպաստել այդ պարտքի վերացմանը, մարմանը կամ անտեսմանը: Արդյոք չկա՞ շահերի բախում երկու կարգավիճակների միջեւ, Վարչական դատարանի 03.07.2010թ. վճիռը ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ օրս ինչո՞ւ ՀՀ ֆինանսների նախարարությունը միջոցներ չի ձեռնարկել տուգանքի գումարը հիմնադրամից գանձելու համար, արդյոք կա՞ այդ ակտը վերացնող, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչող մեկ այլ վարչական ակտ: Սակայն էական պատասխան ֆիննախից այդպես էլ չենք ստացել:

Եթե ենթադրենք, որ ֆիննախի ակտը եւ այն ուժի մեջ թողած դատարանի որոշումը հակասում են օրենսդրությանը, ապա ինչպե՞ս են վերացվելու այդ տուգանքը պաշտոնական անձանց կողմից որպես պատրվակ օգտագործելուց առաջացած ծանրագույն հետեւանքները, այդ թվում՝ հիմնադրամի կառավարման աղետալի վիճակը, ահռելի ֆինանսական եւ բարոյական վնասները: Ո՞վ է պատասխան տալու: Ինչպե՞ս են վերականգնվելու նաեւ պետբյուջեի բաց թողնված օգուտները:
Անցած ավելի քան 8 տարիների ընթացքում չվճարված այդ գումարը արտարժույթի փոխարժեքի աճի պատճառով էապես արժեզրկվել է՝ 5 մլն դոլարից դառնալով համարժեք արդեն 3 մլն ԱՄՆ դոլարի: Ո՞վ է պատասխան տալու պետբյուջեի այս ահռելի կորուստների համար:

«Կամուրջ»-ի մասով նոր «պլանների» ճանապարհին ես հավանաբար միակ խոչընդոտն էի: Խորհուրդը 2016թ. դեկտեմբերին ինձ առաջարկում է «պաշտոնի բարձրացում»՝ ազատվել տնօրենի պաշտոնից եւ դառնալ խորհրդի անդամ՝ ակնհայտորեն հաջորդ քայլով ինձ խորհրդի անդամությունից հեշտորեն ազատելու մտադրությամբ: Իմ առարկությունից հետո հաջորդում է «աշխատանքային էական պայմանների փոփոխման» անհեթեթ պատճառաբանությամբ ինձ 2017թ. մարտից աշխատանքից ազատելու մասին որոշումը: Որոշումը իմ կողմից բողոքարկվել է Մալաթիա-Սեբաստիա առաջին ատյանի դատարանում (փաստաբան՝ Հայկ Ալումյան, դատավոր՝ Արթուր Մկրտչյան), սակայն այն «զարմանալիորեն» (կարծում եմ՝ դատավորներից շատերը դեռեւս աշխատում են «հին» սկզբունքներով) մերժվել է:
Ես պատրաստվում եմ դիմել Վերաքննիչ դատարան:

Միկրոֆինանսական ոլորտում ունեմ ավելի քան 20 տարվա փորձ, վերապատրաստվել եմ Բոլդերի համալսարանում, Հարվարդի Բիզնես դպրոցում (ԱՄՆ), Սպրինգֆիլդ Կենտրոնում (Բրիտանիա) եւ եվրոպական մի շարք երկրներում: Վեց տարի շարունակ հանդիսացել եմ Եվրոպայի եւ ԱՊՀ Միկրոֆինանսական Կենտրոնի (MFC, Վարշավա) տնօրենների խորհրդի անդամ, նախագահի տեղակալ եւ գլխավոր գանձապետ: ՄԱԿ-ի եւ միջազգային մի շարք այլ կազմակերպությունների հրավերներով բազմաթիվ երկրներում մատուցել եմ խորհրդատվություն, իրականացրել եմ ուսուցումներ: Ղեկավարել եմ ամերիկյան եւ Եվրամիության կազմակերպությունների նախաձեռնած մի շարք ծրագրեր: Ներկայումս համաշխարհային Միկրոֆինանսական ցանցի (MFN) տնօրենների խորհրդի անդամ եմ եւ Եվրոպական (նաեւ ԱՊՀ) տարածաշրջանի պատասխանատուն։ Մինչ այդ, մոտ երեք տարի ղեկավար աշխատանք եմ կատարել բրիտանական General Electric-ում (ք. Քիդսգրով)՝ անմիջականորեն հաղորդվելով արեւմտյան մենեջմենթի լավագույն փորձին։

Ակնկալում եմ կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում նաեւ այս գործում մեղավորների բացահայտումը:

ԳԱԳԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Առավոտ»

20.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031