Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը «մասնագիտացել» է ասես այնպիսի քրեական գործերով, որտեղ մեղադրանք է առաջադրվում գերազանցապես «բագրատաշենյան» հանցագործությունների համար. «Իքս-քաղաքացին» առանց սահմանված փաստաթղթերի, անհայտ պայմաններում իր անվամբ լրացված ՀՀ քաղաքացու անձնագրի իքս- էջի վերին ձախ անկյունում տեղավորված իքս-համարի կեղծ դրոշմի օգտագործմամբ Բագրատաշեն սահմանային անցակետով ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը»:
Վաչիկ Զաքարյանը նրանցից մեկն է, ում վերաբերյալ քրեական գործով դատական գործընթացները դեռ շարունակվում են:
Երեւան քաղաքի Նոր Նորքի նստավայրում է գտնվում Արթուր Մարտիկյանի եւ Նշան Թադեւոսյանի վերաբերյալ քրեական գործը: 2012թ. հունվարի 30-ից աշխատելով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի 5-րդ սպայական դասակի տեսուչի եւ ավագ տեսուչի պաշտոններում, նրանք հանդիսացել են պաշտոնական անձ, եւ ըստ մեղադրանքի կողմի, 2017թ. օգոստոսի 27-ին նախնական համաձայնությամբ, շորթմամբ ստացել են կաշառք, ինչպես նաեւ 4 դրվագով պահանջել են զգալի չափի կաշառք: Մասնավորապես, Ա. Մարտիկյանը Ն.Թադեւոսյանի հետ 2017թ. օգոստոսի 27-ին իրենց ծառայողական ավտոմեքենայով Երեւանի Պարույր Սեւակի փողոցում իրականացրել են ծառայություն: Նկատել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1233-րդ հոդվածով նախատեսված՝ տրանսպորտային միջոցի անվտանգության գոտին չամրակապած Եղիշե Եղիշյանի կողմից վարվող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան: ՃՈ աշխատակիցները ազդանշանով կանգնեցրել են վարորդին, ով Ա. Մարտիկյանին է ներկայացրել ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը եւ վարորդական իրավունքի վկայականը: ՃՈ ոստիկանները ասել են, որ վարորդը ենթակա է վարչական պատասխանատվության, որի համար նախատեսված է տուգանք 5000 ՀՀ դրամի չափով եւ պետք է կազմի համապատասխան արձանագրություն. «Միաժամանակ Արթուր Մարտիկյանը եւ Նշան Թադեւոսյանը, նախնական համաձայնությամբ, իրենց լիազորությունների շրջանակներում Եղիշե Եղիշյանի օգտին խախտումը չարձանագրելու դիմաց, որպես կաշառք, պահանջել են 3000 դրամ, որը Ե.Եղիշյանը չի տվել՝ գումար չունենալու պատճառով եւ առանց համապատասխան վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու՝ նրան թույլատրել են շարունակել երթեւեկությունը»:
Մեկ այլ դրվագով էլ, ոստիկանները Աճառյան փողոցում ծառայություն իրականացնելիս նկատել են Հովհաննես Կոշկակարյանի կողմից վարվող դարձյալ «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենա: Մեքենայի վարորդը կրկին առանց ամրագոտու էր: Նրանք ազդանշան են տվել, կանգնեցրել մեքենան, պարզաբանել են 5000 ՀՀ դրամի չափով տուգանքի մասին, ապա խախտումը չարձանագրելու համար որպես կաշառք վարորդից պահանջել են 5000 դրամ եւ առանց համապատասխան վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու՝ թույլատրել են շարունակել երթեւեկությունը:
Էրեբունի դատարանում աղմկահարույց կաշառքի գործն առնչվում է ճանաչված փաստաբանի անվան հետ: Միքայել Զադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի հետ նախնական համաձայնությամբ, Բաբկեն Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Հունիսի 12-ին Աջափնյակ եւ Դավիթաշեն նստավայրում Մեսրոպ Ներհունյանի եւ Քրիստինե Գալստյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն էր:
Այս գործն էլ առնչվում էր վարկի ստացման պատմությանը: Նրանք ընտանիքում ծագած ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով, «Կրեդո Ֆինանս» ՈՒՎԿ ՍՊ ընկերությունից վարկ ստանալու նպատակով, տեղեկանալով վարկի ստացման համար պարտադիր է աշխատանքի վայրի եւ աշխատավարձի վերաբերյալ փաստաթուղթ, չունենալով որեւէ աշխատանք, 50 000 ՀՀ դրամ վճարելով գործով չպարզված անձին, ձեռք էին բերել «Մյուզիք Ֆաքթորի» ՍՊ ընկերությունում որպես մենեջեր աշխատելու եւ 185 000 ՀՀ դրամ աշխատավարձ ստանալու վերաբերյալ փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկանք: Այդ տեղեկանքը Քրիստինե Գալստյանը ներկայացրել էր վարկային նշյալ կազմակերպությանը, եւ ստացել էր 555 000 ՀՀ դրամի վարկ:
Լոռու մարզն էլ հունիսին քննեց ոչ պակաս հնչեղ գործ, որով «անցնում» են քրեակատարողական հիմնարկի մի շարք պատասխանատու աշխատակիցներ: Գեւորգ Մկրտչյանը, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, հիմնարկի դատապարտյալներից առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ դրդել հիմնարկի ծառայողներից մեկին կաշառք ստանալ, իսկ մեկ այլ աշխատակցի՝ չարաշահել պաշտոնեական դիրքը: Նրա կողքին են Անդրանիկ Թումանյանը, Ռուբեն Կիրակոսյանը, Էդվարդ Քառյանը, Արտակ Պարսամյանը, Անդրանիկ Տիտանյանը, Վարդան Գեւորգյանը, Վահե Ամիրխանյանը, Միքայել Ղարաքիշյանը եւ մի կին աշխատակից՝ Լիաննա Ոսկանյանը:
Գեղարքունիքի մարզի դատարանում Սեւան քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի ՔԿԱԳ Սեւանի տարածքային բաժնի կին պետի պաշտոնի գործն է: Նրան մեղադրում են օժանդակության գործով, բայց ակնհայտ է, որ առկա է կոռուպցիոն ռիսկ այս գործով: Պետի հետ են քաղաքացիները: Աղվան Մարտիրոսյանը եւ Բաղդասար Ղազարյանը ունենալով ՌԴ մուտք գործելու արգելք, կեղծ ամուսնության վկայականի հիման վրա ձեռք են բերել կեղծ փաստաթուղթ հանդիսացող ՀՀ քաղաքացու անձնագրեր, այն օգտագործելով, ապօրինի հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանը։ Հուլիսի 27-ին հերթական նիստն է:
Հունիս ամիսն ամփոփել առանց Սյունիքի մարզի, կլիներ թերի: Ուշադրության արժանի է այն, որ մարզի գործերի մեծ մասը փակ գործեր են՝ դռնփակ են, մի մասն ընթանում է արագացված ընթացակարգով: Դրանք հատկապես զինվորական գործերն են: Ամսվա վերջին եղել է տասը նիստ, որից 9-ը՝ դռնփակ: Ողջամիտ դիտորդի համար արագացված ընթացակարգով նախատեսված նիստերում առկա են որոշակի կոռուպցիոն ռիսկեր: Ինչեւէ:
Դատապարտյալ Կարապետ Հովհաննիսյանը պատիժը կրելու ընթացքում, առանց իրացնելու նպատակի փորձել է ապօրինի ձեռք բերել խոշոր չափերով թմրամիջոց, ինչպես նաեւ ծառայության գծով թողտվության համար պաշտոնատար անձին տվել է կաշառք:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
20.07.2018