Ինչպես տեղեկացրել ենք, մեծ կրքեր են բորբոքվել Գյումրու կենտրոնական հատվածում՝ Շահումյան 123 հասցեում գտնվող «Առեւտրի կենտրոն» ՍՊԸ-ի շուրջ։ Այն նախկինում կոչվել է «Մանկական աշխարհ» հանրախանութ, վերջինիս նախկին աշխատակիցները բողոքում են գործարար Լյովա Գաբոյանի դեմ՝ նրան մեղադրելով «խաբեությամբ» իրենց բաժնեմասերին տեր կանգնելու ու իրենց ներդրումներով միլիարդատեր դառնալու համար։ Նրանք 14 տարի է՝ դատական պրոցեսների մեջ են. գործարարից պահանջում են իրենց փայաբաժինը կամ բնեղենի տեսքով, կամ բնեղենի գումարը, որը դատարան ներկայացրած վերջին հայցում գնահատված է 83 միլիոն դրամ։ Բողոքավորների պնդելով, իրենք առեւտրի կենտրոնի ընդհանուր բաժնեմասի 12 տոկոսի սեփականատերն են, գործարար Լյովա Գաբոյանը միլիարդներ է աշխատում այդ կառույցով, վարձակալությամբ է տալիս, հետեւաբար եւ պարտավոր է իրենց հետ հաշվի նստելու։
Գործարար Լյովա Գաբոյանն էլ իր հերթին պնդում է, որ վերջիններս ոչ մի լումա չեն ներդրել սեփականաշնորհման գործընթացում, ավելին, ժամանակին այս նույն անձինք իրեն մեծ պակասորդների տակ են գցել ու փախուստի դիմել։ Գործարարի բնութագրմամբ՝ հենց դատախազ, ոստիկանապետ ու հարկայինի պետ է փոխվում, նրանք սկսում են իր դեմ բողոքել։ Այս ամենը ներկայացնենք հերթականությամբ։
Բողոքավորներից Մանյակ Սարգսյանն «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ երկրաշարժից հետո՝ 1989 թվականին 36 հոգուց բաղկացած իրենց կոլեկտիվը գումարներ է հավաքել ու ստեղծել է «Մանկական աշխարհ» հանրախանութը։ «Մասնավորեցման ժամանակ էլ օրինական ժողով կայացավ, կոլեկտիվի բոլոր անդամները դարձան ՍՊԸ անդամներ, այն կոչվեց «Առեւտրի կենտրոն» ՍՊԸ։ 4 տարի աշխատելուց հետո մեր տնօրենը աշխատանքից հետո տուն գնալիս՝ վշտից, հոգսից, դարդ ու ցավից հանկարծամահ եղավ։ Քաղաքը փոքր է, ու մենք անմիջապես իմացանք, թե ով է ուզում գալ տնօրեն, համաձայնություն չտվեցինք։ Խոսքը Լյովա Գաբոյանի մասին է, բայց նա, կոռուպցիոն միջոցների դիմելով, եկավ, դարձավ մեզ տնօրեն։ Հետզհետե սկսեց աշխատակիցներին ինչ-որ պատճառներով աշխատանքից հեռացնել, որոշ աշխատողներ իրենց դիմումի համաձայն դուրս եկան աշխատանքից»,-պատմեց Մանյակ Սարգսյանը։ Սոնյա Կարապետյանն էլ հավելեց. «Մենք բոլորս դեմ էինք Լյովա Գաբոյանին, չէինք ուզում, որ նա դառնար տնօրեն, մենք ուզում էինք, որ արժանավոր մարդ գար, բայց մեր խոսքը բանի տեղ չդրեցին։ Ինքը զոռով, իր շրջապատի օգնությամբ, կոռուպցիոն միջոցներով 1994 թվականից դարձավ տնօրեն։ 1997 թվականին սկսվեց սեփականաշնորհման գործընթացը։ Այդ փուլերի ժամանակ օբյեկտը վերցնում են 100 տոկոսով եւ 100 տոկոսն էլ բաժանում են 36 աշխատակիցների միջեւ։ 100 տոկոսը որ բաժանես աշխատակիցների միջեւ, պարզ, հասարակ թվաբանական գործողություն է, յուրաքանչյուրիս հասնում է 2,5 տոկոս։ Մեզանից յուրաքանչյուրն իրավունք ուներ դառնալու 2,5 տոկոսի բաժնետեր։ Դրա 0,5 տոկոսը պետության անվարձահատույց նվիրատվությունն էր բոլոր աշխատակիցներին, իսկ 2 տոկոսի համար մենք արդեն որոշակի գումար պիտի մուծեինք։ Այն ժամանակ ոչ թե գումար, այլ վաուչերներ բաժանվեցին ընտանիքներին, յուրաքանչյուր ընտանիք ամենաքիչը 4 վաուչեր ուներ։ Սեփականաշնորհման ժամանակ գումարի մասին խոսք լինել չէր կարող, Լյովա Գաբոյանը՝ որպես տնօրեն, ոչ մի անգամ ժողով չարեց, սեփականաշնորհման ընթացակարգը չքննարկեց։ Ընդամենը մի ժողով արեց, կանչեց բոլորիս, ասաց՝ 2 տոկոսի համար յուրաքանչյուրիցդ պահանջվում է 1000 դոլար եւ 10 հատ վաուչեր, բայց ընթացքում, երբ նա դարձավ տնօրեն, եկավ ու մեր աշխատավարձն իջեցրեց 97 դրամ։ Նախապես խոստացավ, որ սեփականաշնորհումն անցնելուց հետո յուրաքանչյուրիս կտա 40-50 հազար դրամ աշխատավարձ, 97 թվականի դությամբ դա մեծ թիվ էր բոլորիս համար։ Մենք շատ ուրախացանք, որ այդքան աշխատավարձ կարող ենք ստանալ, հետո իջեցրեց, չտվեց իր խոստացած գումարն՝ ասելով, որ ձեր փոխարեն ներդրում պետք է կատարեմ։ Ներքուստ համաձայնեցինք, որ ներդրումն այդ ձեւով կատարի. չէ՞ որ 1000 դոլար է ինքը ուզել ու 10 հատ վաուչեր, որտեղի՞ց պիտի տայինք»։
Ըստ Սոնյա Կարապետյանի, հետագայում պարզվել է, որ միակ ներդրողը հենց աշխատակիցներն են եղել, որոնք Սովետական Միության կողմից իրենց նվեր թողած 13 բաժինների ապրանքները վաճառել ու գումարը տվել են Լյովա Գաբոյանին։
«Մեզ ասաց, որ դա պիտի վաճառեք ու տաք ինձ, որպեսզի գումար լինի, ես ձեր փոխարեն ձեր ներդրումը դրանով կատարեմ։ Դրան էլ համաձայնեցինք, Սովետական Միությունից յուրաքանչուր աշխատողին նվեր մնացած ապրանքները վաճառել տվեց ու հերթով անդորրագրերով տարավ։ Յուրաքանչյուր բաժնից ամենաքիչ ապրանք ունեցողը եղել է մերը՝ տնտեսական բաժինը, որն ուներ 5 միլիոն դրամի ապրանք, ամենաշատը եղել է կտորեղենի բաժինը՝ 15 միլիոնի դրամի ապրանք ու 9 միլիոն դրամի ապրանք ունեցել է տրիկոտաժի բաժինը։ Կար նաեւ կոշկեղենի, խաղալիքի բաժին, սպորտային բաժին, գալանտերիայի բաժին, որտեղ 20 միլիոն դրամից ավելի ապրանք կար։ Եվ այդ ամբողջը մենք վաճառեցինք, տվեցինք Գաբոյանին, որպես յուրաքանչյուր աշխատողի կողմից ներդրում։ Փաստորեն, այդ ընթացքում զգացինք, որ խաբված ենք, որովհետեւ 97 թվին, երբ մեզանից 1000 դոլար էր պահանջում, դոլարի գույնը ինքը չգիտեր, մենք 97 դրամ աշխատավարձով ի՞նչ պիտի իմանայինք, թե դոլարը ինչ գույն ունի։ Այնպես է դուրս գալիս, որ խանութի համար միայն ներդրում կատարել ենք մենք՝ բաժնետերերս, ինքը իր գրպանից ոչ մի ներդրում չի կատարել, ոչ մի կոպեկ։ Մենք գումարը տվել ենք իրեն, չկար պետական բանկ, որի միջոցով պիտի փոխանցեինք։ Իսկ ինքը լրիվ լցրեց գրպանները, ներկայացավ որպես տնօրեն, մենք ստիպված 2 տոկոսներից հրաժարվեցինք, որովհետեւ մեծ գումար էր ուզել մեզանից, մնացինք 0,5 տոկոսի մասնատեր, որը, նորից եմ կրկնում, պետության նվիրատվությունն էր յուրաքանչյուր աշխատակցի։ Մեր ձեռքից 2,5 տոկոսից 2 տոկոսը խաբեությամբ տարավ ու հասավ իր նպատակին։ Բանից դուրս է գալիս, որ խաբեության արդյունքում մեր խանութն անօրինական է սեփականաշնորհվել։ Ասում էր՝ 35 աշխատող ինչի՞ պիտի պահեմ, ո՞ր մի սեփականատերը 36 աշխատողի աշխատավարձ կտա, ձեզ չեմ կարող աշխատավարձ տալ։ Առանց աշխատավարձի, չոր ու ցամաք տարիներ շարունակ կանգնեցինք, վերջը ստիպված, նամուսներս քաշել, գնացել, մեր տները նստել ենք»,-պատմեց Սոնյա Կարապետյանը։
Մեր զրուցակցի ասելով, երբ հետագայում սեփականաշնորհման կանոնադրությունն ընկել է իրենց ձեռքը, տեսել են, որ խաբեության են ենթարկվել։ Ըստ նրա, իրենք էլ 14 տարի բողոքում են դատարաններում, դատախազությունում ու արդյունքի չեն հասնում. «Տարիներ շարունակ միլիոնատեր դառնալով՝ մեր քրտինքով սկսեց պատերը շարել, դարձրեց քարաշեն։ 14 տարի է՝ պայքարում ենք, մենք ուզում ենք մեր բաժնեմասը իրենից, հնար չկա, բոլոր դատական ատյանները մերժել են։ Ինքը ռեգիստրին դատի տվեց, ասում է՝ իմացել եմ, չգիտեմ ռեգիստրը որիդ մորքուրի տղեն է, լավություն է արել ձեզ, հանել սերտիֆիկատ է տվել, պատկերացրեք՝ ի՞նչ է ասում։ Ռեգիստրն ապացուցեց, որ դա պետական փաստաթուղթ է, եւ որ այդ ընկերությունից է գնացել սեփականաշնորհման նախարարություն եւ այդ նախարարությունն է մեզ տրամադրել սերտիֆիկատները»։
23 բաժնետեր հայցով դիմել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով իրենց բաժնեմասը կամ բնեղենի տեսքով, կամ բնեղենի գումարը, որը գնահատվել է 82 միլիոն դրամ։ Ըստ բանախոսի, իրենք 2006 թվականին անկախ աուդիտի են դիմել, հաշվարկել են տվել՝ մեկ քառակուսի մետրի վաճառքի չափն ու մեկ քառակուսի մետրի վարձակալության գումարը, որը կազմել է 82 միլիոն դրամ։ « Բա որ հիմի անկախ աուդիտ բերենք, ինչ խոշոր գումարների կհասնի մեկ քառակուսի մետրի չափն ու վարձակալության գումարը», -ասում է Սոնյա Կարապետյանը։
Դատարանն այս անգամ էլ թեեւ չի բավարարել հայցվորների պահանջը, սակայն կալանք է դրել «Առեւտրի կենտրոն» ՍՊԸ-ի գույքի վրա։ Դատարանի այս որոշումից դժգոհ են թե՛ հայցվորները, թե՛ գործարար Լյովա Գաբոյանը։
Լյովա Գաբոյանն էլ իր հերթին մեզ հետ զրույցում նեղվեց, որ այս անձինք ժամանակին մի «վաուչեր» չկամենալով, մի լումա չներդնելով՝ 20 տարի փորձում են խափանել իր գործունեությունը։ Ավելին, ըստ գործարարի, նրանցից շատերը նոտարով հրաժարվել են իրենց փայաբաժնից։ Նա նախկին աշխատակիցների՝ իրեն հասցեագրված մեղադրանքները զրպարտություն ու շանտաժ է որակում, պնդում է, որ ինքը երկու տոկոսի համար որեւէ գումար չի ուզել։
«Դու եթե ունեիր քո երկու տոկոսը, գումարը տանեիր, պետգույքի նախարարության հաշվեհամարին մուծեիր, հո ինձ չպիտի՞ տայիր, ես էլ գնացել եմ հաշվեհամարը վերցրել, մուծել եմ, դուք էլ նույնն անեիք։ Նրանց ասածը սուտ է, ոչ մի կոպեկի ներդրում չեն արել ու պահանջ են ներկայացնում այն մարդիկ, որոնք նոտարով հրաժարվել են փայաբաժնից՝ գումար չունենալու պատճառով։ Բողոքողներից տասը նոտարով հրաժարվել է։ Եթե նրանք մի կոպեկի ներդրում ունեն արած, թող փաստաթղթերը ցույց տան, թեեւ այդ խանութը հրդեհվել է, բայց ես իրենց կվճարեմ»,- ասում է Լյովա Գաբոյանը։ Ըստ նրա, դատարանը, կալանք դնելով իր գույքի վրա, խափանում է իր բիզնես գործունեությունը, մինչդեռ ինքը բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծել Գյումրիում։
«Ես ժամանակին չէի էլ ուզում դառնալ այդ խանութի տնօրենը, որովհետեւ տասը խանութ էի ղեկավարում, այդ տարածքում՝ Լոդկա շենքի տակը, դիմացը 3-4 հատ խանութ կար, Պարույր Սեւակ փողոցի վրա խանութ կար, որի տնօրենը դարձյալ ես էի, եթե ցանկանայի, բոլորն էլ կգնեի։ Ինձ խնդրել են, որ ես դառնայի տնօրեն։ Երկրաշարժից հետո այդ մութ ու ցուրտ տարիներին ոչ մեկն էլ չէր ուզում գումար ներդնել խանութի համար, այն դեպքում, երբ շատերը իրենց խանութը վաճառեցին ինքնաթիռի մի տոմսով։ Նաեւ ուզում եմ անդրադառնալ այն հայտարարությանը, թե մենք ենք ստեղծել խանութը, կոմունիստների ժամանակ իրենք շատ փոքր էին, որ սեփական խանութ կառուցեին, քաղսովետը հատկացրել է 1000 քառակուսի մետր տարածք ու պետությունն է կառուցել այդ խանութը։
Պետգույքի նախարարությունը վաճառում էր, մենք պիտի գնեինք, ես առաջարկեցի միանալ, այն ժամանակ քարաշեն խանութ չէր, արժեքը տասը միլիոն դրամ էր ու տրված էր հաշվեհամարը, որով կարող էինք մուծում անել։ Իրենք մի կոպեկ չմուծեցին, ոչ մի ներդրում չարեցին, մի վաուչեր էլ չներդրեցին, պակասորդներ էլ տվեցին, հերթով փախան։ Ես լիքը ապրանք էի բերել, լցրել խանութ։ Այս մարդիկ նորմալ ապրել են, ամենքն էլ օրական 100 դոլարի պռավիզով են տուն գնացել։ Ու ասում են, թե ես իբր աշխատավարձ չեմ տվել, ի՞նչ աշխատավարձ. եթե վաճառել ես ու ամեն ապրանքի տասը տոկոսը քեզ եմ թողել։
Դոմիկ խանութը եղել է 800 քառակուսի մետր, հիմա ո՞նց են ինձանից 1000 քառակուսի մետր պահանջում, եւ հետո 10 միլիոնանոց խանութի համար 80 միլիոն դրամ են պահանջում, եւ այն դեպքում, երբ 2006 թվականին հրդեհվեց խանութն ու այլեւս չկա։ Որ ասում եմ մենք ներդրեցինք, Գաբոյանը տեր դարձավ, կա՞ մեկը, որը ցույց կտա՝ ի՞նչ է ներդրել։ Թող ցույց տան, տեսնենք, ցույց տան մի վաուչեր, որ ներդրել են կամ գնացել են պետգույքի նախարարության տվյալ հասցեով ու մի կոպեկ, 5 հազար դրամ, 50 հազար դրամ գումար են մուծել։ Եթե ապացուցեն, ես հազարապատիկ իրենց կվճարեմ։ Մի հոգի կար, որը վեց, թե ութ վաուչեր էր ներդրել, ես այդ մարդուն միլիոն կամ 2 միլիոն վճարել եմ, որովհետեւ ժամանակին ներդրել է, ուզել է 2 տոկոսի փայաբաժին ունենալ։ Նորից եմ ասում, այս բողոքավորները երկու անգամ նոտարով հրաժարվել են իրենց փայաբաժիններից։ 2006 թվականին էլ ես արտերկրում էի, եկա, իմացա, որ խանութը վառվել է։ Պատկերացրեք՝ ինչքան ապրանք կարող էր լինել, ապրանքի 80 տոկոսը իմ սեփականությունն էր, իսկ 20 տոկոսը՝ վարձակալածների ապրանքն էր։ Այդպես տուժեցի, սա իրենցով կազմակերպված քայլ էր, որպեսզի տարածքը ձեռքիցս վերցնեին»։
Նշենք, որ այժմ այդ նույն տարածքում քարաշեն, գեղեցիկ խանութ է կառուցված։
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ»
20.07.2018