Հարցազրույց բարձրագույն դատական խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանի հետ
-Պարոն Դանիելյան, կա «Զանգվածային լրատվության մասին» օրենք, «Տեղեկատվության ազատության մասին» օրենք, որոնք կարգավորում են լրագրողների իրավունքները, այդ թվում՝ դատարանում դռնբաց նիստերին մասնակցելու, լուսաբանելու, տեղեկություններ տարածելու տեսանկյունից: Հայտնի է, որ ԲԴԽ-ում Ձեր առաջին քայլերից մեկը լրատվության միջոցների հետ փոխհարաբերության կանոնները մշակելն է, ի՞նչ կանոններ են դրանք, արդյո՞ք, այդ մասին տեղյակ են լրատվամիջոցները, ի՞նչ ընթացակարգերով այն կյանքի կկոչվի:
-Զանգվածային լրատվության միջոցների հետ դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի փոխհարաբերության շրջանակները անհամեմատ լայն են, դրանք չեն կարող ամբողջովին ներառվել ձեր նշած օրենսդրական ակտերով: Ավելին՝ հրապարակային քննության իրավունքը, հանդիսանալով արդար դատաքննության սահմանադրական իրավունքի կարևորագույն բաղադրիչ, իմ կարծիքով, համակողմանի չի բացահայտվել նաև դատավարական օրենսգրքերում, ինչն էլ պարբերաբար տարաբնույթ մեկնաբանությունների տեղի է տալիս:
Ինչևէ, լրատվության միջոցների հետ դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի փոխհարաբերության կանոնները մշակելու նախաձեռնության հիմքում դրված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետը, ինչպես նաև 89-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետը ուղղակիորեն պարտավորեցնում են Բարձրագույն դատական խորհրդին սահմանելու հիշյալ կանոնները: Հաշվի առնելով այդ փաստաթղթի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, այս փուլում մեր կողմից մշակված նախագիծն անցնում է հանրային քննարկման փուլ, այն ուղարկել ենք տարբեր լրատվամիջոցների, գործակալությունների և հասարակական կազմակերպությունների: Միաժամանակ, այն տեղադրված է խորհրդի պաշտոնական կայքում, որի մասին շուտով կտեղեկացվեն բոլոր լրատվության աղբյուրները, ակնկալում եմ, որ այս հարցազրույցը ևս կնպաստի այդ փաստաթղթի վերաբերյալ իրազեկվածության բարելավմանը:
-Ինչ էական հարցեր են շոշափվել Ձեր կողմից մշակված կանոններում, դրանք չե՞ն բարդացնում դատական իշխանության գործունեության լուսաբանման աշխատանքները: Մամուլում հաճախ են նկատում, որ Խորհուրդը, հակառակ իր կողմից հնչեցրած հայտարարությունների, դեռևս անհրաժեշտ թափանցիկություն չի ապահովել:
-Կարծում ենք, որ այն, ընդհանուր առմամբ շահեկանորեն տարբերվում է նմանաբնույթ այլ փաստաթղթերից, ընդ որում, առաջադրված են միանգամայն նոր, միջազգային իրավական չափանիշներին լիարժեք համապատասխանող սկզբունքներ, մասնավորապես, դրանցով սպառիչ երաշխավորված է լրատվության միջոցներին տեղեկատվություն տրամադրելու ասպեկտով խտրականության բացառումը, անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, անձնական կյանքի և անձնական տվյալների պաշտպանությունը և այլն:
Այս փաստաթուղթն էապես տարբերվում է նաև լրատվության միջոցների հավատարմագրման և հայտի հիման վրա գործելու հայրենական դասական ինստիտուտներից:
Մի խոսքով, մենք ակնհայտ մեծ տեղ ենք հատկացնելու լրատվության միջոցների կողմից հրապարակված նյութերին, սակայն դա բնավ չի նշանակում, որ դրանք բոլոր դեպքերում անվերապահորեն պետք է ընկալվեն, որպես հավաստի և առանց լրացուցիչ ուսումնասիրության և ստուգման, դրվեն խորհրդի գործունեության, այդ թվում՝ դատավորներ նշանակելու, ինչպես նաև առաջխաղացման որոշումներ կայացնելու հիմքում:
-Չեմ թաքցնում, որ այսօր տարակուսանքի տեղիք է տվել նաև Խորհրդի կայքում մամուլի ծառայության այն հայտարարությունը, որ, օրինակ, սնանկության դատարանի դատավորներ ընտրվելու հայտ ներկայացրած դատավորների վերաբերյալ կարող են երկշաբաթյա ժամկետում ներկայացվել տվյալներ, որոնք կասկածի տակ կարող են դնել նրանց պաշտոնավարությունը: Արդյոք, սա խոցելի չի՞ դարձնում դատավորների անկախությունը:
-Նախ, հարկ է որոշակի ճշգրտումներ անել. խոսքը ոչ թե ցանկացած տեղեկատվության, այլ բացառապես փաստաթղթավորված այնպիսի տեղեկատվության մասին է, որը կասկած է հարուցում տվյալ անձի կողմից դատավորի պաշտոնում արդյունավետ աշխատանքը: Սա նշանակում է, որ անգամ առաջին հայացքից հավաստի թվացող և փաստաթղթավորված յուրաքանչյուր տեղեկատվություն պատշաճ ուսումնասիրվելու և ստուգվելու է: Բոլոր դեպքերում հանրությունը հստակ պատկերացում կունենա, թե Խորհրդում ինչպիսի տեղեկատվության հաշվառմամբ է կայացվում որոշում: Բերեմ մի կոնկրետ օրինակ. ինչպես գիտեք, վերաքննիչ քրեական դատարանում առաջխաղացման հերթական ցուցակը չհաստատվեց խորհրդի կողմից: Այդ որոշման հիմքում, մասնավորապես, դրվեց լրատվության միջոցներում հստակ տեղ գտած այն տեղեկատվությունը, որ թեկնածուն նախկինում, ընդամենը մեկ-երկու տարի առաջ դատավորների թեկնածուների հավակնորդների մրցույթում ոչ միայն չէր անցել հարցազրույցի, այլև գրավոր քննության փուլը, ինչը իրավաբան գիտնականի պարագայում որևէ կերպ ոչ էական համարվել չէր կարող:
Ինչ վերաբերում է այս կամ այն թեկնածուի առնչությամբ դատավորների դիտարկումներին, դրանք իրավական արժեք կարող են ունենալ, եթե դրանց հիմքում լինեն կոնկրետ փաստեր, հակառակ պարագայում խորհուրդը չի պատրաստվում ղեկավարվել վերացական և սոսկ սուբյեկտիվ գործոններով թելադրված տարաբնույթ լուրերով:
Եթե այս նախաձեռնությունը ոմանց մոտ տարակուսանք կհարուցի, ապա կառաջարկեի նկատի ունենալ, որ խոսքը հանրային խիստ պատասխանատու դեմքերի մասին է, և առնվազն հարիր չէ նրանց կարգավիճակի առնչությամբ փակ համակարգի շրջանակներում քննարկել և որոշումներ կայացնել: Մյուս կողմից, «հետին ամսաթվով» դժգոհողները թող բարի լինեն և նախապես ներկայացնեն փաստեր, եթե այդպիսիք կան: Համոզված եմ, որ մեր այս նախաձեռնությունը աներկբա կունենա հանրային համարժեք ընկալում:
-Ինչպե՞ս են այդ փաստաթղթին արձագանքում դատավորները:
-Արդեն նկատեցի, որ նախագիծը տեղակայված է պաշտոնական կայքում, ուստի այն հասանելի է նաև դատավորներին: Համոզված եմ, որ դատավորները ևս կցուցաբերեն շահագրգիռ մոտեցում և կներկայացնեն հիմնավորված նկատառումներ, ի դեպ, հարկ է ընդգծել, որ առանձին դատավորներ նախագծերի վերաբերյալ իրենց արհեստավարժ եզրակացություններով մեծապես օգնում են Խորհրդին: Ինչ խոսք, այս փաստաթուղթը նկատելիորեն միտված է առավել թափանցիկ դարձնելու դատական իշխանության կազմավորման և գործունեության գործընթացները, ինչն այդ ասպեկտով առաջացնելու է լրատվության հետ փոխհարաբերվելու մոտեցումների վերանայման անհրաժեշտություն, սակայն բոլորս պարտավոր ենք պատրաստ լինել ժողովրդավարության և քաղաքակրթության նշված արդի պահանջներին այնքանով, որքանով դրանք չեն հակադրվի արդարադատության շահերին:
Հարցազրույցը` Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ