Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հակահեղափոխությունը սկսվում է համայնքներում, հեղափոխականների ձեռամբ

Հուլիս 20,2018 22:00

Եթե որոշ ոլորտներ կան, որտեղ հեղափոխությունը հաջողությամբ արդյունանում է, ապա ՏԻՄ մակարդակում ուղղակի աղետ է։ Չգիտեմ ուր է նայում կամ ինչ է մտածում Ս. Պապիկյանը, բայց որ ինքն ամենաթույլ օղակն է Էդգար Առաքելյանի ձևակերպած «երազանքի թիմում»՝ ակնհայտ է։ Առնվազն երեք մարզում (որոնց հետ այս կամ այն կերպ անձնական կապեր ունեմ) խայտառակ «կաշա» է. նորանշանակները, որ դեռևս իրենց գործից ու դրա ծավալից գլուխ չեն հանում, կադրային փոփոխություններն անելիս առաջնորդվում են ոչ թե մարդկային ու մասնագիտական ունակությունների սթափ գնահատմամբ, այլ բոլոր ժամանակներում ջրից չոր դուրս գալուն սովորած միջին վիճակագրական «սապնվողների» խորհուրդներով։

Տեղերում նշանակված կադրերը ոչ միայն չգիտեն ոչ իրենց անելիքը, այլև ընդհանրապես պատկերացում էլ չունեն, թե ո՞վ է աշխատում, ով՝ ոչ։ Դեռևս հունիսի 4-ին ֆեյսբուքյան իմ էջում գրել էի. «Իզուր չէ, որ բոլորն այդքան անհամբեր էին սպասում մարզպետների նշանակմանը։ Սա հեղափոխության սայթաքելու ամենավտանգավոր տեղն է… Նախարարի սխալն ավելի փոքր նեգատիվ արձագանք է ունենալու, քան տեղերում՝ մարզերում և համայնքներում, թույլ տրվող սխալներն ու ուշացած որոշումները…»։ Բայց կարճ ժամանակ անց պարզվեց, որ վիճակն էլ ավելի բարդ է այն համայնքներում, որտեղ հրաժարականներ են ներկայացրել նախկին համայնքապետերը։

Խնդիրը կարող է փոքր թվալ, բայց այնքան էլ այդպես չէ։ Նման բաները ընկալվում են ոչ թե որպես արժեհամակարգային փոփոխություն, այլ պարզապես սեփական կադրերին աշխատանքով ապահովելու գործընթաց՝ «ես եմ եկել՝ իմ մարդկանց եմ բերում» մտայնությամբ։ Բայց դրա համար պետք չէր հեղափոխություն անել, ո՛չ թավշյա, ոչ էլ՝ ոչ բռնի, այդ մտածողությունը տիրում էր նաև հեղափոխությունից առաջ…

Դիցուք մի ցայտուն օրինակ բերեմ, որ ասածս մերկապարանոց չթվա։ Չգիտեմ, թե ինչ մղումով է առաջնորդվել Արմավիրի քաղաքապետի ԺՊ-ն, բայց  որոշել է աշխատանքից ազատել Արմավիրի թիվ 6 մանկապարտեզի վարիչին, քանի որ ստուգայցի ընթացքում երկու երեխա իբր անհարկի են բացակայել։ Անմխիթար շենքային պայմանները՝ հեչ, երկու բացական՝ մեջ…

Խնդիրը միայն առաջին հայացքից է փոքր, քանի որ այդ մանկապարտեզի վարիչն իրոք լավ է աշխատում, հոգատար ու իր գործի գիտակ մարդ է, և եթե նրան իրոք որոշեն ազատել աշխատանքից, ապա ծնողների գերակշիռ մասը տրամադրված է պաշտպանել իր իմացած լավ վարիչին և ընդդիմանալ իրենց դեռևս անծանոթ «Նիկոլի մարդուն», որը բացի խոստումներից ու Վարդավառին ջրոցի խաղալուց, դեռևս ոչինչ չի արել։

Ակնհայտ է, որ նման գործելաոճը մոդայիկ է դարձել (ԱԱԾ-ականությունը «տռենդի» մեջ է), բայց եթե խոսք է գնում մանկապարտեզի վարիչների ու դաստիարակների, կամ մարզպետարանի շարքային աշխատակիցների մասին, ապա համայնքի (նաև մարզի) բնակչության մի ստվար զանգվածի մոտ դարձյալ առաջանալու է շան մազ կուլ տված լինելու տհաճ զգացողությունը… Հենց այսպե՛ս  է պարարտ հող ստեղծվում, որ ի հայտ գան իսկական հակահեղափոխականներն ու կուրծք ծեծեն. «Բա որ ասում էինք՝ մինչև չգա ետինը, չի հիշվի առաջինը…»…

Եվ գլուխը քարը, որ Արմավիրի քարուքանդ փողոցներն ուսումնասիրող ու թաղեց-թաղ շրջող (ինչպես խոստացել էր) մեր ջահել ԺՊ-ին չտեսանք փողոցներում, ոչինչ որ աղբահանության որակի փոփոխություն չի երևում, որ քաղաքը տառացիորեն չորանում է ոռոգման ցանցի խցանվածության պատճառով, և հենց որի պատճառով էլ անձրևների ժամանակ քաղաքի կենտրոնական մի քանի փողոցները Վենետիկն են հիշեցնում… Կարևորը ընդհանուր «տրենդից» ետ չմնալն է՝ կոռուպցիոն բացահայտումներ և ազատումներ… Ախր կոնկրետ այս դեպքում խաշած հավի ծիծաղն էլ կգա…

Ես անկեղծորեն չգիտեմ, թե ինչպիսի կապերով է մանկապարտեզի վարիչը կապված եղել նախկին քաղաքապետի հետ, ունեցե՞լ է արդյոք ընդհանրապես որևէ կապ, թե՞ ոչ, բայց որ իր գործի նվիրյալ մարդուն ազատելու պատճառ են ման գալիս՝ խորապես վիրավորում է ինձ՝ մշտապես ըմբոստ քաղաքացուս։

Հայտնի ռուսական ասացվածքը՝ «Հատվող անտառից տաշեղներ են թռչում», այս դեպքում կիրառելի չէ, մենք անտառ հատելու իրավունք չունենք, քանի որ նվիրյալ ու որակյալ կադրերի տայգաներ չունենք։

Ընկեր dream-հեղափոխականներ, սրտի խոր ցավով եմ ասում՝ այսպես որ գնա՝ պարտվելու ենք բոլորս, անկախ Նիկոլի հանդեպ ունեցած համաժողովրդական սիրուց, քանի որ յուրաքանչյուր նմանօրինակ սխալ, որ տեղերում անում է «Նիկոլի մարդը», կամաց-կամաց ստվեր է գցում Նիկոլի համաժողովրդական սիրո վրա։

Ոլորտի պատասխանատուն թերանում է, իսկ դա նշանակում է, որ հեղափոխականներն իրենք են սկսում հակահեղափոխությունը։

Դո՛ւրս եկեք էյֆորիայից, տղերք, մարզերում ավելի շրջահայաց ու հասցեական պիտի աշխատել, սա մայրաքաղաքը չէ, որտեղ մեդիա-աղմուկը շղարշում է շատ ու շատ խնդիրներ, որտեղ մեդիայի աչալուրջ հսկողության տակ լինելով՝ նման սխալներ թույլ չեք տալիս, այստեղ՝ հեռավոր մարզերում ու փոքր համայնքներում, շատ արագ կարելի է ընկնել հանրապետականաորսի ու կոռումպաքուջուջի մեջ։

Գեւորգ ԳԻԼԱՆՑ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031