Լրահոս
Օրվա լրահոսը

Վաչագան Ղազարյանը (Սերժի Վաչո) ազատ կարձակվի մեկ միլիարդ դրամ գրավի դիմաց

Հուլիս 20,2018 18:35

Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում (նախագահող դատավոր Մխիթար Պապոյան) հրապարակվեց Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի (Սերժի Վաչո) գործով դատական ակտը:

Aravot.am-ի հետ զրույցում Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը հայտնեց, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանը 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: Իսկ իրենց դիրքորոշման հետ կապված մանրամասներ կներկայացնեն քիչ ուշ:

Հիշեցնենք՝ հունիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին: Հայաստանի երրորդ նախագահի մերձավորներից Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաև ապօրինի հարստանալու համար:

Ըստ ՀՔԾ-ի՝ Վաչագան Ղազարյանը չի հայտարարագրել 1 միլիոն 272 հազար 900 դոլար, 218 հազար եվրո և 460 միլիոն դրամի գույք: Մինչև ձերբակալումը իրավապահները խուզարկել էին Վաչագան Ղազարյանի մայրաքաղաքի բնակարանը և հայտնաբերել առանձնապես խոշոր չափերի գումար։ Ազգային անվտանգության ծառայության կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են հունիսի 25-ին՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող «Յունիբանկի» մուտքի մոտից։ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ Ղազարյանը բերման ենթարկելուց հետո անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է «Յունիբանկից» դուրս գալու պահին ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար դոլար, ինչպես նաև 436 միլիոն դրամ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից:

Իսկ նրան բանկ ուղեկցած «Լեքսուս» մակնիշի մեքենայից հայտնաբերվել էր 50 հազար ԱՄՆ դոլար: ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ ըստ Վաչագան Ղազարյանի, բանկից գումարի կանխիկացման նպատակը եղել է այն իրական տիրոջը վերադարձնելը, իսկ թե ով էր գումարի իրական սեփականատերը, Ղազարյանը չի ցանկացել հայտնել: Վաչագան Ղազարյանն անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է առօրյա ծախսերի համար գրպանում եղած 500 դոլարն ու 213 հազար դրամը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031