ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանն իր գործընկերոջ՝ Արփինե Հովհաննիսյանի արած «մտավոր հետամնաց» աղմկոտ արտահայտությունը չի համարում անձնական վիրավորանք: «Դա այն քննարկումն էր, երբ կողմերը պարզապես իրար չէին լսում: Ուրախ եմ, որ նա ներողություն է խնդրել: Եթե որեւէ մեկը դա որպես անձնական վիրավորանք է ընկալել, շատ ավելի բարեկիրթ է ներողություն խնդրելը»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Դավիթ Հարությունյանը:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ում քննարկել են կամ պատրաստվում են քննարկել կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի փոփոխության հարցը: «Կուսակցության ղեկավարի հարցը որոշվում է համագումարներում: Հենց որոշում լինի համագումար անցկացնելու մասին` կտեղեկացնենք»,-պատասխանեց Դավիթ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցին` նա նշեց, որ դեռ հստակ որոշում չունեն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ