«Սազո՞ւմ է»,- այսօր, կառավարությունում կայացած մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես հումորով արձագանքեց հարցին` ինքը վայելում է Սերժ Սարգսյանի համար կարված սուպերվարչապետության պատմուճանը: Լրագրողը հետաքրքրվեց`չի՞ պատրաստվում հրաժարվել դրանից եւ բալանսավորել իր իշխանությունը`կիսելով այն նախագահի հետ:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սուպերվարչապետությունը միանշանակ վերացվելու է: «Մինչեւ ընտրություններ դրամատիկ քայլերի շատ չենք գնա: Կառավարությունը մանդատ ունի` իրականացնելու հեղափոխության նպատակները: Իշխանական որեւէ թեւ այսօր չունի լեգիտիմության այնպիսի աստիճան, ինչպիսին կառավարությունը: Այդ մանդատի շրջանակում սուպերվարչապետական համակարգը կփոխվի վարչապետականի»: Նրա խոսքով, իրենք արել են ամեն ինչ, որպեսզի ոստիկանության, քննչական համակարգերի կայունությունը չխաթարվի, առավել եւս, պետական կառավարման համակարգում բալանսավորման քաղաքականությանը պետք է գնա այնպես, որ պետական կառավարման համակարգի կայունությունը չխաթարվի. «Երբ ժամանակին ես ասում էի, որ այս համակարգով ավելի հեշտ է հեղափոխություն անել, քան նախկինում, շատերը մեղադրում էին»:
Ինչ վերաբերվում է բալանսավորմանը, ապա, ըստ վարչապետի, պետք է գիտակցել, որ դա մի օրում տեղի չի ունենալու, քանի որ եթե կայունություն չապահովվի, կունենանք շատ լուրջ խնդիրներ: Նաեւ. «Ո՞վ է ասել, որ բալանսավորում պետք է լինի նախագահի ու վարչապետի միջեւ»: Ինքը`Նիկոլ Փաշինյանը, կարծում է, որ բալանսավորում պետք է լինի կառավարության ու խորհրդարանի միջեւ:
«Եթե որեւէ մեկը մտածում է, որ պետությունը կարող է ունենալ երկու ղեկավար, դա պետության վերջն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ