«Լուսավոր Հայաստանը» գրասենյակներ է բացել եւ բացելու մարզերում եւ Երեւանում: «Հիմա կենտրոնանում ենք Երևանի վրա, որովհետև առաջիկայում ավագանու ընտրություններ են»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Իսկ թե ինչ միջոցներով են գրասենյակներ բացում` Մարուքյանը նշեց. «Կուսակցության քաղաքական խորհրդի անդամների միջոցներով»:
Մարուքյանի խոսքով՝ բոլոր մարզերում ֆիզիկապես գործող գրասենյակներ չեն ունեցել, որովհետեւ հայտնի է, թե ինչ վիճակ է եղել ՀՀԿ-ի օրոք. «Տեռորի են ենթարկել նրանց, ովքեր ցանկացել են փող տալ կուսակցություններին: Վախեցրել են, նրանք էլ չեն տվել անգամ գրասենյակի տարածքը: Մենք ոչ թե համախոհներ չենք ունեցել ենք, այլ ֆինանսական խնդիրներ ենք ունեցել: Իսկ իրենք ունեն տարածքային կառույցներ, որովհետև իշխանություն են եղել: Նայեք փաստաթղթերը, թե ՀՀԿ-ն որքան սեփական գույք ունի ՀՀ-ում»:
Էդմոն Մարուքյանը հարցադրում արեց. «Որեւէ մեկը հարցրե՞լ է, թե ոնց է ՀՀԿ-ն այդքան գույք ձեռք բերել եւ որպես գրասենյակ օգտագործել»: Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին` Էդմոն Մարուքյանն ասաց. «Դեռ հնարավորություն կա «Ելք» դաշինքով մասնակցելու, իսկ եթե չստացվի, ուրեմն՝ առանձին կմասնակցենք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ