Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական մամուլն` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Հուլիս 20,2018 16:52

Ռուսական մամուլը բացահայտ արշավ է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, այն բանից հետո, երբ վերջինս, մեկնաբանելով Շիրակի մարզի Փանիկ գյուղում ռուսական 102-րդ ռազմաբազայի զորավարժությունը, դա որակել էր «սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների»:

Եթե Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ընթացքում ռուսական միայն առանձին լրատվամիջոցներ էին խոսում դրա այսպես կոչված «սորոսյան» ուղղվածության մասին, ապա այսօր այդ միտումը կարծես ավելի է ամրապնդվում: Ռուսական մամուլը փորձեր է կատարում զուգահեռներ անցկացնել ոչ միայն Ուկրաինայի և Հայաստանի հեղափոխությունների, այլև երկու երկրկների առաջնորդների՝ Նիկոլ Փաշինյանի և Պետրո Պորոշենկոյի միջև:

Մասնավորապես, gazeta.ru-ն հոդված է հրապարակել «Հիշատակի լուսանկար. Ինչու՞ է Փաշինյանն օրինակ վերցնում Պորոշենկոյից» վերտառությամբ, որում Փաշինյանին մեղադրում է սեփական PR-ի համար արևմտյան պաշտոնյաների հետ լուսանկարվելու և դրանք որպես արտաքին քաղաքականության հաջողություն ներկայացնելու մեջ:

«Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թվում է, ուղղություն է վերցնում դեպի Արևմուտք: Ընդ որում, խոսքը ոչ միայն գաղափարական մերձեցման մասին է, ինչը, հաշվի առնելով նրա իշխանության գալու գործընթացը, դեռ բացատրելի կլիներ: Փաշինյանը շատ թափանցիկ ակնարկում է, որ դեմ չէ շփվել ՆԱՏՕ-ի հետ, որն իր հերթին դանդաղ, բայց հաստատուն կերպով ընդլայնվում է դեպի Արևելք:

Մի կողմից նոր վարչապետի ակտիվությունը կարելի է հասկանալ: Նա մի քանի հերթապահ հայտարարություններ է արել Լեռնային Ղարաբաղի իրավիճակը վերաբերյալ: Ընդ որում, իհարկե խոստովանելով. «ՆԱՏՕ-ն հետևողականորեն հայտարարել է, որ այդ հակամարտության կարգավորման հարցում որևէ գործառույթ չունի»: Մյուս կողմից Փաշինյանը վարքը հիշեցնում է Պետրո Պորոշենկոյին: Ուկրաինայի նախագահն արդեն փառավորվել է նրանով, որ հայտնվում է անհրաժեշտ վայրում անհրաժեշտ պահին՝ եվրոպական առաջատար երկրների առաջնորդների հետ պատահական հանդիպումները ներկայացնելով որպես խոշոր դիվանագիտական հաջողություն»,- գրում է թերթը:

Այնուհետև թերթը հեգնում է Բրյուսելում Փաշինյանի և Թրամփ զույգի հայտնի լուսանկարը. «Փաշինյանը սկզբում ազատ աշխարհի առաջնորդին սպասել է մուտքերից մեկի մոտ: Սակայն, նկատելով, որ Թրամփը կնոջ հետ մյուս մուտքից է դուրս գալիս, արագ փոխել է տեղը, վազել զույգի մոտ և ձեռքը պարզել ԱՄՆ նախագահին: Թրամփն իներցիայով ժպտացել է՝ թույլ պատկերացում կազմելով՝ ով է հայտնվել իր ճանապարհին»:

Այնուհետև հոդվածագիրը նշում է, որ Հայաստանում պաշտոնների են նշանակվում արևմտյան կողմնորոշում ունեցող գործիչներ: Որպես օրինակ՝ բերում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումներով զբաղվող Դանիել Իոանիսյանին, որի հիմնադրած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ֆինանսավորում է ստանում արևմտյան կառույցներից:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ հոդվածագրի աչքին արևտամետ է թվում, քանի որ նրան ժամանակին վրդովեցրել էր հայկական դպրոցում ռուսական դրոշի առկայությունը:

Հետո թերթը եզրակացնում է, որ «մի կողմից Փաշինյանը և նրա թիմը վախեցնում են Մոսկվային Եվրոպայի հետ մերձեցմամբ, մյուս կողմից չի կարելի ֆանտաստիկ անվանել նաև վարչապետի ցանկությունը՝ Հայաստանը դարձնել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի բազա և այդ գործի համար ֆինանսավորում ստանալ Դաշինքից: Հատկապես որ` Եվրամիությունից գումար ստանալն ամենայն հավանականությամբ չի հաջողվի. Բրյուսելում Փաշինյանին ակնարկեցին, որ ԵՄ-ն այլևս չի տա այն գումարները, որոնք Երևանին խոստացվել էին նախքան ապրիլյան հեղափոխությունը»:

Ավելի վաղ գրեթե նույն բովանդակությամբ, բայց առավել հեգնական տոնով հոդված էր հրապարակել ռուսական մեկ այլ առաջատար պարբերական՝ Lenta.ru-ն:

«Ռուսաստանի Դաշնության «բարեկամական» երկիր Ուկրաինային նոր երկվորյակ քույր է ծնվում՝ Հայաստանը՝ «դրական» որակների նույն ներկապնակով: Սա հատկապես տխուր է՝ հաշվի առնելով, որ բոլորովին վերջերս Երևանը շատ հավատարիմ էր Մոսկվային»,- այսպես է իր վերլուծությունը սկսում գործակալության հոդվածագիրը:

Այստեղ ևս հոդվածագիրը եզրակացնում է, որ Հայաստանի վարչապետը արտաքին քաղաքական ուղղությունը փոխել է դեպի Արևմուտք: Նման եզրակացություն արվում է՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ միակ երկիրն էր, որը մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Պատրաստեց Վիկտորիա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031