«Բրյուսել կատարած իմ այցի ընթացքում բոլոր հանդիպումներում ես արձանագրել եմ` եվրոպական կողմնորոշումը մեր համոզմունքն է, հավատամքն է: Տեղի ունեցած վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ դա մեր ժողովրդի քաղաքական արժեքների համախումբն է»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու արձագանքին`ԵՄ-ին Հայաստանի կողմից առաջարկներ ներկայացնելու մասին վարչապետի հայտարարություններին:
Նիկոլ Փաշինյանն արձանագրում է` ԵՄ-ն Արեւելյան գործընկերության երկրների հետ հարաբերվում է «ավելին՝ ավելիի դիմաց» բանաձեւով, գերակա արժեքներ է հռչակել ժողովրդավարությունը, թափանցիկությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայությունը: Վարչապետն ասում է`մինչեւ իր Բրյուսել կատարած այցը, ԵՄ-ի հայտարարություններ են եղել, որ ինչ-որ ձեւով պատրաստվում են ՀՀ-ին աջակցել, սակայն, բանաձեւը չի աշխատել: «Ինձ համար զարմանալի է, որ ԵՄ-ում կան պաշտոնյաներ, որ չեն նկատում ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները»,- ասաց նա`կրկնելով, որ կառավարությունը, առանց հավելյալ լումա ծախսելու, կոռուպցիայի դեմ պայքարում արել է ավելին, քան նախկին կառավարության եւ ԵՄ-ի համագործակցության արդյունքում տեղի է ունեցել՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսելով: Նույնը` դատական համակարգում է:
«Մենք հանուն ֆինանսական աջակցության ոչ մի բան չենք արել եւ հանուն ֆինանսական աջակցության ոչ մի բան չենք անում»,- ասաց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ իրացրել են ժողովրդի կողմից տրված մանդատը, իսկ ուղերձները տվել են գործընկերներին եւ ասել, որ պետք է իրենք դիրքավորվեն նոր ուղղությամբ:
Այլ մանրամասները`տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ