Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք որսորդությունը սպանությո՞ւն է

Հուլիս 20,2018 16:19

Ուլրիխ Զայդլի «Սաֆարին»՝ երեւանյան կինոթատրոններում

Ավստրիացի կինոռեժիսոր Ուլրիխ Զայդլի «Սաֆարի» ֆիլմը այս տարի ցուցադրվեց «Ոսկե ծիրանի» շրջանակում: Ֆիլմը սկսվում է Աֆրիկայում հանգստացող տարեց ամուսինների տձեւ մարմինների պատկերով: Ու այդ «ներկայությունը» պատահական չէ: Զույգը միմյանց վրա արեւապաշտպան քսուք է քսում, տձեւ մարմինների կողքին ավելի է ընդգծվում բնության կատարելությունը, որը մարդը փորձում է աղճատել իր ագրեսիվ միջամտությամբ:

 

Ֆիլմում հետաքրքիր կոնտրաստ կա. ընտանիքներով կենդանիներ սպանելու համար «հետամնաց» Աֆրիկա եկած քաղաքակիրթ եվրոպացիներ եւ բնությանը ձուլված, խաղաղ բնիկ սեւամորթներ: Որոշ եվրոպացիներ նույնիսկ նախանձում են` սեւամորթներն ավելի արագավազ են, քան իրենք…Եվրոպացիներն արդարացնում են իրենց սաֆարին ու կենդանիների որսը, ասում են, որ սպանելը նախ եւ առաջ անհրաժեշտ է բնությանը, որ իրենք սանիտարի յուրատեսակ գործ են կատարում, որ որսորդությունը սպանություն չէ եւ այլն, եւ այլն…Նրանք չեն էլ նկատում գնդակից գետնին տապալվող, մեռնող կենդանիների մշուշվող աչքերը, ոչ էլ կրակված վերքից ցայտող արյան շիթը, որ խոշոր պլանով ցույց է տալիս Զայդլը…Կարեւորը սպանված կենդանու ֆոնի վրա լուսանկարվելն է` սոցցանցում այն հրապարակելու համար ու այն հաճույքը, որ ստանում են սպանելուց: Տուն վերադառնալով, նրանք իրենց հետ տանում են սպանված կենդանիների խրտվիլակներն ու եղջյուրները, որ դրանցով զարդարեն իրենց սենյակները: Ի դեպ, ամեն կենդանի սպանվելու իր գինն ունի…

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի ականջը կանչի, ասում են` նա էլ է սաֆարիի սիրահար: Զայդլի հետ հանդիպման ժամանակ ՀՀ որսորդ նախագահի անունն էլ մեկ-երկու նախադասությամբ շոշափվեց…


Նշենք, որ Ուլրիխ Զայդլը «վայրի» սպանողներին պատկերում է նույնքան «վայրի» նատուրալիզմով, որն ածելու սրություն ունի…Սպանված կենդանիներ, նրանց ոսկորները կոտրող, մորթող, փորոտիքը հանող, մաշկող սեւամորթներ, լիքը արյուն…

«Հաճախ են ինձ հարց տալիս, թե ինչու եմ այս ֆիլմը նկարել…Որսորդության թեման ինձ միշտ էլ հետաքրքրել է, թեկուզ այն պատճառով, թե ոնց է մարդն իր հաճույքի համար սպանում: Մեկ այլ թեմա էլ կա, որ էլի ինձ հետաքրքրել է, եւ առաջիկա տարիներին կհետաքրքրի, խոսքը զբոսաշրջության մասին է…Այս ֆիլմի շնորհիվ փորձել եմ կապ գտնել զբոսաշրջության եւ որսորդության միջեւ…

Եվրոպայում կան մարդիկ, որոնք հատուկ մեկնում են Աֆրիկա եւ իրենց հանգիստն անցկացնում են կենդանիներ սպանելով: Ասեմ նաեւ՝ որսորդության դեմ ոչինչ չունեմ»,- երեւանյան ցուցադրության ժամանակ ասաց ռեժիսորը:


Շատ խորհրդանշական է մի դրվագում անխռով պառկած տարեց կինը, որն իր ծերացած ու տգեղ մարմինը արեւի է տալիս, դեմքն էլ ամսագրով է պաշտպանում, եւ քամին թերթում է նրա դեմքի ամսագիրը՝ իր անցած ջահելության էջերի պես, շուրջը խաղաղ է, կարծես ոչինչ չի եղել, իրականում քիչ հեռու հերթական վայրի կենդանին է սպանվել, փռված է արեւի տակ, բերանը խոտ են խցկել, որպեսզի նրան սպանողների լուսանկարը տպավորիչ լինի…

Զայդլը Երեւանում փակագծեր բացելով ասաց, որ ի սկզբանե նախատեսված էր հեռուստատեսային ֆիլմ նկարել, բայց ինչպես միշտ, ավելի շատ նյութ է նկարել, որի արդյունքում ստացվել է «Սաֆարին»:


Ի դեպ, նրա մոտ սովորություն է կորզել ավելին, քան անհրաժեշտ է: Նա վաղուց փորձ ունի մեկ ֆիլմի համար նկարահանված նյութից 3 ֆիլմ ստանալ: Զայդլը վարպետ է, որը երբեք ինքն իրեն չի դավաճանում կինոյում:

Ի դեպ, Երեւանում «Ոսկե ծիրանի» շրջանակում հյուրընկալված մեկ այլ ճանաչված ռեժիսոր Շոն Բեյքերը հրապարակավ հայտարարել էր. «Ես դեռ մանուկ եմ կինոյում, այ, Ուլրիխ Զայդլը վարպետ է, միշտ զարմանում եմ, թե ոնց է կարողանում այդպես նկարել»:

Զայդլն էլ իր ֆիլմերի մասին ասել էր. «Իմ ֆիլմերը դիտելու համար մարդիկ պետք է որոշակի հոգեվիճակում լինեն, որովհետեւ միշտ չէ, որ մարդիկ սիրում են իրենց նայել հայելու մեջ»:

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ համացանցից:

«Առավոտ»

18.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031