Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանա լիճը կշարունակվի վտանգված լինել, եթե շահագործվի Ամուլսարի ոսկու հանքը. Գագիկ Սուխուդյան

Հուլիս 20,2018 16:00

«Սևան» ազգային պարկի գլխավոր ճարտարապետ Գագիկ Սուխուդյանի կարծիքով՝ Սեւանի ավազանում պետք է աղբամշակման գործարան կառուցել: Նա նշեց, որ դեռ 1978-ին է եղել գլխավոր հատակագիծը. դրանից հետո ոչինչ չի եղել:

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Սուխուդյանը հայտնեց. «Աղբամշակման գործարանը կնպաստի, որ կենցաղային աղբից և գյուղատնտեսական թափոններից ստանանք բարձր որակի պարարտանյութ»:

Ըստ Գագիկ Սուխուդյանի՝ պետք է վաճառել ջուրը, ոչ թե ջրից էներգիա սարքել, կամ այն օգտագործել ոռոգման համար. «Այդքան էլեկտրաէներգիայի աղբյուր կա այսօր. նախ մեր արևը:  Չի կարելի Սևանի ջուրը տենց դարձնել: Կաթիլ-կաթիլ կարելի է բարձրությունն ապահովել և վաճառել, իսկ դրա համար պետք է գետերը մաքուր լինեն: Մեր գետերը սարսափելի վիճակում են: Սևանում թափվում է 28 գետ, և ի ամոթ մեզ ամենամաքուրը Արփա -Սևանն է, որը ոչ մի գյուղ ու բնակավայր չի մտնում: Նրանք, որոնք մտնում են բնակավայրեր, դուրս են գալիս համարյա կոյուղաջրի վիճակում»:

Պարոն Սուխուդյանը ցավով նշեց, որ մեր բնակչությունն էլ չակերտավոր ջանքեր է գործադրում, որ այդ ջուրը խմելու լինի: Անդրադառնալով ջրի մակարդակի նվազման խնդիրներին՝ պարոն Սուխուդյանը նկատեց. «Մենք պիտի չանտեսենք, որ կգա մի սերունդ ու կառավարություն, որը կդնի Սևանի պատմական ափերն ու խորությունը լուծելու հարցը: Կարող է երեք սերունդ հետո լինի, բայց պետք է պատրաստ լինել դրան, մինչդեռ մենք չենք թողնում, լրացուցիչ խոչընդոտներ ենք սարքում Սևանի առաջ»:

Ըստ Գագիկ Սուխուդյանի՝ Սևանը որ իջնում էր, անգամ Սևանի ժողովուրդն ուրախանում էր, հարձակվում էին այդ տարածքների վրա, նույնիսկ ասում էին՝ ջրից ազատված տարածքներ, քանի որ իրենց արոտավայրերն էին զարգացնում, պլան կատարում: «Սեւան» ազգային պարկի նախկին տնօրեն Գագիկ Սուխուդյանին անհանգստացնում է նաեւ Սեւանի ափի մեծ օբյեկտների կոյուղաջրերի հեռացումը: Նրա կարծիքով՝ այդ ջրերի մեծ տոկոսը լիճն է թափվում. «Սա շատ լուրջ հարց է: Իսկ Սեւանի ջրի կանաչելը ջրի մակարդակը իջեցնելու հետեւանք է: Ջրի մակարդակն ամեն տարի պետք է բարձրացվի, շեմը՝ 1906 մետրն է, այսօր այն կազմում է 1900 մետր 25 սանտիմետր»:

Պարոն Սուխուդյանը համամիտ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտահոգությունների հետ և կարծում է, որ առաջին հերթին պիտի մաքրենք թերակղզին, քանի որ գլխավոր հատակագծով թերակղզին նախատեսվում է որպես ճարտարապետական պատմական արգելոց:

Պարոն Սուխուդյանը զգուշացրեց՝ Սեւանա լիճը կշարունակվի   վտանգված լինել, եթե շահագործվի Ամուլսարի ոսկու հանքը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031