Լրահոս
Օրվա լրահոսը

Մարուքյանը՝ Հարությունյանին. «Ձեր կառավարությունն իրավունք չուներ ընտրատեղամասերի տեսախցիկները բաշխել»

Հուլիս 20,2018 15:54

Խորհրդարանում այսօր ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկման ժամանակ բանավիճեցին այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանն ու ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը: Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում տեղամասերում տեսախցիկների տեղադրման խնդրին, ասաց. «Դրա բեռը կրում է ներկայիս իշխանությունը: Ասում ենք՝ գումար չկա, բայց մեզ ասում են՝ իշխանություն եք, ճարեք»: Ըստ Մարուքյանի, ՀՀԿ-ն է նման շեշտադրումով մոտենում հարցին: «Դեմ եմ, որ տեսախցիկները նախորդ ընտրություններից հետո կառավարության ենթակա մարմիններին են բաշխվել, այդ թվում՝ ԱԺ-ին»,-նշեց Մարուքյանը, ապա դիմեց Հարությունյանին,-«Ձեր կառավարությունն է բաշխել, մինչդեռ ԵՄ դրամաշնորհի շրջանակներում իրավունք չունեինք բաշխել»:

Դավիթ Հարությունյանը չհամաձայնեց. «Հիմա ասեմ, թե ինչի իրավունք ունեինք: Այդ գույքը համարվում է ՀՀ սեփականությունը, եւ եթե այն տրվում է ԱԺ-ին, ՊՆ-ին կամ Կառավարությանը, սեփականությունը չի դադարում սեփականություն լինելուց»: Էդմոն Մարուքյանը չհամաձայնեց. «Գույքի օգտագործման նպատակը եղել է ընտրական տեղամասերում սարքերի տեղադրումը, բայց դուք դրանք տվել եք այլ մարմինների, որոնք չունեն ընտրական գործառույթ: Հիմա էլ ասում եք, թե նոր կառավարությունը որտեղից ուզում է՝ թող գտնի-բերի»:

Դավիթ Հարությունյանը Մարուքյանին առաջարկեց գրավոր հարցում հղել Եվրամիությանը եւ համոզվել, որ տեսախցիկները պետական մարմիններին բաշխելու իրավունք ունեցել են: Էդմոն Մարուքյանն էլ կրկին հակադարձեց. «Ճշտել եմ, որ դրամաշնորհի շրջանակում նման իրավունք չեք ունեցել»: Դավիթ Հարությունյանն, այնուամենայնիվ, կրկին հորդորեց ԵՄ-ից «հարցնել»: Խորհրդարանական աշխատանքային խումբը հաջորդ շաբաթ կշարունակի ԸՕ-ի շուրջ քննարկումները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031