Դատավոր Արշակ Վարդանյանն այսօր որոշեց բավարարել «Սասնա ծռեր» զինված խմբի գործով ամբաստանյալներից Թաթուլ Թամրազյանի եւ Գեւորգ Իրիցյանի (լուսանկարում) խափանման միջոց կալանքը փոխելու, ասել է թե՝ նրանց ազատ արձակելու միջնորդությունը: Նրանք դատարանի դահլիճից ազատ արձակվեցին կես միլիոն դրամ գրավի դիմաց: Ավելի վաղ նրանց համար նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի տվյալներով՝ մեղադրյալները մի շարք առողջական խնդիրներ ունեն:
Վերջերս դատարանը մերժել էր նրանց ազատ արձակելու միջնորդությունը, իսկ պաշտպանական կողմը դա կամայականություն էր որակել, քանի որ նույն մեղադրանքը կրող մյուս ամբաստանյալներն ազատության մեջ են: Այդ ժամանակ դատարանը որպես պատճառաբանություն նշել էր, որ դեռեւս պահպանվում են կալանավորման հիմքերը, քանի որ ամբաստանյալներին հանրային վտանգավորության արարքներ՝ ապօրինի զենք-զինամթերքի պահում, շենք-շինությունների զավթում, պատանդառություն է վերագրվում:
Այսօրվա նիստը հետաձգվեց, քանի որ ներկա չէր ամբաստանյալներից Թորոս Թորոսյանը, որը եւս ազատության մեջ է: Նա դատարանին գրություն էր հղել այն մասին, որ ավտովթարից մահացել է որդին: Ներկա չէին ամբաստանյալներ Արամ Հակոբյանը եւ Մարտիրոս Հակոբյանը, որոնք հիվանդանոցներում բուժում են ստանում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ