Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստատեսության վետերան. «Եթերում իրար քցողներն են, ընկերոջից սիրած խլողները, մորուքավորները»

Հուլիս 20,2018 15:29

Հեռուստատեսության եւ ռադիոյի վետերաններ Համլետ Մանուկյանը, Վալերի Հարությունյանը, Հովհաննես Պապիկյանը, Լևոն Բլբուլյանը և Գոհար Մարտիկյանը հուլիսի 20-ին «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսում հայտնեցին, որ ստեղծվել է Հեռուստատեսության և ռադիոյի վետերանների ակումբ:

Համլետ Մանուկյանի ձեւակերպմամբ, այդ հասարակական կազմակերպության նպատակը սերունդների միջեւ կապի վերագտնումն է, նորմալ փոխհարաբերությունների ստեղծումը: Օրինակ բերելով ռուսական հեռուստաալիքները, Մանուկյանն ասաց, որ չնայած տարիքի ու գիտելիքների տարբերությանը, այնտեղ նախորդ եւ ներկա սերունդներն իրար ճանաչում են, շփվում: Նաեւ նեղսրտեց, որ այսօրվա հեռուստատեսության սերունդը իրենց չի էլ ճանաչում:

Վալերի Հարությունյանն ասաց, որ իրենց սերունդը պատասխանատվություն է ունեցել անգամ մեկ բառի, մեկ կադրի ու մեղեդու համար, ինչը չես կարող ասել այսօրվա մասին:

«Ներողություն խնդրելով իմ այսօրվա գործընկերներից, պետք է ասեմ, որ այսօր չկա հեռուստատեսության քաղաքականություն, չկա կապույտ էկրանի քաղաքականություն, չկա հայ մարդը…Եթերում չի երեւում հայ մարդը, երեւում են գողերը, մորուքավորները, իրար քցողները, ընտանիքին դավաճանողները, ընկերոջ ձեռքից սիրած խլողները, բիզնես խլողները…

Եվ եթե որեւէ ալիք ֆիլմ է ցուցադրում դպրոցի մասին, սա ծաղր է հայոց դպրոցին, եթե որեւէ ալիք ֆիլմ է նկարում բանակի մասին, ապա դա ծաղր է հայոց բանակին, չկա հայ մարդը, հայ գիտնականը, հայ մտավորականը, նկարիչը, բանվորը…Ո՞ւր են նրանք»,-ասում է Վալերի Հարությունյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Նա կարեւորելով Հեռուստատեսության և ռադիոյի վետերանների ակումբի ստեղծումը, ասաց, որ իր սերնդակիցներից շատերը՝ «հեռուստալրագրողի պիտակը ճակատին՝ քշված են մի անկյուն», ու իրեն ոչ ոք չի հիշում»:

Լեւոն Բլբուլյանն անդրադարձավ մասնավորապես մշակութային հաղորդումներին: Նրա ձեւակերպմամբ, մշակութային հաղորդումների պակասը զգացվում է բոլոր ալիքներով. «Հանրայինը գոնե պարտավոր էր պատմամշակութային թեմաներով հաղորդումներ անել: Բոլոր գրողների անունից իմ բողոքն եմ արտահայտում բոլոր հեռուստաալիքներին, որ ոչ մի գրական հաղորդում չունեն…

Հրաշալի պոեզիա ու գրականություն ունենք, բայց չկա որեւէ հաղորդում, որտեղ ներկայանան մեր գրողները, երեւա սերնդափոխությունը, ցույց տան մեր արվեստի գործիչներին: Ասում են, որ իբր մեր ժողովուրդը պոեզիա չի սիրում, դրա համար նման հաղորդումներ չունենք, բայց ես բազմիցս համոզվել եմ տարբեր լսարաններում, թե ինչպես են ընդունում պոեզիան, ինչպես են դրական լիցքեր ստացած մարդիկ դուրս գալիս դահլիճներից»:

Մանրամասները` տեսանյութում:

Համլետ Մանուկյանին զարմացնում է հեռուստատեսության լեզուն, որն աղճատված է ու իր խոսքով` փողոցի մակարդակի:

Գոհար Մարտիկյանը, ի տարբերություն գործընկերների, նշեց, որ իր աշխատանքը պահանջված է, քանի որ թեման է պահանջված` ռադիոյում. շարք է անում ռադիոյում Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված: Մարտիկյանը նաեւ ցանկություն հայտնեց, որ հեռուստատեսությունում ու ռադիոյում աշխատանքի ընդունելիս ոչ թե լրագրողի տարիքը կարեւորեն, այլ մասնագիտական որակները: Նա իրենց ակումբը որակեց ոչ թե վետերանների, այլ փորձառուների ակումբ: Ասաց, որ պատրաստ են կրտսեր գործընկերներին աջակցել իրենց հարուստ փորձի հիման վրա:

Հովհաննես Պապիկյանի պահանջն էլ հեռուստատեսությունից ակնարկի ժանրի վերադարձն է, որը նրա խոսքով, հնարավորություն կտա հեռուստաէկրանին տեսնել հայ մարդուն, բանվորին, գյուղացուն, մտավորականին…Նա մի պահանջ էլ գրագետ հայերենի հետ կապված ունի. «Ես վիրավորվում եմ, երբ լրագրողը գրագետ հայերեն չի խոսում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031