Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ հոդված են գրում ոչ պրոֆեսիոնալները

Հուլիս 20,2018 15:28

Ճիշտն ասած, կարդացի  Նարինե Ղազարյանի  «Մենք ունենք իրավունք իմանալու, թե ինչն է դրդել կառավարությանը կատարել այդ զարմանալի վերանշանակումը»  գրվածքը:  Վրդովմունք, խիստ զարմանք է առաջացնում ոչ միայն դրա  բովանդակությունը, միտումնավոր և անհիմն մեղադրական, տեղ֊տեղ փողոցային ոճը, այլև հեղինակի բացարձակ անտեղյակությունը խնդրո առարկայից:

Վաղուց եմ նկատել՝ որքան մարդը հեռու է գիտությունից, այնքան ավելի է հակված գիտության մասին դատողություններ անելու: Գիտությունը մարդկային գործունեության ամենաբարդ ոլորտներից մեկն է, բայց բոլորը գիտեն, թե ինչպես է պետք այն կառավարել:

Այդ ի՞նչ փորձագետ է հոդվածի հեղինակը, որ ոչ մի գաղափար չունի Գիտության կոմիտեի ֆունկցիաների մասին, բայց հանդես է գալիս գիտական հանրության անունից: Ո՞վ է ասել, թե գիտնականները դժգոհ են Սամվել Հարությունյանի վերանշանակումից: Իմ ճանաչած գիտական հանրությունն այդ նշանակումը  համարում  է  ճիշտ  և  տրամաբանական:

Հիշեցնեմ՝  Գիտության կոմիտեն ասպիրանտուրայի տեղեր չի բաշխում, ատենախոսությունների մասնագիտությունների կամ դրանց բովանդակության հետ կապ չունի.  բավական է  կարդալ ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կանոնադրությունը: Եվ ո՞վ է ասել, որ գիտությունը քանդված է կամ գիտության ներկայիս վիճակի (իմ կարծիքով` ամենևին էլ չքանդված) միակ պատասխանատուն է Սամվել Հարությունյանը: ՀՀ ԿԳՆ Գիտության կոմիտեի ռեալ հնարավորությունները տարածվում են, եթե չեմ սխալվում, գիտությանը հատկացված միջոցների մոտ 10%-ի վրա:  Եվ այս ոչ մեծ հնարավորություններով  արվում է ավելին, քան կարելի էր ակնկալել:

Կոմիտեի նպատակասլաց և պրոֆեսիոնալ գործունեության արդյունքում ներդրվել են  գիտական գործունեության գնահատման ժամանակակից գիտաչափական մեթոդներ, որոնք արդեն կիրառվում են  նաև շատ ինստիտուտներում, ստեղծվել է  անկախ  փորձագիտական համակարգ, երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու և պահելու հստակ քաղաքականություն է տարվում, միջազգային երկկողմ և բազմակողմ համագործակցության ծրագրեր են իրականացվում  և այլն:     Գիտության կոմիտեն՝ Սամվել Հարությունյանի ղեկավարությամբ, մեր երկրի, ցավոք, առայժմ  եզակի կառույցներից է, որն իր աշխատանքը կատարում է նվիրված, բարեխիղճ, պրոֆեսիոնալ  և  ազնվորեն:

Այս ամենի շնորհիվ ստեղծվել է իսկապես ստեղծագործ և մրցակցային միջավայր, որի արդյունքում վերջին տարիներին բազմապատկվել են արտերկրի  հեղինակավոր ամսագրերում հրապարակումները, գիտաչափական ցուցանիշներով Հայաստանն առաջ է անցել տարածաշրջանի շատ երկրներից:  Կոմիտեի կողմից կազմակերպված մրույթների շնորհիվ նվազել է գիտնականների կախումը ինստիտուտների վարչակազմից, գիտական սարքավորումների ձեռքբերման, գիտական գործուղումների իրական  հնարավորություններ են  ստեղծվել և այլն:  Գիտության մարդիկ շատ լավ հասկանում են այս խնդիրների կարևորությունն ու արժեքը:

Այս ամենը չի նշանակում, որ Հայաստանում գիտության ոլորտը կատարելագործվելու տեղ և անհրաժեշտություն չունի: Իհարկե, ունի: Եվ Կոմիտեում ստեղծված է այն մթնոլորտը, որտեղ  քննարկվում են գիտության օրախնդիր և հեռանկարային հարցերը, յուրաքանչյուր գիտաշխատող, շահագրգիռ անձ հնարավորություն ունի մասնակցելու  բանավեճերին,  առաջարկ ներկայացնելու,  կարծիք հայտնելու, և, հավատացնում եմ, նա կարժանանա պատշաճ ուշադրության:

Եվ վերջում. կցանկանայի, որ իմ մտքերն ընկալվեին ոչ թե որպես Սամվել Հարությունյանին պաշտպանելու փորձ (նա դրա կարիքը չունի), այլ որպես «Առավոտ» օրաթերթի ընթերցողներին ճշմարտությունն ասելու,  ավելի շուտ՝  հերյուրանքները  հերքելու  անկեղծ  ձգտում: Ավելին՝  կարծում եմ ժամանակն է, որ «Առավոտ»-ը նախաձեռնի լուրջ քննարկումներ՝ գիտության բնագավառի ձեռքբերումները ներկայացնելու և  զարգացնելու ուղղությամբ։

 

 

ԱՐԱ  ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ֆիզ-մաթ. գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031