Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ պատմեց Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից. (Տեսանյութ)

Հուլիս 20,2018 14:46

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է Արցախի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որը ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար: Այդ մասին այսօր վարչապետը հայտարարեց կառավարությունում կայացած մամուլի ասուլիսում:

«Երբ ասում ենք փոխզիջումային տարբերակ, դա նշանակում է, որ կա երկու կողմ, որը պատրաստ է որոշակի փոխզիջումների: Ես ուզում եմ հասկանանք՝ ինչո՞ւ ենք մենք ուզում քննարկել մեր պատրաստակամությունը փոխզիջման գնալու, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալ փոխզիջման։ Երբ որ մենք ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը նույնպես հակված է փոխզիջման, կամ Ադրբեջանը հակված է փոխզիջման, մենք այդ ժամանակ կքննարկենք, ընդ որում՝ ոչ թե կառավարության մակարդակով, ազգովի կփորձենք հասկանալ, թե փոխզիջման ի՞նչ սահման մեզ համար գոյություն ունի: Ես բացառում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որը ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար։ Հայաստանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կարող է այդպես լուծել հարցը, չի կարող, եթե նույնիսկ շատ ուզենա»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով իր եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի`օրերս կայացած հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Առաջին նախագահն ասել է, որ որոշ հարցեր ինձ հետ ցանկություն ունի քննարկելու: Ես հրավիրել եմ նրան կառավարական առանձնատուն՝ հյուրերի ընդունելության համար նախատեսված վայրը, սուրճ ենք խմել, զրուցել ենք, քննարկել ենք։ Արցախի վերաբերյալ ինքը փորձել է ինձ տալ տեղեկություններ, որոնք, որ մտածել է, որ կարող են ինձ հայտնի չլինել: Դա շատ օգտակար զրույց էր: Բայց ինքն ինձ չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ դեռեւս հայտնի չէին»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վարչապետ դառնալուց հետո իր առաջին գործը եղել է այն, որ Արցախի խնդրի շուրջ տեղեկություններ ստանա: Հրավիրել է նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին եւ չի բացառում, որ նման հանդիպում առաջիկայում էլ կլինի:

Լեւոն Տեր-Պետրոսյան- Նիկոլ Փաշինյան հանդիպման ժամանակ ներքաղաքական հարցեր չեն քննարկվել: Քննարկվել են Արցախի եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։

Հայաստանի մյուս նախագահների հետ հանդիպման հավանականությունների մասին հարցին, Նիկոլ Փաշինյանը հակադարձեց`«եթե այլ ցանկություններ կլինեն…»: Ինքը`Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների հետ հանդիպման անհրաժեշտություն այս պահին չի տեսնում, բայց ըստ անհրաժեշտության, չի բացառում նման հանդիպումները:

Անդրադառնալով Արցախի`բանակցությունների սեղան վերադառնալու հարցին էլ, Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իր տեսակետը` առանց Արցախի ժողովրդի մասնակցության Արցախի հարցի լուծում չի լինելու. «Բոլոր աշխատանքային փաստաթղթերում արձանագրված է, որ Արցախի հարցի կարգավորման վերջնական փուլում պետք է Արցախը ներգրավված լինի պրոցեսի մեջ լիարժեք։ Ես կարծում եմ, որ եթե մենք խոսում ենք Արցախի հարցի վերջնական կարգավորման մասին, ուրեմն՝ Արցախը պետք է ներգրավված լինի: Սա չի նշանակում, որ մենք չենք կարող խոսել ընդհանրապես: Մենք հստակ ասել ենք հենց Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, որ մենք պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի հետ, ես պատրաստ եմ Ադրբեջանի նախագահի հետ բանակցել, եւ հիմա էլ դա ասում ենք։ Բանակցության նյութ կա: Այդ նյութերին մենք պետք է ամբողջական ծանոթանանք: Մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել, որպեսզի կարգավորման մթնոլորտ ձեւավորվի»։

Այլ մանրամասները`տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031