Այսօր «Բիզնես Արմենիայում» համագործակցության հուշագիր ստորագրվեց, 850 հազար դոլար ներդրում կատարելու եւ չժանգոտվող պողպատից սարքավորումների արտադրության նոր գործարան բացելու մասին:
Այս նոր գործարանի շինարարական աշխատանքները սկսվել են 2017 թվականի հոկտեմբեր ամսին, Կոտայքի մարզում: Նախատեսվում է, որ շինաշխատանքները կավարտվեն առաջիկա ամիսներին, գործարանի գործարկմամբ 24 նոր աշխատատեղ կբացվի։ Գործարանի հիմնադիրը «Սալտեկ» ընկերությունն է, որը ավելի քան 40 տարվա փորձ ունի, ընկերության արտադրանքը ներկայացված է ավելի քան 90 երկրներում։
Համագործակցության այս հուշագիրը «Բիզնես Արմենիայի» անունից ստորագրել է Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը, ներդրողի անունից՝ «ԱՐԳԱ-Յուրոսթիլ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Սալխանյանը։ Այս հուշագրով նախատեսվում է, որ «Բիզնես Արմենիա» ծրագրի իրականացման նախնական եւ հետագա փուլերում, արտահանման խթանման նպատակով կշարունակի աջակցությունը։
«Ներդրումների հաջորդ փուլում նախատեսվում է արտադրական սարքավորումների եւ հումքի ներմուծում, որի ընթացքում կկիրառվի պետական աջակցություն։ Ամիսներ անց սպասվում է, որ գործարանը կսկսի աշխատել եւ արտադրել չժանգոտվող պողպատից արդյունաբերական վառարանների, հացաթխման, արտադրական խոհանոցների սարքավորումներ։ Ընկերությունը կապահովի նախագծում արտադրություն, տեղադրում եւ սպասարկում»,-ասաց «Բիզնես Արմենիայի» գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ Նա, պատասխանելով հարցին՝ թավշյա հեղափոխությունից հետո ինչպիսի՞ն է ներդրումային իրավիճակն, ասաց, որ միշտ էլ ընտրություններից առաջ ներդրողների մոտ սպասումային տրամադրություն է լինում, բայց հեղափոխությունից հետո ներդրողների հետաքրքրությունը մեր երկրում ավելացել է:
Մանրամասն՝ տեսանյութում
«ԱՐԳԱ-Յուրոսթիլ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Սալխանյանի խոսքերով էլ՝ «Ներկայում հայաստանյան հյուրանոցները, ռեստորանները, սրճարանները, դպրոցները, բիզնես կենտրոններն այդ սարքավորումները ներկրում են։ Մինչդեռ մեր ընկերությունը հավաստագրվելու է ISO9001 եւ ISO14001, OHSAS18001 ստանդարտներով եւ միանգամայն մրցունակ է լինելու տեղական ու միջազգային շուկաներում։ Շատ լավ հնարավորություն է լինելու մեր տեղական արտադրանքը փոխարինելու ներկրվողով»:
Մանրամասն՝ տեսանյութում
Հայկ Միրզոյանն էլ նկատեց, որ «Սալտեկը» հայաստանյան գործարանը հիմնում է «Ջիրո Ստեյնլես Ստիլ» ընկերության հետ համատեղ։ Միրզոյանը նշեց, որ գործարանի արտադրանքը կարտահանվի Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան եւ Իրան:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ