Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահի հետ

Հուլիս 20,2018 13:36

Այսօր կառավարությունում ընթացող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին վարչապետը խոսեց վարվող կադրային քաղաքականության մասին: Ասաց, որ այսօր կառավարությունում երեք խումբ մարդիկ են գործում. պայմանականորեն ասած`նոր մարդիկ, հին մարդիկ եւ այն մարդիկ, ովքեր, հին ժամանակներում աշխատած լինելով, փոխել են իրենց կարգավիճակը նոր ժամանակներում: «Այս իրավիճակում անխուսափելի է ադապտացիայի շրջանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այս իրավիճակը նոր է բոլորի համար. «Իմ վարած քաղաքականության ամենակարեւոր խնդիրը, որ ես լուծել եմ, եղել է հեղափոխության անցնցում հաղթանակն արձանագրելը: Հիմա ադապտացիայի շրջան է, այս շրջանում լինելու են մարդիկ, ովքեր հարմարվելու են իրավիճակին, լինելու են մարդիկ, ովքեր չեն հարմարվելու»:

Ասաց` տեղի է ունեցել փոփոխություն`մոտեցումների, մտածելակերպի, ազգային շահերի եւ գուցե այս իրավիճակը չի կանխատեսվել բոլորի կողմից:

Հարց հնչեց նաեւ ՊԵԿ-ում վարվող կադրային քաղաքականության մասին: Մասնավորաբար, մամուլում շատ քննարկված Ռաֆիկ Մաշադյանի, Կարեն Կարպետյանի, Փաշայան ազգանունով պաշտոնյաների վերաբերյալ, ովքեր նախկինում եւս աշխատել են համակարգում եւ ընկալվում են որպես կոռումպացված, կաշառակեր չինովնիկներ:

«Դժվար է գտնել կադրային նշանակումներ, որոնք նեգատիվ չեն առաջացնում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը`հավելելով, որ կառավարությունը նշանակել է ՊԵԿ նախագահ, եւ քաղաքականությունը վարում է նա: «Ես չեմ պատրաստվում առանձին դեպքերի հետեւից գնալ, բայց չեմ պատրաստվում անարձագանք թողնել ահազանգերն ու անհանգստությունները, որոնք մարդիկ ունենում են: Մի քանի անգամ խոսակցություն ենք ունեցել ՊԵԿ նախագահի հետ, հույս ունեմ այն կբերի կոնկրետ արդյունքների, եթե չբերի`կարձագանքեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա կարեւոր է համարում այս փոփոխությունների շրջանում կայունությունն ապահովել:

«Եթե ասում ենք` կոռուպցիայի դեմ պայքար, դա չի նշանակում, որ միայն նախկին պաշտոնյաների հետեւից ենք գնալու: Դա ներկաներին էլ է վերաբերում»,-շարունակեց վարչապետը:

Նա կարծում է, որ ՊԵԿ-ը, ԱԱԾ-ն ֆանտաստիկայի ոլորտից բացահայտումներ են անում այս օրերին: Նկատում է`կան հայտնի ընկերություններ, որոնց հետ կապված բացահայտումներ են լինում, բայց դա չի նշանակում, որ խոչընդոտելու են այդ ընկերությունների աշխատանքին. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ ընկերությունները շարունակեն նորմալ աշխատել»: Ասում է` նախկինում լինում էին բացահայտումներ, ու նախկին վարչապետի եղբայրն ու հարազատներն այդ ընկերությունում «գործի» էին անցնում: Հավաստիացնում է`նոր վարչապետի եղբայրն ու հարազատները չեն փոխարինելու նրանց: Կրկնում է`ոչ մեկը մոնոպոլ եւ արտոնյալ իրավիճակ չի ունենալու. «Հաշվի ենք առնելու բոլոր ընկերությունների շահերը, քանի որ դրանք նաեւ պետության շահերն են, նրանք հարկատուներ են, աշխատատեղեր են ստեղծում: Օրենսդրական փոփոխություններով պետք է հնարավորություն ստեղծենք, որ ընկերությունները ստվերից դուրս գան: Կախարդական փայտիկի հետ ամեն ինչ կարգին է»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031