Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ-ը 10 միլիոն դրամով տուգանեց «Ա և Գ» ընկերությունը կեղծ օղի արտադրելու և իրացնելու համար

Հուլիս 20,2018 13:18

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել «NEMIROFF» («ՆԵՄԻՐՈՖՖ») ապրանքային նշանի սեփականատեր հանդիսացող «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմնթ» ընկերությունը, հայտնելով, որ հայկական շուկայում առկա են նշված ապրանքային նշանով կեղծ օղիներ, ինչը որոշակիորեն խոչընդոտում է իրենց գործունեությանը: Դիմումի հիման վրա, Հանձնաժողովը սկսել է ուսումնասիրություն, որի ընթացքում պարզել է, որ «NEMIROFF» ապրանքային նշանը 2005 թվականին գրանցվել է Մտավոր սեփականության գործակալության կողմից, ինչը նշանակում է, որ այն պաշտպանված է պետության կողմից: Բացի այդ, «NEMIROFF»-ը ՀՀ-ում հանդիսանում է հանրահայտ ապրանքային նշան, և նշված անվանումով օղիները ճանաչում ունեն սպառողների շրջանում: Միաժամանակ Հանձնաժողովը պարզել է, որ սպիրտային խմիչքների շրջանառության ոլորտում գործող «Ա և Գ» ընկերությունն արտադրում և իրացնում է նույն՝ «NEMIROFF» ապրանքային նշանով՝ «Український мед» անվանումով օղիներ: Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության ընթացքում պարզվել է նաև, որ «Ա և Գ» ընկերությունը չի ունեցել «NEMIROFF» ապրանքային նշանի օգտագործման թույլտվություն և վերջինիս կողմից այդ օղիների արտադրությունն ու իրացումը կարող են հասարակության շրջանում առաջացնել շփոթություն՝ իրական «NEMIROFF» օղիների նկատմամբ: Հարկ է նշել, որ գրանցված ապրանքային նշանների նմանակման կամ դրանք առանց սեփականատիրոջ թույլտվության օգտագործման դեպքերը մշտապես գտնվում են Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Հանձնաժողովի գնահատականով, նմանատիպ դեպքերը մրցակցության տեսանկյունից խնդրահարույց են, քանի որ ընկերությունները մեծածավալ ծախսեր, ներդրումներ են կատարում՝ իրենց ապրանքային նշանի ճանաչվածության բարձրացման և պաշտպանվածության նպատակով, իսկ  որոշ անբարեխիղճ ընկերություններ փորձում են օգտվել սպառողներին արդեն իսկ հայտնի ապրանքային նշանից՝ շուկայում առաջացնելով անհավասար մրցակցային իրավիճակ:

Նշենք նաև, որ «Ա և Գ» ընկերությունը նախկինում ևս նմանօրինակ խնդրով, սակայն այլ անվանմամբ օղիների գծով հայտնվել է Հանձնաժողովի տեսադաշտում: Մասնավորապես, 2016 թվականի կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված երկու անվանման օղիների գծով անբարեխիղճ մրցակցության գործողության իրականացման համար Հանձնաժողովը ենթարկել է պատասխանատվության՝ յուրաքանչյուր օղու գծով 5 մլն դրամի չափով: Վերը նշվածը հաշվի առնելով, Հանձնաժողովը «Ա և Գ» ընկերության գործողությունները որակել է որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում և հաշվի առնելով ընկերության կողմից կատարված խախտման կրկնակիությունը՝ կիրառել է պատասխանատվության միջոց՝ կրկնակի՝ 10 մլն դրամի չափով և հանձնարարել սեղմ ժամկետներում վերացնել օրենքի խախտումները:

ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031