ԱԺ-ում այսօր քաղաքական ուժերը շարունակում են քննարկել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների առաջարկները: Մինչեւ մեկնարկն աշխատանքային խմբում «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը հիշեցրեց՝ երեկվանից սոցցանցերը ողողված են ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի մասնակցությամբ տեսանյութով: Հիշեցնենք՝ դրանում, երբ Դանիել Իոաննիսյանն է խոսում, Արփինե Հովհաննիսյանը «մտավոր հետամնաց» արտահայտությունն է անում: Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց՝ Արփինե Հովհաննիսյանն այսօր չի մասնակցում աշխատանքային խմբի նիստին, քանի որ արձակուրդում է:
«Ճիշտ կլիներ, որպեսզի նա այստեղ լիներ, եւ ինքը մեկնաբաներ հարցը: Կարծում եմ՝ մեզ աշխատանքային մթնոլորտ է անհրաժեշտ, եւ նմանօրինակ մոտեցումները պետք է մի կողմ դնել»,-նկատեց Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ վիրավորանքն անընդունելի է. «Արփինե Հովհաննիսյանը սոցցանցային գրառմամբ ներողություն է հայցել Դանիել Իոաննիսյանից: Կարծում եմ՝ ապագայում աշխատանքային մթնոլորտ ապահովելու համար պետք է ամեն ինչ անենք, որպեսզի զերծ մնանք նման արտահայտություններից, որոնք չեն նպաստում մեր հանձնաժողովի գործունեությանը»:
https://www.facebook.com/vardine/videos/10100280450666450/%C2%A0
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ