Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ից հայրենիք գալով՝ պարզվել է, որ ոչ թե դատական կարգով, այլ համայնքի ղեկավարի միանձնյա որոշմամբ տնից զրկվել է

Հուլիս 20,2018 14:00

Կենսաթոշակառու, հիվանդության երրորդ կարգ ունեցող Անիկ Կարապետյանը Ռուսաստանի Դաշնությունում հայտնվել էր առողջական խնդիրների հետ կապված: Վերադառնալով հայրենիք՝ տուն, նա տեսել էր դռան փականը փոխված, տունն էլ Նոր Նորք համայնքը նվիրել էր մի քաղաքացու: Նա դիմել էր տեղական իշխանությանը, ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն, սակայն տասը տարի է՝ մինչ օրս տարեց կինը չի կարողանում մտնել իր սեփականությունը հանդիսացած մեկսենյականոց բնակարանը: Նրա ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակից, դիմել է վարչական դատարան, որտեղ հուլիսի 23-ին կշարունակվի Նոր Նորք վարչական շրջանի դեմ հայցադիմումի քննությունը:
Թոշակառուն դատարան է ներկայացրել մի շարք ապացույցներ, որով հիմնավորում է, որ այդ տունն իրենն է, այդ տանիքի տակ բնակվել է ինքը, անգամ իր ընտանիքի անդամներից:
1986 թ. փետրվարի 7-ին ՀՍՍՀ ժողովրդական դեպուտատների Երեւանի նախկին սովետական շրջանի գործադիր կոմիտեի օրդերի համաձայն, Նոր Նորքի 8-րդ զանգվածի վիճելի բնակարանը տրամադրվել է Անիկ Կարապետյանին:

Երեւանի քաղաքապետի որոշմամբ բնակարանը սեփականաշնորհվել է Անիկ Կարապետյանի անվամբ, որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ սեփականություն: Ուղիղ տասը տարի առաջ՝ հուլիսի 29-ին Նոր Նորքի ղեկավարի որոշմամբ բնակարանը ճանաչվել է համայնքի սեփականություն:

Անիկ Կարապետյանը չի հրաժարվել իր բնակարանից, նա չի կանչվել համայնքի ղեկավարի մոտ, նրա տունը նվիրատվել են, ապա առքուվաճառի պայմանագրի հիման վրա տնօրինել այլ անձինք, նա կորցրել է առանց փոխհատուցման, առանց օրենքով սահմանված կարգի, ըստ էության, նրա տան, տան մեջ առկա գույքի նկատմամբ կատարվել է ոտնձգություն: Ի դեպ, գործի նյութերում առկա է Մարդու իրավունքների պաշտպանի որոշումը նույնպես, որն արձանագրել է քաղաքացու՝ իր սեփականությունից զրկվելու փաստը:
Նշենք, որ 2016թ.-ին ՀՀ սահմանադրական դատարանը նախադեպային հերթական որոշումն էր կայացրել, որը վերաբերում էր քաղաքացու սեփականության եւ սոցիալական իրավունքների ապահովման իրավունքներին: Մասնավորապես, ՍԴ-ն իր թիվ 1238 որոշմամբ նշել էր հետեւյալը. «Դիմողը փաստորեն ձեռք է բերել սեփականության իրավունքի օրինական ակնկալիք, ինչի վրա տարածվում է սեփականության իրավունքին համարժեք պաշտպանության ռեժիմ՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ ՍԴ նախադեպային իրավունքի: Ըստ «Տրգոնն ընդդեմ Խորվաթիայի» գործով 2009 թ. հունիսի 11-ի վճռի՝ «գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլ նաեւ նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը»: ՍԴ-ն տասնյակ որոշումներից մեկում փաստել էր. «Սեփականության իրավունքի պաշտպանություն տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք»:

Կենսաթոշակառու, հիվանդ Անիկ Կարապետյանի դեպքում սեփականության իրավունքը ճանաչված է եղել որոշումներով, հետեւաբար, ենթակա է պաշտպանության օրենքով սահմանված կարգով:
«Առավոտը» զրուցեց Անիկ Կարապետյանի հետ: Նա այնքան հուզված էր, որ հրաժարվեց անգամ լուսանկարվել:

Նա ասաց, որ իր սեփականության իրավունքը ծագել է անժամկետ, եւ որ ինքը կարող էր ցանկացած պահի իր սեփականության իրավունքը ներկայացնել պետական գրանցման. «Սահմանադրության խախտմամբ է դադարեցվել իմ իրավունքը, դադարել է ոչ թե դատական կարգով, այլ Նոր Նորքի ղեկավարի որոշմամբ»:
ՀՀ վարչական դատարանից հայցվոր տուժողը պահանջում է վերացնել կամ անվավեր ճանաչել Նոր Նորք համայնքի ղեկավարի վիճելի որոշումը, որպես հետեւանք, անվավեր ճանաչել նվիրատվության պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, առուվաճառքի կողմին անհայտ պայմանագիրը, եւ դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Այն հարցին, թե հայցվորը բաց է թողել ժամկետը՝ դատարան դիմելու, զրուցակիցս ասաց, թե իր ներկայացուցիչը միջնորդել է դատարանին՝ վերականգնել հայցադիմումի ներկայացման համար բաց թողնված դատավարական ժամկետը, պատճառաբանելով. «Վիճարկվող դատական ակտը չի վերաբերել Անիկ Կարապետյանին, նա իրազեկված չի եղել նաեւ դրա՝ ՀՀ վարչական դատարան բողոքարկման հնարավորության ձեւի, պայմանների մասին, որպիսի պայմաններում չի իրացրել իր՝ դատական պաշտպանության իրավունքը վարչական ակտի վիճարկման տեսքով»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

19.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031