Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հալաջյան. «Վախենում եմ, որ Հայաստանը դեգրադացվի ագրարային տուրիստական երկրի»

Հուլիս 20,2018 13:00

Կոմպոզիտորը՝ ծայրահեղությունների մեջ չընկնելու,
«Հայացք Արարատին» նախագծի  ու հայերեն խոսող իր շվեյցարուհի տիկնոջ մասին:

Շվեյցարաբնակ հայտնի կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանն այս օրերին հայրենիքում է, օրերս էլ նա մասնակցում էր «Լորիկ» ֆիլմի ցուցադրությանը, որի երաժշտության հեղինակն ինքն է: «Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտորն ասաց, որ պրոդյուսեր ու իր լավ բարեկամ Մարտիրոս Մինասյանի առաջարկով է գրել ֆիլմի երաժշտությունը, նաեւ Միքայել Պողոսյանի խաղը գնահատելով: Դավիթ Հալաջյանն ասում է, որ թեման եւս իրեն հոգեհարազատ էր, գրավել է ֆիլմի խորությունը եւ մեղմությունը, հեքիաթային պատմությունը` իր ներսի երեխային «չհաղթահարած» մարդու մասին: Ի դեպ, «Լորիկի» CD-ն վաճառվելու է, ստացված հասույթը ուղղվելու է բարեգործության:
Պարզեցինք, որ մեծ ընդմիջումներով այլ ֆիլմերի համար էլ է երաժշտություն գրել: Դրանցից մեկը «Նապաստակի որսը» մուլտֆիլմն է, որտեղ օգտագործել է զուռնա, սաքսոֆոն, իսկ մյուսը Սանկ Պետերբուրգում (Խորհրդային տարիներին` Լենինգրադ) «Պավել Ֆիլոնով» դոկումենտալ ֆիլմի համար գրված մեծածավալ կանտատն էր: Կոմպոզիտորը հիշում է, որ 86-ին Ֆիլոնովն արգելված նկարիչ էր, ինչի պատճառով էլ ռեժիսոր Վալերի Նաումովը մեծ դժվարություններով նկարահանում էր իր ֆիլմը` 8 տարի շարունակ: Հալաջյանի ստեղծագործությունն այդ տարիներին կատարել է հայտնի երգչախմբերից մեկը եւ Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Արվեստագետի հետ զրույցում նշեցինք, որ լինելով ժամանակակից կոմպոզիտոր` ինքը ստեղծագործում է ազգային հենքի վրա, հարցրինք` ի՞նչ բացառիկություն է հաղորդում իր գործերին ազգայինից սնվելը:

«Խորհրդային տարիներին միշտ խոսում էին այն մասին, որ կոմպոզիտորը ազգայինից դուրս իրավունք չունի ինչ-որ բան անել, ու հենց ազգայինից մի քիչ դուրս էիր գալիս, միանգամից պիտակավորվում էիր` որպես օտարամոլ, ապազգային…Բայց թե ո՞րն էր այդ ազգայինը, դա էր կարեւոր հասկանալ: Օրինակ, ինձ համար պարզ չէր` Խաչատրյա՞նն էր ազգային, Կոմիտա՞սը, ժողովրդական երգե՞րն էիրն ազգային, թե՞ եկեղեցական երգեցողությունը: Ես անձամբ ավելի կապված եմ հոգեւոր երգեցողության հետ, եկեղեցու լադերը եւ այլն…Դրանք ինձ ավելի են գերում, քան ժողովրդականը: Հոգեւոր երգեցողությունը օդի ու ջրի պես մի բան է ինձ համար: Ցավոք, մենք երբեմն ծայրահեղությունների մեջ ենք ընկնում, շատ խիստ, կարծր քառակուսու մեջ դրած` ասում ենք, եթե դու չես շարունակում Կոմիտասի գործը, ուրեմն երաժիշտ չես, հայ չես եւ այլն, իսկ ո՞ւր մնացին մյուսները, օրինակ՝ մինչկոմիտասյան երաժշտությունը, Եկմալյանը, Նարեկացին, մեր շարականները…Ես հասկանում եմ, որ ամեն մի հեղափոխություն ժխտում է ամեն ինչ, ինչ կար դրանից առաջ: Մենք հաստատում ենք Կոմիտասին, արժեւորում, բայց նաեւ ամեն ինչ դեն նետելը սխալ եմ համարում, քանի որ ունենք շատ- շատ արժեքներ ու հետեւաբար իրավունք չունենք սահմանափակվելու: Ես անխոս համարում եմ, որ Կոմիտասը մեր ջահակիրն է պրոֆեսիոնալ երաժշտական գործունեության, բայց ժխտել եւ անտեսել այն ամենը, ինչ ունենք Կոմիտասից բացի, նշանակում է ընկնել ծայրահեղությունների մեջ»,- ասաց կոմպոզիտորը:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ հոկտեմբերին Երեւանում կայանալիք մի նախագծի, որտեղ ներգրավված են տարբեր ազգերի կոմպոզիտորներ: Դավիթ Հալաջյանը ներկայացրեց նախապատմությունը. «Հունաստանից մի դաշնամուրային տրիո դիմել էր ինձ՝` տրիոյի համար ստեղծագործություն գրելու առաջարկով: Երկու տարի շարունակ իրենք փնտրում էին իրենց ուրույն ոճին, ճաշակին համապատասխանող կոմպոզիտորներ: Արդյունքում ընտրեցին տարբեր ազգերի 6 կոմպոզիտորի եւ խնդրեցին ստեղծագործություն գրել: 6 կոմպոզիտորներս գրեցինք, ապա CD լույս տեսավ: Մեզ էլ հրավիրեցին Աթենք՝ CD-ի շնորհանդեսին: Տրիոն կատարել էր մեր` 6-ի ստեղծագործությունները, ու CD էր թողարկվել: Մեկնելուց առաջ տրիոյից ասացին, որ մի խնդրանք էլ ունեն, շատ կուզենային շնորհանդեսին մի նոր գործ կատարվեր, որը գրեինք 6 կոմպոզիտորներս միասին: Ես սկզբում չհամաձայնեցի, որովհետեւ գաղափարն ինձ դուր չեկավ: Հաջորդ օրը մտածեցի, որ դա հնարավոր է անել, եթե լինի այնպիսի գաղափար, որ բոլորիս կմիացնի: Հարցրին` ի՞նչ գաղափար, ես ասացի` կտամ գաղափարը` «Հայացք Արարատին»: Երկու օր ոչ մի արձագանք չեղավ, արդեն մտածում էի, որ հիմա կասեն, թե էս հայը էլի սկսեց, սակայն երկու օր հետո գրեցին, որ հոյակապ գաղափար է: Ընդ որում, այդ գաղափարն այնքան էր իրենց հետաքրքրել, որ շնորհանդեսից հետո ավելի շատ խոսվեց դրա մասին, քան բուն CD-ի: Որոշվեց, որ գաղափարը պետք է շարունակությւոն ունենա: Ու հաջորդ CD-ն պետք է լինի «Հայացք Արարատին» թեմայով»:
Ինչ վերաբերում է հոկտեմբերին Երեւանում կայանալիք ձեռնարկին, Դավիթ Հալաջյանը նշեց, որ Երեւանում կներկայացվի նախորդ CD-ն, եւ կոմպոզիտորներից 4-ը կժամանեն մեր երկիր: Բոլորն առաջին անգամ են լինելու Հայաստանում, իսկ ամերիկացի կոմպոզիտորը, որ ողջ կյանքն աշխատել է Վաշինգտոնի երաժշտական գրադարանում, առաջին անգամ իր երկրից դուրս է եկել Աթենք գնալիս:

Քանի որ մեր զրուցակցի ֆեյսբուքյան գրառումներում ոգեւորություն կար Հայաստանում կատարված վերջին իրադարձությունների վերաբերյալ, հետաքրքրվեցինք, թե ինչ ակնկալիքներ ունի:

«Ես ավելի շատ հույս ուզում եմ ունենալ, քան ունեմ, որովհետեւ դրական հույզերը, հույսերը շատ կարեւոր են մթնոլորտը պահպանելու համար, որտեղ շատ լավ բաներ կարող են տեղի ունենալ, բայց նաեւ մտահոգված եմ շատ բաներով: Մի օրինակ բերեմ, մարդիկ ուրախանում են նրանով, որ ձմերուկ են արտահանում Գերմանիա, բայց դա տխուր լուր է…Ես վախենում եմ, որ Հայաստանը դեգրադացվի ագրարային տուրիստական երկրի, եւ ես դա տեսնում եմ: Երկու տարի առաջվա հետ համեմատած, այսօր 2 անգամ ավելի շատ տուրիստ է գալիս Հայաստան: Պարզ է, որ երկիրը պետք է եկամուտ ունենա, աշխատատեղեր լինեն, բայց միայն այդ տիպի աշխատանքներով հայերին ապահովելը սխալ է, որովհետեւ մեր առավելությունն այլ է, մենք կարող ենք աշխարհին արտահանել մեր ինտելեկտը, մեր մտավորական աշխատանքը»,-պատասխանեց կոմպոզիտորը:

Նկատեցինք, որ իր կինը շվեյցարուհի է, բայց փայլուն հայերեն է խոսում, ու ընդհանրապես հայերեն խոսք է հնչում նրանց ընտանիքում, Դավիթ Հալաջյանը պատասխանեց. «Երբ սկսեցինք միասին ապրել, կինս մեծ եռանդով միանգամից սկսեց հայերեն սովորել, գրել, կարդալ: Ու հիմա այնքան լավ գիտի, որ փոքր տղայիս հետ ինքն է հայերեն պարապում»:
Ստեղծագործական միությունների մասին էլ խոսեցինք: Դավիթ Հալաջյանը կարծիք հայտնեց, որ դրանք կարեւոր են, եթե կարողանում են իրենց առաջադրանքը կատարել: «Ի տարբերություն Հայաստանի, արտասահմանում տասնամյակներով ու անգամ դարերով կազմավորված համակարգեր կան մշակույթը ֆինանսավորելու, կազմակերպչական հարցեր լուծելու համար: Օրինակ, Հայաստանում նկարիչները դեռ կարողանում են նկար վաճառել, իսկ երաժշտություն գրելը, եթե ընդհանրապես չֆինանսավորվի, կմեռնի: Նույն Շվեյցարիայում էլ կա ստեղծագործական միություն, երաժիշտների միություն, հեղինակային իրավունքների միություն, նույնիսկ ԱՄՆ-ում նման միություններ կան: Հայաստանում անհրաժեշտ է Կոմպոզիտորների միության գոյությունը: Ո՞նց կարող է Երվանդ Երկանյանի սիմֆոնիան կախված լինել ինչ-որ օլիգարխի գողացված գումարներից, մինչդեռ Հայաստանի կոմպոզիտորների միությունը կարող է միջանկյալ մի կազմակերպություն լինել, որ ֆինանսական բնույթի հարցեր լուծվեն…Սխալ է ժխտել այն ամենը, ինչը Սովետական Միությունից է գալիս: Կարճամտություն է քանդել հինը` առանց այլընտրանքը ստեղծելու: Ես ոչ թե գովերգում եմ Կոմպոզիտորների միությունը որպես այդպիսին, այլ շեշտում եմ, որ դրա այլընտրանքը դեռ չկա, այ երբ կլինի, միությունն էլ ինքնըստինքյան կվերանա, կլուծարվի»:
Կոմպոզիտորից հարցրինք, թե Շվեյցարիայում Հանրային հեռուստատեսությունը ինչ պարբերականությամբ է անդրադառնում դասական, ժամանակակից երաժշտությանը եւ կոմպոզիտորներին: «Դասական երժշտությունը, որպես այդպիսին, բաժանվել է երկու մասի, այն, որ ստեղծվել է 20-րդ դարում եւ 20-րդ դարից հետո, այն, որ ստեղծվել է 20-րդ դարից առաջ: 20-րդ դարից առաջ ստեղծված երաժշտությանը, բնականաբար, անդրադառնում են: Այսօր ստեղծվածը շատ քիչ է լուսաբանվում հեռուստատեսությունում, բայց շատ է լուսաբանվում ռադիոյում: Իրենք ունեն 3 հանրային ռադիոալիք»,-ասաց մեր զրուցակիցը:

Դավիթ Հալաջյանը պատմեց, որ նաեւ դասավանդում է շաբաթը երեք օր, սակայն իր գործունեության ամենակարեւոր մասը ստեղծագործությունն է, ունի պատվերներ, օրինակ, տրիոյի պատվերը, նաեւ վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործության պատվեր է ստացել: Կոմպոզիտորը ասում է, որ ի տարբերություն Հայաստանի, որտեղ մարդիկ ճանաչում են արժեք ստեղծողներին, մեծարում, Շվեյցարիայում, իր խոսքերով, հաճախ աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում. «Ես ժամանակին դասավանդում էի Ցյուրիխին մոտ գտնվող մի փոքր գյուղում, որտեղ ապրում էր բժշկության ոլորտի Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոլֆ Ցինկերնագելը, զարմանալին այն էր, որ ոչ ոք չգիտեր, որ նա այդտեղ է ապրում»:

Դավիթ Հալաջյանի հետ խոսեցինք նաեւ իր ղեկավարած երգչախմբից, ասաց, որ հունիսին շատ հետաքրքիր համերգ են ունեցել Բադեն քաղաքում: Այնտեղ հիմնականում երգում են համալսարանի դասախոսներ: Կոմպոզիտորը նշեց, որ 3 համերգներին էլ սրահը լեփ-լեցուն է եղել, համերգի ծրագրում եղել է Կոմիտաս, Մաշտոցի շարականներ, ժողովրդական երգեր, Տիգրան Մանսուրյան, Երվանդ Երկանյան, Արթուր Ահարոնյան: «Մարդիկ կայնին, որ երեք համերգին էլ ներկա էին, ունկնդիրները հիմնականում շվեյցարացիներ էին, ռուսներ էլ կային: Համերգը նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրամյակին: Իմ կարծիքով՝ օտարերկրացիներին գրավում է մեր երաժշտության յուրահատկությունը, ոգին: Ի դեպ, անցյալ տարի իմ ղեկավարած երգչախմբով Հայաստան էի եկել: Ես շատ տպավորվել էի հետեւյալով` իրենք նայում էին Սյունիքի բնությանը եւ արտասվում էին հուզմունքից: Ինչ-որ ներքին ուժ կա, որի հանդեպ պետք է զգույշ լինենք, չպետք է ռեստորանային ծառայություններով, գաստրոնոմիական տուրիզմով մեր յուրահատկությունը կորցնենք»,-համոզված է կոմպոզիտորը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

19.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031