Լրահոս
Օրվա լրահոսը

Երախտագիտության համերգ՝ հայրենյաց պաշտպանին

Հուլիս 20,2018 12:30

Հուլիսի 17- ին «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինհաշմանդամներին» բարեգործական հ/կ-ի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հանգստի սրահում կենտրոնում բուժվողների եւ բուժանձնակազմի համար տրվեց ինքնատիպ բարեգործական համերգ: Նախաձեռնությունը ԵՊՀ Մշակույթի կենտրոնի խմբավար Նորայր Շահբազյանինն էր, որին ընդառաջել էին Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը եւ մենեջեր Լիլիթ Նալբանդյանը: Եռամաս ծրագիրը թիրախավորել էր երաժշտական տարբեր նախասիրություններ ունեցող ունկնդրին: Համերգի մասում հնչեցին եվրոպական միջնադարյան, բարոկո ոճում ստեղծագործած դասական կոմպոզիտորների (Դ. Ագուադո, Մ. Ջուլիանի, Ֆ. Սոր, Մ. Կարկասսի) գողտրիկ, գործիքային ստեղծագործություններ, երկրորդ մասում հնչեցին հայկական ժողովրդական եւ ժամանակակից կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ, իսկ համերգի երրորդ բաժնում ելույթ ունեցավ պոետ-երգահան, «Բարդ» ոճի երիտասարդ, տաղանդավոր ներկայացուցիչ Վարդան Գալստյանը: Նրա բարձրաճաշակ հուզիչ պոեզիան, կիթառի մեղմ նվագակցությամբ, գերեց ունկնդրին:


Ծրագրված քառասուն րոպեանոց համերգը, հանդիսատեսի ծափերով, ձգվեց մոտ ժամ ու կես: Նորայր Շահբազյանի նախաձեռնությամբ նմանատիպ համերգ ԵՊՀ Մշակույթի կենտրոնը կազմակերպել էր 2016թ. ապրիլի 22-ին, Կենտրոնական զինվորական հոսպիտալի տարածքում: «Քառօրյայի» վերքերը դեռեւս չէին սպիացել եւ ունկնդիրներից շատերն էին վիրակապերով, հաշմանդամի սայլակի վրա: Բազմամյա համերգային կենսագրություն ունեցող երաժիշտ-մանկավարժ Նորայր Շահբազյանի պնդմամբ, նմանատիպ համերգի մթնոլորտը, ծափերը ոչնչի հետ չես համեմատի: «Գեհենի» միջով անցած հերոս տղերքին գեղագիտական հաճույք պատճառելը վեր է ամեն պարգեւից… Շահբազյանի ղեկավարությամբ, «Նորայր եւ ընկերներ» երաժշտախմբի կազմում, Վերականգնողական կենտրոնի համերգին մասնակցեցին երաժիշտներ Արմինե Պետրոսյանը, Ժիրայր Պետրոսյանը եւ Վարդան Գալստյանը: Կենտրոնում բուժվողների եւ ղեկավարության ցանկությանը գոհունակությամբ ընդառաջելով, երաժիշտները խոստացան կրկին այցելել ու անպայման համերգային նորացված ծրագրով, նաեւ խնդրեցին իրենց երախտիքի խոսքեր չասել, քանի որ ինչպես ողջ հայ ազգը, այնպես էլ իրենք` երաժիշտներն են անսահման երախտապարտ Հերոս հայ զինվորին:

ԱՆԱՀԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ»

19.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031